ՀՀ Փաստաբանների Պալատ

Սերժ Սարգսյան. Դատարաններում գործերը չպետք է որակի հաշվին արագ քննվեն եւ հապճեպ որոշումներ կայացվեն

29.09.2012 11:32

 

Սկզբնաղբյուր՝ http://news.am/arm/news/122836.html

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 28-ին ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ դատարանների ծանրաբեռնվածության եւ ողջամիտ ժամկետում գործերի քննության խնդիրները:

Նշված խնդիրների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Հանրապետության նախագահը հանձնարարել է զեկույցներում ներկայացված առաջարկները լրացուցիչ քննարկման առարկա դարձնել եւ նախապատրաստել անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են առաջին ատյանի դատարաններում գործերի` ողջամիտ ժամկետում քննությանը խոչընդոտող մի շարք պատճառներ, ինչպիսիք են մասնավորապես դատարանների ոչ համաչափ ծանրաբեռնվածությունը` կապված տարածքային ընդդատության հետ, ինչպես նաեւ նույն դատարանի դատավորների միջեւ գործերի ոչ համաչափ բաշխվածությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնակի ուշադրություն է դարձրել նախորդ խորհրդակցությունների ընթացքում բարձրացված խնդիրների լուծման կապակցությամբ տրված հանձնարարականների կատարմանը եւ դատարանների բնականոն գործունեության ապահովման առումով դրանց կարեւորությանը:

«Մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել ասելու, որ դատարանների բնականոն գործունեությանը վերաբերող ցանկացած խնդիր պահանջում է լրջագույն վերաբերմունք: Նման հարցերին վերապահումներով մոտեցումները պարզապես անթույլատրելի են եւ աններելի: Արդարադատության համակարգի արդյունավետությունը չի կարող եւ չպետք է կախված լինի կոնկրետ անձանցից կամ այդ անձանց թերի ու անբարեխիղճ աշխատանքից:

Մենք ունենք հստակ ուղենիշ` իրավունքի գերակայության եւ արդարության արմատավորում մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Վստահ եմ, որ այս ճանապարհին եղած յուրաքանչյուր խոչընդոտ հաղթահարելու ենք, եւ որեւէ անտարբերություն կամ ձախողման արդարացում չենք ընդունելու:

Ժամանակն է վերջնականապես հասկանալու, որ այս գործընթացը հետադարձ չունի, եւ դրան պետք է միայն համընթաց գնալ: Ավելի պարզ ասեմ. ովքեր համընթաց չգնացին, նրանք ապագա չունեն:

Դատարանների ծանրաբեռնվածության եւ գործերի արագ քննության հարցին մենք անդրադառնում ենք երկրորդ անգամ: Այս հարցին անդրադարձել ենք մեկ տարի առաջ, եւ այդ ժամանակ բացահայտվել էին այս առումով դատական համակարգում առկա թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ խնդիրներն ու տրվել էին դրանք վերացնելուն ուղղված հստակ հանձնարարականներ»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ դատարաններում գործերը չպետք է որակի հաշվին արագ քննվեն եւ հապճեպ որոշումներ կայացվեն, բայց արհեստական ձգձգումներն ուղղակի անթույլատրելի են:

Խորհրդակցության արդյունքում արձանագրվել է, որ գործերի ողջամիտ ժամկետում քննությանը խոչընդոտող սուբյեկտիվ բնույթ ունեցող պատճառներն ամբողջությամբ չեն վերացվել, եւ դրանք շարունակում են բացասական ազդեցություն թողնել դատավորների ծանրաբեռնվածության վրա:

Ինչ վերաբերում է օբյեկտիվ խնդիրներին, նախագահը հանձնարարել է կատարել օրենսդրական փոփոխություններ եւ մի շարք դատարաններում դատավորների ծանրաբեռնվածության վիճակագրական տվյալների ամփոփման արդյունքներից ելնելով՝ ավելացնել դատավորների քանակը: Պատասխանատու կառույցների ղեկավարներին հանձնարարվել է առավելագույն սեղմ ժամկետներում նաեւ օրենսդրական բնույթի այլ միջոցներ ձեռնարկել դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:



Բեռնել

Վերադառնալ