ՀՀ Փաստաբանների Պալատ

«Դատավորներին գցել ենք էլ ավելի ստրկացուցիչ պայմանների մեջ»

17.09.2012 14:01

 Սկզբնաղբյուր՝ http://legalportal.am/cat/viewnews/907


 

Հայաստանում քրեական դատավարությունը մրցակցային է, սակայն դատարանները մրցակցությունը ճիշտ չեն ընկալել ու կիրառում: «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ է հայտնել փաստաբան Հայկ Ալումյանը:

«Մենք՝ պաշտպաններս, մրցում ենք դատարանների, դատավորների ու դատախազների դեմ: Հետո էլ դատարանը՝ որպես մեր մրցակից, մի դատական ակտ է կայացնում ու որոշում, թե մեզանից ով հաղթեց»,- ասաց նա: Եզակի բացառություններով՝ դատավորներն, ըստ նրա, «թեքված են դատախազության կողմը»:

Հայկ Ալումյանն ընդգծեց՝ այսօր դատական համակարգն անկախացնելու կարգախոսի ներքո՝ հասկացությունները նենգափոխելով, «դատավորներին գցել ենք էլ ավելի ստրկացուցիչ պայմանների մեջ»:

Ըստ փաստաբանի, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր դատարաններն աշխատում են դատական ակտերը կայացնել դատախազության օգտին՝ այդ դեպքում, անգամ սխալվելու պարագայում, իրենք խնդիր չեն ունենա: Մինչդեռ հանկարծ ամբաստանյալի օգտին սխալվելու դեպքում դատավորը կարող է զրկվել ամեն ինչից, ինչպես պատահեց գրավի դիմաց անձին ազատ արձակած դատավոր Սամվել Մնացականյանի դեպքում՝ նրան ազատեցին պաշտոնից: Սակայն եթե դատավորը կալանավորումն ընտրելու որոշման մեջ գրում է, որ մեղադրյալը կատարել է, այլ ոչ թե մեղադրվում է այսինչ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ, ոչ ոքի մտքով չի անցնում դատավորին պատժել:

Դատախազության օգտին էր նաև դատավոր Լեռնիկ Աթանյանի սխալը՝ նա դատավճռում արձանագրել էր՝ ամբաստանյալի նկատմամբ բռնությունները կիրառվել են ճշմարտությունը պարզելու համար: Դատավորին այս դեպքում չպատժեցին, և պաշտպանական կողմի բողոքներն էլ մնացել էին անհետևանք:

«Սակայն երբ Եվրոպական դատարանում խայտառակվեցին, երբ Եվրոպայի բոլոր իրավաբաններն իմացան, որ դեռ կա մի երկիր, որտեղ միջնադարի իսպանական ինկվիզիցիայի բանաձևերը գործում են, դրանից հետո Լեռնիկ Աթանյանին պատժեցին նկատողությամբ՝ մեկ տարվա աշխատավարձից 25 տոկոս պահում կատարելով:

Ըստ Հայկ Ալումյանի՝ դատական համակարգի անկախությանը չի նպաստում նաև հայաստանյան դատական համակարգի բրգաձև կառուցվածքն իր ենթակայական կոշտ լծակներով:

Այդուհանդերձ, ըստ փաստաբանի, փաստաբանները պայքարում են, հասնում իրենց նպատակներին, այդ թվում՝ միջազգային ատյանների շնորհիվ:



Բեռնել

Վերադառնալ