Չձայնագրվող դատական նիստերը պատուհաս են դառնում փաստաբանների համար
04.10.2012 05:46ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը մտահոգված է ՀՀ որոշ դատարաններում նիստերը չձայնագրելու հանգամանքով:
Նա պնդում է, որ այն դատարաններում, որտեղ դատական նիստերը չեն ձայնագրվում, փաստաբանական գործունեություն ծավալելու համար արհեստական խոչընդոտներ են ստեղծվում.
«ՀՀ այն դատարաններում, որտեղ դեռեւս դատական նիստերը չեն ձայնագրվում, ստիպված ենք դատարանի ուշադրությունը հրավիրել նույնիսկ մեր ունեցած դատավարական նվազագույն իրավունքների վրա, քանի որ տվյալ դատարաններում հաճախ ենք բախվում կիսատ-պռատ դատական նիստերի անցկացման հետ»:
Նա հիշում է, որ վերջերս Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտաշես Հովհաննիսյանի գլխավորած դատական նիստը սեփական իրավունքների պաշտպանության էր վերածվել:
«Նախնական նիստի ժամանակ ինքնաբացարկի միջնորդություն պիտի ներկայացնեի: Դատավորը դատական նիստը բացելուց անմիջապես հետո անցավ հայցի առարկայի ու հիմքի քննարկմանը՝ առանց խորանալու, որ գուցե որպես շահերի պաշտպան մինչ հայցի առարկային անցնելը՝ ես կարող եմ օգտվել միջնորդություն ներկայացնելու իմ իրավունքից: Համառությանս շնորհիվ միայն ինձ հաջողվեց դատավորին համոզել, որ ես ունեմ նման իրավունք, ընդ որում՝ նիստը ընթանում էր առանց ձայնագրման»:
Զրուցակիցս նույնատիպ խոչընդոտների է հանդիպել նաեւ Տավուշի եւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում:
«Մի խնդրի էլ բախվել եմ Կապան քաղաքում. դատավորն ուզում էր ինձ համոզել, որ ես հայցի հիմքում կարող եմ միայն մի օրենք վկայակոչել: Հակադարձեցի, որ օրենքով կարող եմ անսահմանափակ թվով օրենքներ վկայակոչել: Դատական նիստը վիճաբանության էր վերածվում: Ստացվում է՝ գնում ենք դատարան ու հայտնվում «մենամարտ առանց կանոնների» իրավիճակում, երբ դատավորը, օգտվելով ձայնագրման բացակայությունից, բարձրացնում է ձայնը, փորձում խեղճացնել քեզ, ու եթե չհամառես, իրավունքներդ ոտնատակ կտան»:
Նա ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ դատական նիստերի ժամանակ ձայնագրում չլինելը ոչ միայն լրացուցիչ լարվածություն է ստեղծում փաստաբանի համար, այլեւ պարարտ հող է նախապատրաստում հետագա խախտումների համար:
«Եթե դատական նիստերը չեն ձայնագրվում, դատավորները որոշակիորեն օգտվում են այդ իրավիճակից, արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծում, բացի դրանից՝ արձանագրություներն իրենց ձեռքի տակ են, իրենք ինչպես ուզում՝ արձանագրում են, կարող են արձանագրել նույնիսկ այնպիսի բաներ, որոնք չեն էլ ասվել: Արդյունքում՝ փաստաբանն իր գործը անելուց զատ՝ պետք է նաեւ սեփական իրավունքների պաշտպանության համար պայքարի: Ապացուցումը թողած՝ պետք է այդ ընթացակարգային հարցերին ուշադրություն դարձնի, ինչը ավելորդ ծանրաբեռնվածություն է»,- ասում է Ալեքսանդր Ծատինյանը:
Իրավիճակը շտկելու եւ ոլորտում դրական տեղաշարժեր արձանագրելու համար էլ փաստաբանը ցանկանում է, որ ՀՀ կառավարությունը ուշադրություն դարձնի գոյացած խնդրին ու նրա հետեւանքներին:
«Իմ կարծիքով՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այս խնդիրներին, քանի որ դատական նիստը չձայնագրելը չպետք է խոչընդոտ հանդիսանա փաստաբանական գործունեության համար, ինչը բխում է նաեւ արդյունավետ արդարադատություն իրականացնելու շահերից: Եթե անգամ հնարավոր չէ ՀՀ բոլոր դատարանները զինել ձայնագրող տեխնիկայով, ապա գոնե պետք է ուշադրություն դարձվի դատավորների պահելաձեւին, հակառակ դեպքում մենք գործ ունենք ոչ թե դատարանի կամ դատավորի հետ, այլ, կոպիտ ասած, մի անձի հետ, ով իր ցուցաբերած սուբյեկտիվ մոտեցմամբ կարող է ոտնահարել փաստաբանի իրավունքները, փաստաբանի վրա զայրանալ, ձայն բարձրացնել՝ դառնալով լարվածության աղբյուր ու մոռանալով իր՝ դատավոր լինելու մասին»:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ
Բեռնել
Վերադառնալ