ԵԽԽՎ-ն սահմանել է «քաղբանտարկյալ» տերմինը
04.10.2012 05:55ԵԽԽՎ-ն սահմանել է «քաղաքական բանտարկյալ» տերմինի բնորոշումը և Եվրոպայի Խորհրդի երկրներին խնդրում է այսուհետև իրավաբանական քննարկումների ընթացքում հաշվի առնել այն: «Քաղքական բանտարկյալ» տերմինը Եվրոպայի Խորհրդում մշակել են գլխավոր քարտուղարի անկախ փորձագետները, նշվում է գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրեսսերի զեկույցում, որը հայտնվել է РИА Новости-ի ձեռքի տակ: Զեկույցի հեղինակը նշում է, որ «անկախ փորձագետների առաջարկած ընդհանուր չափանիշները բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի հավանությանն են արժանացել:
«Քաղաքական բանտարկյալ պետք է համարել անձնական ազատությունից զրկված անձին, եթե ազատազրկումը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և կից արձանագրություններով երաշխավորված հիմնական իրավունքներից որևէ մեկի, մասնավորապես՝ մտածելու, խղճի և դավանանքի ազատության, կարծիք արտահայտելու և տեղեկատվություն հաղորդելու, ինչպես նաև հավաքների և միավորումների ազատության ոտնահարմամբ»,- ասված է զեկուցում:
Քաղբանտարկյալ է համարվում նաև անձնական ազատություից զրկված անձը, երբ «ազատազրկումը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, օրինախախտման հետ առանց որևէ առնչության»: Նման բանտարկյալներ են համարվում նաև այն անձինք, «որոնց կալանքի տևողությունը և պայմաններն ակնհայտորեն անհամաչափ են այն իրավախախտմանը, որով տվյալ անձը մեղավոր կամ կասկածյալ է ճանաչվել»: Բացի այդ, քաղաքական բանտարկյալ է համարվում նաև այն անձը, որն ազատությունից զրկվել է «այլ անձանց համեմատ՝ խտրական վերաբերմունքի հիման վրա»:
ԵԽԽՎ-ն պնդում է, որ «ահաբեկչական հանցագործությունների համար անձնական ազատությունից զրկված անձինք չեն համարվում քաղաքական բանտարկյալներ, եթե նման հանցագործությունների համար դատաքննությունը և դատավճռի արձակումը կայացել են ազգային օրենսդրությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիային համապատասխան»:
Վեհաժողովը Եվրոպայի Միության բոլոր պետությունների իրավասու մարմիններին առաջարկում է «վերը նշված չափանիշների կիրառմամբ վերանայել բոլոր այն գործերը, որտեղ, հնարավոր է, խոսքը վերաբերում է քաղաքական բանտարկյալներին, և կախված արդյունքներից՝ կամ ազատ արձակել նման կալանավորներին, կամ էլ կրկնակի դատաքննություն անցկացնել»:
Աղբյուրը՝ http://www.ilur.am
Բեռնել
Վերադառնալ