ՀՀ Փաստաբանների Պալատ

Դատավորը պահանջեց հարգել օրենքը

22.08.2012 08:57


 Սկզբնաղբյուր՝  http://www.a1plus.am

 

 

Հայաստանի փաստաբանների պալատի կայք-էջում տեղադրվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը փաստաբան Գուրգեն Հարությունյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելուն պարտավորեցնելու մասին: Մայիսի 18-ին իր որոշմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը պահանջեց ոստիկանությունից ու դատախազությունից հարգել ու պահպանել օրենքի տառն ու գերակայությունը:

Հիշեցնենք, որ փաստաբան Գուրգեն Հարությունյանը դատարանում վիճարկում էր ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Ռ.Երիցյանի կողմից քրեական գործ հարուցելու որոշումը: Դատական այս գործը լայն հնչեղություն էր ստացել:

2012թ. ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննիչը ընդունում է քրեական գործ հարուցելու մասին որոշում և գործը վերցնում իր վարույթ: Քրեական գործի հարուցման որոշման եզրափակիչ մասում քննիչը նշել է. «...քրեական գործով մեղադրյալ Մ.Կ.-ի շահերի պաշտպան Գուրգեն Հարությունյանի դրդմամբ վկա Արամ Կիրակոսյանի և տուժող Գ.Վ.-ի կողմից դատաքննության ընթացքում ակնհայտ սուտ ցուցմունք տալու դեպքի առթիվ հարուցել քրեական գործ...»: Նշված ձևակերպմամբ որոշումը քննիչի կողմից բողոքարկվում է Լոռու մարզի դատախազին` պահանջելով վերացնել քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Դատախազությունը մերժում է փաստաբանի բողոքը` պատճառաբանելով, որ այն վերացնելու հիմքեր չկան, քանի որ քրեական գործ հարուցելուց հետո քննիչի կողմից կատարվել են քննչական գործողություններ:

Դատախազությունից մերժում ստանալուց հետո փաստաբան Գուրգեն Հարությունյանը բողոք է ներկայացնում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ «Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին» ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ, ոստիկանության լեյտենանտ Ռ.Երիցյանի 2012թ. ապրիլի 25-ի և Լոռու մարզի դատախազության դատախազ Ս.Խաչատրյանի 2012թ. ապրիլի 29-ի «Բողոքը մերժելու մասին» որոշումներով՝ թույլ տրված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի կոպիտ խախտումները վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ:

Բողոքի քննության արդյունքում դատարանը հանգում է այն համոզման, որ քննիչի և դատախազի որոշումներով իսկապես խախտվել են փաստաբան Գուրգեն Հարությունյանի իրավունքները և օրինական շահերը: 
Իրավական վերլուծություններում դատարանը նախևառաջ քննարկման առարկա է դարձնում քրեական գործ հարուցելու մասին որոշումը դատական կարգով բողոքարկելու իրավաչափության հարցը: Քննարկման արդյունքում հանգում է այն դիրքորոշման, որ օրենսդրության պահպանմամբ ընդունված քրեական գործ հարուցելու մասին որոշումները չեն կարող վիճարկվել դատարանում, քանի որ դրանցով որևէ կերպ չի խախտվում անձանց իրավունքները և օրինական շահերը: Այս եզրահանգման հիմքում դատարանը վերլուծում է քրեական գործ հարուցելու օրենսդրական կարգավորումները, սահմանադրական դատարանի դիրքորոշումները, ինչպես նաև վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները:

Վերլուծության արդյունքում դատարանը փաստում է, որ քրեական գործը հարուցվում է քրեական օրենսգրքով չթույլատրված ենթադրաբար կատարված հանցակազմի հատկանիշներ պարունակող արարքների կապակցությամբ, այսինքն՝ փաստի առթիվ, և որևէ անձի համար այն չի կարող առաջացնել որևէ հետևանք:

Այնուհետև դատարանը քննության առարկա է դարձնում քրեական գործ հարուցելու մասին ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի կողմից ընդունված քրեական գործ հարուցելու մասին վիճարկվող որոշումը և հանգում այն դիրքորոշման, որ այն ընդունվել է օրենքի խախտմամբ, կարող էր խախտել անձանց օրինական շահերն ու իրավունքները, ուստի՝ այն ենթակա է դատական կարգով բողոքարկման: Դատարանը մասնավորապես նկատում է, որ վիճարկվող որոշման մեջ հանցակազմ պարունակող որոշակի փաստեր ուղղակիորեն վերագրվել են կոնկրետ անձի, իսկ այդ դեպքում ի հայտ են գալիս հանցագործության մեջ մեղադրվողի պաշտպանության և անմեղության կանխավարկածի վերաբերյալ մտահոգություններ:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ դատարանը, քրեական գործ հարուցելու մասին վիճարկվող որոշման մեջ նկատել է քննիչի կողմից արված այնպիսի հետևություններ, որոնք կասկածի տակ են դրել դատարանի կողմից ավելի վաղ կայացված արդարացման դատավճիռը, ինչն անթույլատրելի է:

Դատարանի որոշմամբ փաստվել է նաև, որ վիճարկվող որոշումն ընդունվել է օրենսդրության մի շարք այլ խախտումներով: 
Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ քննչական գործողություն կատարելիս կամ դատական քննության ընթացքում հանցագործության մասին արված բանավոր հաղորդումը մտցվում է համապատասխանաբար քննչական գործողության կամ դատական նիստի արձանագրության մեջ: Այլ դեպքում կազմվում է առանձին արձանագրություն: Այս դեպքում որևէ արձանագրություն չի կազմվել, անտեսվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերև շարադրված պահանջը:

Վիճարկվող որոշման նկարագրական մասում կատեգորիկ կարգով շարադրելով Գուրգեն Հարությունյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-338 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու մասին ձևակերպումը` քննիչի կողմից խախտվել է Սահմանադրության 21-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված անմեղության կանխավարկածը:
Այսպիսով, դատարանը գնահատելով գործի հանգամանքները, որոշել է` բավարարել Գուրգեն Հարությունյանի բողոքը, ինչով պահանջվել էր պարտավորեցնել քրեական վարույթն իրականացնող մարմնի և Լոռու մարզի դատախազության որոշումներով թույլ տրված իրավունքների, ազատությունների և օրինական շահերի խախտումները վերացնելուն:
Դատարանի որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել: Այն կարող է բողոքարկվել 10-օրյա ժամկետում։

Ենթադրվում է՝ դատախազությունն առանց վարանելու այն կբողոքարկի, սակայն հայցվոր կողմը հույս ունի, որ այս գործով արդարադատությունը կգրանցի վերջնական հաղթանակ:



Բեռնել

Վերադառնալ