ՀՀ Փաստաբանների Պալատ

ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

24.04.2024 11:39

ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի´ հայրենակիցներ,

Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է:

Հայոց ցեղասպանության անհերքելի իրողությունն ընդունել են բազմաթիվ պետություններ և իրականության դեմ չմեղանչող այդ երկրներն աշխարհասփյուռ հայերի հետ այսօր դատապարտում են 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված 20-րդ դարի առաջին մեծագույն ոճրագործությունը` Հայոց ցեղասպանությունը:

Ժամանակակից Թուրքիան, ցավոք, այսօր շարունակելով նախնիների հանցավոր ուղին, ջանում է թաքցնել և խեղաթյուրել իրականությունը` դառնալով մեղսակից 109 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության:

Այսօր էլ թուրք-ադրբեջանական տանդեմը, խաղաղասիրության ու մարդասիրության կեղծ քողի ներքո, բայց և անթաքույց, փորձում է շարունակել նախնիների կիսատ թողած գործը:

Այսօր էլ վտանգի տակ է մեր սերունդների ապագան ու մեր hայրենիքի վերջին կտորը:

Այսօր էլ իրավունքի և ուժի հավասարության համատեքստում, իրավունքն ընկրկում է ուժի գերակայությանը` աշխարհաքաղաքական շահերի պայքարում, և իրավական հանրությունն ականատես է լինում, թե ինչպես է իրավունքի ուժը գործում ըստ պատեհության:

Այսօր էլ՝ օրը ցերեկով և աշխարհի աչքի առաջ, թուրքական պետություններն ամեն կերպ փորձում են վերացնել հայկական հետքը Արևմտյան Հայաստանից, Արցախից և փափագում են տիրանալ նաև մեր հայրենիքի վերջին բուռ հողին:

Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու:

Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ մենք պետք է ձգտենք կերտել արժանապատիվ խաղաղություն: Մենք պետք է անկոտրում լինենք և հզորանանք, չմոռանանք Սահմանադրությամբ ամրագրված մեր նախնիների պատգամը և պատմական փաստերով թշնամուն ստիպենք առերեսվել իրականության հետ:

Ունենալ արժանապատիվ խաղաղություն և հզոր հայրենիք, սա պիտի դառնա մեր հավատամքը:

 

Հարգանքով՝

Սիմոն Բաբայան 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ



Բեռնել

Վերադառնալ