Խոսքի ազատությունը միայն տուժել է
23.08.2012 12:04
Սկզբնաղբյուր՝ http://www.pastinfo.am/node/293
Զրպարտության ու վիրավորանքի հոդվածների ապաքրեականացումն ու քաղաքացիաիրավական դաշտ փոխադրելը հերթական անգամ չմտածված փոփոխություն էր, թույլ ու մակերեսային վերլուծությունների արդյունք: Փաստաբան Հայկ Ալումյանը «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց, թե «ակնհայտ է, որ գեղեցիկ գաղափարի քողի տակ հրամցված փոփոխությունից խոսքի ազատությունը միայն տուժեց»:
Փաստաբանը պարզաբանեց, որ եթե քրեական օրենսգրքի շրջանակներում վիրավորանքի կամ զրպարտության փաստը ապացուցելու բեռն ընկնում էր մեղադրող կողմի վրա, ապա նոր իրավակարգավորմամբ պատասխանող կողմն է պարտավոր ապացուցել, որ իր տարածած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը:
Նախկին իրավակարգավորմամբ, դիտավորությամբ ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու դեպքում կողմը կարող էր ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ անզգուշությամբ կամ անփութորեն սխալ տեղեկություններ տարածելու դեպքերի համար նախատեսված էին մեխանիզմներ քաղաքացիական օրենսգրքում:
Թեև նշվում է, որ հիշյալ երկու հոդվածի ապաքրեականացումը կատարվել է պաշտպանելու խոսքի ազատությունը, սակայն ըստ փաստաբանի, ակնհայտ է, որ «սանկցիաները դաժանացան»: Եթե զրպարտության համար նախկինում նախատեսվում էր տուգանք նվազագույն աշխատավարձի 100-500-պատիկի չափով, իսկ վիրավորանքի համար՝ նվազագույն աշխատավարձի 100-400-պատիկի չափով, ապա գործող իրավակարգավորմամբ, վիրավորանքի համար նախատեսվում է փոխհատուցում նվազագույն աշխատավարձի մինչև 1000-պատիկի չափով, իսկ զրպարտության համար՝ մինչև 2000-պատիկի չափով:
Փաստաբանն ընդգծեց նաև, որ նոր կարգավորումը թույլ է տալիս ամենաանբարեխիղճ մարդուն օգտվել օրենքի բացից՝ իր անունով որևէ գույք չունեցող մարդու միջոցով անընդհատ զրպարտող, արատավորող տեղեկություններ տարածել և ըստ էության պատասխանատվության չենթարկվել՝ որևէ գույք չունենալու պատճառով:
«Մասնավորապես, զրպարտությունը Ռուսաստանում հետդարձ է կատարել քրեաիրավական դաշտ, հնարավո՞ր է նման զարգացում նաև Հայաստանում» հարցին ի պատասխան, Հայկ Ալումյանը նշեց. «Հայաստանը, վախենում եմ, որ ավտոմատ կրկնի Ռուսաստանի քայլերը, էլի չմտածելով ինչու է անում»: Նա նախկին կարգավորումներին վերադարձի կողմնակից է՝ քրեաիրավական դաշտում թողնելով դիտավորյալ գործողությունները, իսկ քաղաքացիաիրավական դաշտում՝ անզգուշաբար սուտ տեղեկություններ տարածելու դեպքերը՝ վերանայելով «դաժան սանկցիաները»:
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս ստորագրել է համերկրային օրենք, որով փոփոխություններ են կատարվել ՌԴ Քրեական օրենսգրքում և այլ իրավական ակտերում:
Դրանք, մասնավորապես, սահմանում են քրեական պատասխանատվություն զրպարտության, այսինքն՝ այլ անձի պատիվն, արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկատվության տարածման համար: Առանձնակի պատասխանատվություն է սահմանվում նաև դատավորի, ատենակալի, դատախազի, քննիչի, հետաքննիչի, դատական կատարածուի հանդեպ զրպարտության համար:
Բեռնել
Վերադառնալ