ՀՀ Փաստաբանների Պալատ

Փաստաբանները սպասում են

07.10.2012 05:38

Փաստաբանները սպասում են

 

ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման փաստերը համակարգող փաստաբանական հանձնախումբը սպասում է հետագա զարգացումներին: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց հանձնախմբի անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը, իշխանությունները հավաստիացրել են, որ դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրով նախատեսված օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև կադրային փոփոխությունները կշտկեն իրավիճակը: Նա միաժամանակ տեսակետ հայտնեց, որ խնդիրը ոչ թե օրենքների, այլ դրանք կիրառելու մեջ է, խնդիրն անձերն ու երկակի ստանդարտներն են: Իշխանությունը փաստաբաններին հավաստիացրել է, որ խնդրահարույց բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները հաշվի կառնվեն:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ փաստաբանները ստեղծել էին հանձնախումբ, որն ի մի էր բերել Վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման, խախտումների վրա «աչք փակելու» դեպքերը, փաստաբաններն անգամ դիմել էին բողոքի ակցիայի՝ դատադուլի, և խոստացել առկա խնդիրները չլուծվելու դեպքում դիմել բողոքի ակցիայի՝ արդեն երկակի ստանդարտներից տուժած վստահորդների մասնակցությամբ:

Փաստաբանը նշեց, որ դեռևս Վճռաբեկ դատարանի մարտավարությունում որևէ փոփոխություն տեսանելի չէ: «Մեր ակցիայից հետո մի քանի բողոք ներկայացրել ենք, խնդիրն այն չէ, որ վերադարձնում են, թող վերադարձնեն այն հիմքով, որ մեզ մոտ կասկած չառաջանա օբյեկտիվության վերաբերյալ»,- ասաց փաստաբանը՝ համեմատության համար նկատելով, որ վերջերս երկու դիմում է ներկայացրել ՍԴ, որից մեկը վերադարձվել է, սակայն ՍԴ-ի դեպքում իր մոտ երբեք կասկած չի առաջանում:

Գ. Գյոզալյանը մեծ հույսեր չի կապում, որ Վճռաբեկ դատարանի դատավորները կբարեփոխվեն, և «մենք շատ ավելի հետաքրքիր Վճռաբեկ դատարան ունենանք», որը կգործի իր սահմանադրաիրավական կարգավիճակին համապատասխան: «Իրենց պետք է մի ուժ, որը պարտադրի, որ փոխվեն՝ դա նախագահն է»,- ասաց փաստաբանը:

Իսկ նախագահական նստավայրից եկող ազդակներն, ըստ փաստաբանի, հուսադրող են: Փաստաբանը լավատես է և կարծում է , որ «սա այն դեպքերից չէ, երբ խոսքից գործի չեն անցնում»:

Գ. Գյոզալյանը հիշեցրեց, որ ակցիայից հետո փաստաբանների բողոքի ձայնը լսելի դարձավ իշխանության վերին մարմիններում, մասնավորապես՝ նախագահական նստավայրում: Երկրի ղեկավարը հրավիրեց խորհրդակցություն, որին առաջին անգամ այդ ֆորմատով մասնակցեց Փաստաբանների պալատի նախագահը: Այդ ժամանակ էր, որ Պալատի նախագահը ներկայացրեց փաստաբանների դժգոհությունները, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանից, որը ստորադաս դատարանների կողմից թույլ տրված խախտումները շտկելու ունակ վերջին դատական օղակն է: Հանդիպումներ եղան նաև փաստաբանական հիշյալ հանձնախմբի անդամների հետ՝ տարբեր ֆորմատներով:

Ի լրումն այդ ամենի՝ փաստաբանները ներկայացրեցին տեղեկանք այն գործերի վերաբերյալ, որտեղ Վճռաբեկ դատարանը երկակի ստանդարտներ էր կիրառել:

«Մենք դա ներկայացրեցինք վերջերս՝ սեպտեմբերի վերջերին, և նորից նախագահը հրավիրեց խորհրդակցություն», որի ընթացքում երկրի ղեկավարը հարց բարձրացրեց, թե ինչ է արել Վճռաբեկ դատարանը փաստաբանների առաջարկների առնչությամբ:

Ըստ Գ. Գյոզալյանի, խնդիրների շուրջ տեղի ունեցած որոշակի քննարկումները ՓՊ նախագահը ընդհանուր առմամբ գոհացուցիչ է համարել:

Հեղինակ:  

«Փաստինֆո»

 Աղբյուրը՝ http://www.pastinfo.am



Բեռնել

Վերադառնալ