ՀՀ Փաստաբանների Պալատ

Իրավական հավկուրություն, թե խամաճիկների թատրոն

28.09.2012 09:28

Սկզբնաղբյու՝ http://hetq.am/arm/opinion/18698/iravakan-havkurutyun-te-khamatchikneri-tatron.html

Ամեն անգամ,  երբ ուզում եմ ինչ-որ բան գրել դատարան-դատախազություն «ոխերիմ բարեկամների» փոխհարաբերությունների մասին, ինձ հարց եմ տալիս` ինչն է փոխվելու իմ կամ մյուսի գրելուց կամ չգրելուց: Ցավոտ հարց է: Այդպես մտածում ես քաղցկեղով հիվանդ հարազատի մասին, որին այլևս ոչինչ չի օգնում, չնայած որ դու անում ես ամեն հնարավորը գոնե նրա կյանքը մեկ-երկու օրով երկարացնելու համար: Բայց չէ որ մեր պետությունը հիվանդ չէ, էն էլ քաղցկեղով, չէ որ մենք իբր թե իրավական պետություն, քաղաքացիական հասարակություն ենք կառուցում:  Իբր թե… :

Եվրոպական արժեքներից ինտեգրում ենք միայն խարամը`ոսկին վանելով մեզանից հեռու,  և այսպես անկման աստիճաններով գլորվում ենք չգիտեմ, թե ուր: Հասել ենք այնտեղ,  որ «Պետական կարիքների զոհեր» հ/կ է ստեղծվել, որի անհրաժեշտությունն, իրոք, կա: Չէ որ պետության կարիքների համար մատաղացու գառներ են հարկավոր, որոնց զոհաբերելով` մի խումբ պետական պաշտոնյաներ արտասահմանյան բանկերում սառեցրած գումարներ կունենան, նրանց երեխաները կրթություն կստանան եվրոպաներում, սիրուհիները ճարպկորեն ձեռք կբերեն անշարժ և շարժական գույք, իսկ խեղճ գառների գլխին կարմիր բանտ /ժապավեն/  կկապեն, որը ծիսական արարողակարգի հետ ոչ մի կապ չի ունենա, այլ  որպես հույսի նշան, իբր թե այսօր -վաղը կունենաս քո տունը, կամ նյութական ու բարոյական վնասի հատուցում կստանաս, և կամ անմեղ դատապարտվածը կհայտնվի ազատության մեջ: Դատարկ խոսքեր, սին հույսեր: Քանի քանիսն այդպես  հուսահատվել ու հեռացել են երկրից: Քանի քանիսն են եկել երկիր, որ ինչ-որ գործ անեն, շենացնեն Հայաստանը, ապրեն հայրենիքում, բայց չէ…հեռացել են:

Այս էլ քանի տարի իբր դատաիրավական բարեփոխումներ ենք իրականացնում: Միևնույնն է, ոչինչ չի ստացվում.  այդ համակարգում աշխատում են մարդիկ, որոնց նախաճաշը բաղկացած է  քծնանքից և ծուռ ողնաշարից, ճաշը`իրավական անգրագիտությունից, իսկ ընթրիքը` փողի հանդեպ ունեցած մոլուցքից: Իհարկե, բոլորը չէ, որ այդ ճաշացանկով են սնվում: Կան նաև շատ արժանավորներ, որոնց ներկայությունը, մասնագիտական գիտելիքների կարողությունը, մարդկային հատկանիշները ոգևորում են քեզ, և թվում է թե ուր որ է այդ համակարգը կկայանա, բայց չէ…այս վերջիններն էլ նրանց նման ինքնուրույն քայլել չեն կարող: Շնչելու և արտաշնչելու համար անգամ նրանք սպասում են վերևների «դաբրոյին», ինչպես խամաճիկների թատրոնում տիկնիկն է «սպասում» իրեն խաղացնող դերասանին:

Այս է մեր դատաիրավական համակարգը: Այստեղ մարդկանց արդար պահանջները բախվում են համակարգի սառը պատերին ու փշրվում: Այդ պահանջների մեջ որդեկորույս մայրերի անափ վիշտ կա, խարդախների զոհերի անզորություն, նորանշանակ սպային քավության նոխազ չդարձնելու արդար պահանջ, հազարավոր մարդկանց իրավունքների ոտնահարում:

Թե լրագրողական, թե փաստաբանական  պրակտիկայում բացառիկ դեպքերի եմ հանդիպել, երբ դատարանը  ասենք, օրինակ, քննիչից պահանջում է ներկայացնել կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հիմնավոր ապացույցներ: Այս կապակցությամբ Եվրոպական դատարանը «Մանսուրն ընդդեմ Թուրքիայի գործով»  08.06.1995 թվականի վճռում  նշել է, որ

«Ազգային դատարանը բազմիցս հաստատել է կալանքիտակ պահելու ժամկետի երկարացումը, անփոփոխ օգտագործելով նույնանման ձևակերպումները,հաճախ առանց գործի հետագա որևէ ուսումնասիրության: Դատավորն ինքնաբերաբար հաստատել էիրավապահ մարմինների միջնորդությունները` չկատարելով ինքնուրույն բծախնդիր աշխատանք»:

Հայաստանում գրեթե ամեն օր դատավորները հաստատում են իրավապահ մարմինների միջնորդությունները` խախտելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջները, որոնց մասին բարձրաձայնում են քաղաքացիները, փաստաբանները, բայց սայլը տեղից չի շարժվում:

Չեմ ուզում խոսքս ծարաբեռնել իրավական բառամթերքով և վերլուծություններով, պարզ ասեմ, որ յուրաքանչյուրս պետք է ձգտենք ինքնամաքրման, որպեսզի բարեփոխվի դատաիրավական համակարգը, որպեսզի ունենանք կանխատեսելի դատարաններ և քաղաքացիական արիություն դրսևորող դատավորներ, որոնք արդարացի դատական ակտ կայացնելիս վախ կամ  մտահոգություն չունենան, որ վաղը կամ մյուս օրը կդառնան գործազուրկ:

Անահիտ  Հովհաննիսյան
փաստաբան



Բեռնել

Վերադառնալ