ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
18.07.2024 14:302024 թվականի հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը ներկա են գտնվել «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի մեկնարկը ազդարարող հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել Եվրոպական միության, ՄԱԿ-ի գործակալությունների և Հայաստանի Հանրապետության պետական թիրախային գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ և այլ գործընկերներ:
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հանդես է եկել ելույթով, որում առանձնակի կարևորել է ծրագրի նպատակները՝ ընդգծելով մասնավորապես Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված ջանքերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև քաղաքացիներին որակյալ անվճար իրավաբանական օգնության տրամադրման մեխանիզմների ու կարողությունների զարգացումը:
Իր ելույթում ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված ձեռքբերումները, Սիմոն Բաբայանը նաև մատնանշել է այն մարտահրավերները, որոնք դեռևս համատեղ աշխատանք են պահանջում, որպես այդպիսին նշելով նաև, իրավաբանական օգնության ոլորտում նախատեսվող հարկային նոր քաղաքականությունը, որը հանգեցնելու է իրավաբանական օգնության մատչելիության սահմանափակման:
Նշենք, որ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կատարելագործել Փաստաբանների պալատի ինստիտուցիոնալ և ռազմավարական հաղորդակցության կարողությունները, նպաստել միջազգային համագործակցության և կապերի ընդլայնմանը, Հանրային պաշտպանի գրասենյակի կառավարաման և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, մասնագետների գիտելիքների շարունակական զարգացմանը՝ ապահովելով որակյալ իրավաբանական օգնության հասանելիությունը բոլորի համար:
Բեռնել
Վերադառնալ