ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
24.04.2024 17:542024 թվականի ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ է այցելել Փարիզի և Օ դը Սենի փաստաբանների միությունների պատվիրակությունը` Փարիզի փաստաբանների միության նախագահ Պիեղ Հոֆֆմանի, Օ դը Սենի փաստաբանների միության նախագահ Իզաբել Կլամե Դի Լամանի և փաստաբաններ Վենսան Նիողեի, Ֆաբիեն Առաքելյանի, Քրիսթիան Ֆեղալ֊Շուլի և Միշել Գիշաղի կազմով:
Հյուրերին ողջունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը: Նա բարձր է գնահատել Ֆրանսիայի փաստաբանների նվիրվածությունը ՀՀ փաստաբանների պալատին և իր խորին երախտագիտությունն է հայտնել գործընկերներին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը դարձյալ Հայաստանում գտնվելու համար:
Հյուրերին ողջունել է նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը: Նա ֆրանսիացի գործընկերներին շնորհակալություն է հայտնել տարիներ շարունակ ջերմ գործընկերային հարաբերությունները պահպանելու և զարգացնելու համար, ապա գործընկերների հետ շրջել է Փաստաբանական ակադեմիայում, ներկայացրել ուսումնական գործընթացները:
Այնուհետև ՀՀ ՓՊ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը միջազգային գործընկերներին ծանոթացրել է գրասենյակի աշխատանքային պայմաններին և գործառույթներին:
ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչները և Ֆրանսիայից ժամանած փաստաբանների պատվիրակությունը երկուստեք հիշատակելով օրվա խորհուրդը՝ կարևոր են համարել նաև այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հայ գործընկերների ուղեկցությամբ Ֆրանսիայի փաստաբաններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, այնուհետև այցելել նաև Հայոց ցեղասպանության թանգարան֊ինստիտուտ:
Բեռնել
Վերադառնալ