Փաստաբանը դիմել է հանրապետության նախագահին
26.09.2012 12:36
Սկզբնաղբյուր՝ http://www.aravot.am/2012/09/26/113348/
Հայտնվել եմ այնպիսի իրավիճակում, որ այս պահին անհնարին է թվում շարունակելու փաստաբանի իմ գործունեությունը: ՀՀ դատարաններում այսօր տիրող անարդարությունն այն աստիճանի է հասել, որ քաղաքացիներին ծառայություններ մատուցելը դառնում է անարդյունավետ, իսկ շատ դատական ակտեր ուղղակի ակնհայտ անօրինական են, եւ այն կայացնող դատավորները բացահայտ եւ կոպտորեն ոտնահարում են օրենքները: Գտնում եմ, որ այս պահին ՀՀ դատական համակարգում ստեղծվել են այնպիսի նախադրյալներ, որ անհապաղ կոնկրետ քայլեր չձեռնարկվելու դեպքում այլեւս հնարավոր չի լինի Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնել:
Հարգելի նախագահ, շատ դատավորներ չեն պատկերացնում՝ ինչ է նշանակում արդարադատություն իրականացնել: Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ նրանցից շատերը բուհը ավարտելուց հետո այլեւս չեն կարդացել օրենքները: Ցավալին այն է, որ նման դատավորները հայտնվել են դատական վերին ատյաններում եւ իրենց կազմաքանդող գործունեությամբ ավելի շատ են վնասում համակարգին: Այսօր խոսել այն մասին, որ քաղաքացու իրավունքները պաշտպանվում են ՀՀ դատարաններում, ամենաիսկական երեսպաշտությունը կլինի:
Գտնում եմ, որ այս իրողությունը շատ լավ պատկերացնում են ՀՀ դատական վերին ատյաններում՝ ՀՀ վերաքննիչ եւ ՀՀ վճռաբեկ դատարաններում, սակայն իրավիճակը ոչ միայն չի փոխվում, այլեւ ավելի է վատթարանում: Իմ պարտք եմ համարում հրապարակավ դիմելու ձեզ, որպեսզի այսուհետ դատավորների հանրությունը գիտենա, որ իրենց ամեն մի ակնհայտ անհիմն դատական ակտ կարող է հրապարակայնացվել եւ այն կայացնող դատավորների լիազորությունները ոչ միայն կարող են դադարեցվել, այլեւ նրանք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե ակտը կայացրել են շահադիտական կամ անձնական այլ դրդումներով:
Փաստը, որ ցանկանում եմ նշել, բավականին պարզ դեպք է: Քաղաքացին դիմել է դատարան, որ հաստատվի ժառանգության ընդունման փաստը: Այս գործերով պատասխանող կողմ չի լինում, եւ դատավորը պետք է ուղղակի ստուգի փաստերը եւ ճանաչի քաղաքացու իրավունքը: Բացի գրավոր ապացույցներից, նաեւ վկաներ էին կանչվել դատարան: Դատավորը գտավ, որ վկաներին հարցաքննելու կարիք չկա եւ ավարտեց գործի քննությունը: Հետագայում պարզվեց, որ դատավորը դիմումը մերժել է այն հիմնավորմամբ, որ թույլատրելի ապացույցներ չեն ներկայացվել: Վճիռը ընդհանրապես պատճառաբանված չէր: Հավանաբար վճիռը գրել էր դատավորի օգնականը, ով չգիտեր, որ դատավորը գտել էր, որ այլ ապացույցներ ներկայացնելու կարիքը չկա:
Դատական ակտը բողոքարկվեց եւ մանրամասն հիմնավորվեց, որ նախ՝ գործի ապացույցները թույլատրելի են, եւ բացի այդ, դատարանն ինքը ապացույցների կազմը բավարար համարելով՝ գտավ, որ այլ ապացույցներ ներկայացնելու կարիք չկա: Վերաքննիչ դատարանը թեեւ գտել էր, որ ապացույցները թույլատրելի են, սակայն, միեւնույն է, առանց որեւէ հիմնավորման՝ մերժել էր բողոքը: Վերաքննիչ դատարանը գոնե մեկ նախադասությամբ չէր հիմնավորել դատական ակտը:
Այսպիսով, առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Կուբանյանը,
կոպտորեն ոտնահարելով օրենքը, զրկել էր անձին դատարանում հանդես գալու իրավունքից, իսկ հետագայում այդ հանգամանքի վրա հիմնվելով՝ մերժել էր հայցը, իսկ վերաքննիչ դատարանը, առանց գեթ մեկ նախադասությամբ հիմնավորելու, հանգել էր հետեւության, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ է վարվել:
Վերաքննիչ դատարանի երեք դատավորները՝
Գ. Մատինյանը, Լ. Գրիգորյանը եւ Ա. Թումանյանը արհամարհելով թե օրենքը, թե քաղաքացու իրավունքները, ակնհայտ անհիմն դատական ակտ էին կայացրել:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ այս դատավորները կամ իրավական հիմնավորումներ ներկայացնելու եւ պատճառաբանված դատական ակտ կայացնելու տարրական կրթություն չունեն, կամ նրանք պարզապես արհամարհում են մարդու իրավունքներն ու օրենքի պահանջները, կամ ուղղակի ժամանակ չունեն հիմնավորումներ գրելու:
Նման գործելակերպը հանգեցնում է այն իրողությանը, որ քաղաքացու համար դատական պաշտպանությունից օգտվելը ձեւական գործընթաց է դառնում: Անկարեւոր է դարձել այն, թե անձը դատարանում ինչպես է իրականացնում իր իրավունքները, ինչպիսի հիմնավորումներ եւ առարկություններ է ներկայացնում, ինչ միջնորդություններ կամ հայտարարություններ է կատարում, ինչպիսի ապացույցներ է ներկայացնում, թե որքան օրինական է քաղաքացու պահանջը, կարեւորը այն է, թե դատավորը ինչ է ցանկանում կամ որքան է ցանկանում:
Մյուս կողմից՝ որքան էլ լավը լինեն առաջին ատյանի դատարանները, միեւնույն է՝ դատական ակտերը բողոքարկվելու դեպքում դրանք հայտնվում են վերաքննիչ դատարանում, եւ գործի վերջնական լուծումը թողնվում է վերաքննիչ դատարանի դատավորներին: Եթե վերաքննիչ դատարանը այսպես է աշխատում, նրանց կողմից արդարադատության իրականացման մասին խոսելը կոռեկտ չէ: Բացի այդ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հաստատում է վաղուց արդեն շրջագայվող այն լուրերը, թե ՀՀ վերաքննիչ դատարանը հենց այնպես դատական ակտը չի բեկանում, որպեսզի գալիք բողոք ներկայացնողները այս իրողությունը լավ հասկանան եւ համապատասխան հետեւություններ կատարեն:
Այս դատավորները ընդհանրապես չեն գիտակցում, որ դատարանը օժտված չէ անսահմանափակ լիազորություններով, որ դատարանը արդարադատություն իրականացնող մարմին է, որն էլ սահմանափակված է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, ավելին՝ այս առումով դատավորը ամենակաշկանդված պաշտոնյան է, որը անգամ ունենալով իր ներքին համոզմունքը եւ ներքին կարծիքը, միեւնույն է, չի կարող առաջնորդվել դրանցով, եթե օրենքով սահմանված ընթացակարգով գործի քննության ժամանակ դրանք չեն հաստատվում թույլատրելի, վերաբերելի եւ արժանահավատ ապացույցներով: Նրանք չեն գիտակցում, որ այս առումով դատարանը ընդհանրապես ազատություն չունի, ավելին՝ այս առումով դատավորը միայն պարտականություններ ունի, այն է՝ անվերապահորեն հետեւել, որ օրենքով սահմանված ընթացակարգերը չխախտվեն, որ բոլորը ունենան իրենց իրավունքները պաշտպանելու հավասար հնարավորություն եւ այլն:
Նշված գործով առաջին ատյանի դատարանի վճիռը եւ վերաքննիչ դատարանի որոշումը հարցականի տակ են դնում իրավական պետության գոյությունը, իսկ դատարանների կողմից նման խառնաշփոթ եւ կիսատ- պռատ արդարադատության իրականացումը փակուղի է տանում պետականության գաղափարն ընդհանրապես:
Եթե այս կերպ դատարանները սկսեն արդարադատություն իրականացնել, ապա դատավարության մասնակիցները կվերածվեն ձեւական կերպարների, ամեն բան կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպիսի դիրքորոշում ունի տվյալ հարցի վերաբերյալ դատավորը: Դատավորների կողմից նման ձեւով արդարադատության իրականացումը ոչ այլ ինչ է, քան դատական իշխանության յուրացում, որը ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով հանցագործություն է:
Մյուս կողմից՝ ամեն մի նման ակնհայտ անհիմն դատական ակտ կայացնող դատավորին պատասխանատվության ենթարկելը մնացած դատավորների համար զսպաշապիկի դեր կարող է ունենալ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ դադարեցնել դատավորներ Ա. Կուբանյանի, Գ. Մատինյանի, Լ. Գրիգորյանի եւ Ա. Թումանյանի լիազորությունները, եւ միջոցներ ձեռնարկել նրանց պատասխանատվության ենթարկելու համար:
ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Անցյալ շաբաթ փաստաբան Տիգրան Հայրապետյանը դիմել էր ՀՀ արդարադատության խորհրդին՝ դատավոր Գ. Կարախանյանի դեմ կարգապահական վարույթ իրականացնելու համար:
«Առավոտ» օրաթերթ
Բեռնել
Վերադառնալ