ՀՀ Փաստաբանների Պալատ

Փաստաբանը պնդում է, որ քննիչն անօրինական քրեական հետապնդում է իրականացրել

22.08.2012 08:47

 

 Սկզբնաղբյուր՝ http://www.aravot.am/2012/08/09/98966/

 
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը պնդում է, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի քննիչ Կարեն Մոսինյանը իր նկատմամբ իրականացրել է անօրինական քրեական հետապնդում՝ այդկերպ նպատակ ունենալով խոչընդոտել իր փաստաբանական գործունեությանը:

«Հուլիսի 30-ին հեռախոսազանգով ինձ տեղեկացրեց, որ ինչ-որ մեկի կողմից ներկայացված դիմումի հիման վրա իմ վրա նյութեր կան: Պարզաբանումների համար ասաց, որ երբ գնամ ոստիկանության բաժին, կտեղեկացնի, թե ով է դիմում գրել»,-պատմում է Ծատինյանը:

Երբ փաստաբանը, հետաքրքրությունից դրդված, գնացել է ոստիկանության բաժին, պարզել է, որ դեռեւս նյութեր չկան:

«Քննիչն ասաց, որ ինքը հեռախոսազանգով դատախազությունից իմացել է, որ ինչ-որ մեկը դիմում է ներկայացրել իմ դեմ՝ վկայակոչելով Նոյեմբերյանի տարածաշրջանից մի գործ, որի վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ հաշտության համաձայնագրի վերաբերյալ»,- ասում է նա:

Ծատինյանը հնարավոր չի համարում տվյալ գործով քաղաքացու դիմում ներկայացնելու հանգամանքը՝ բացատրելով, որ եթե կողմը հաշտության համաձայնագիր է կնքում, ու դրանից հետո դիմում ոստիկանություն, ստացվում է, որ նա սուտ ցուցմունք է տալիս, քանի որ այդ կապակցությամբ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ. «Բացի այդ՝ տվյալ գործը, ըստ էության, գումարային գործ է, եւ հաշտության համաձայնագիրը միանշանակ կարգավորում է այդ հարցը: Եթե ինչ-որ վեճ էլ ծագեր, թեկուզ եւ քրեաիրավական, դա միայն կարող էր լինել մասնավոր բնույթի, ու դիմողի հաշտության դեպքում միանշանակ քրեական հետապնդում չի իրականացվում»:

Ծատինյանն այս ամենը բացատրել է քննիչին ու նրան ներկայացրել փաստաբանության գործունեության մասին օրենքից հատված, ըստ որի՝ քննիչը փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացնել՝ հույս ունենալով, որ Մոսինյանը իրեն այլեւս չի անհանգստացնի:

Սակայն դրանից հետո, փաստաբանի պատմելով, նույն գործողությունը կատարվել է արդեն իր վստահորդի նկատմամբ՝ արդեն մեկ այլ գործի շրջանակներում:

«Քննիչը իմ վստահորդին, ում գործի վերաբերյալ էլ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, անօրինական ձեւով՝ հեռախոսազանգով, կանչել է ոստիկանություն, սակայն, տեսնելով, որ վստահորդս ծանուցագիր է պահանջում, գնացել է նրա տուն, եւ անհիմն մեղադրել նրան վաշխառությամբ զբաղվելու մեջ»,- հավելում է փաստաբանը:

Փաստաբանի խոսքերով, երբ վստահորդը պահանջել է այդ կապակցությամբ ներկայացված դիմում, պարզվել է, որ նման դիմում գոյություն չունի:

Ինչպես նշում է Ալեքսանդր Ծատինյանը, քննիչը մի պահ հեռացել է իր վստահորդի տնից, ապա կրկին վերադարձել ու պահանջել է, որ վստահորդը բացատրություն տա. «Այդ ժամանակ վստահորդս զանգել է ինձ՝ որպես փաստաբանի, եւ Արթուր Սաքունցին: Քննիչը հեռացել է: Սակայն տեղեկացել եմ, որ այժմ էլ նույն տիպի անօրինական գործողություն է կատարվել նաեւ վստահորդիս հոր հետ. ցանկացել են անօրինական ձեւով ինչ-որ բացատրություն կորզել, որը ընդհանրապես ոչ մի իրավական հիմնավորում չունի»:

Փաստաբանի կարծիքով, քննիչ Մոսինյանի նման գործողությունները անձնավորված բնույթ են կրում եւ ունեն հաշվեհարդարի նշաններ՝ բայց թե որ գործով, դժվարանում է պատասխանել.

«Իմ կարծիքով՝ դա ինքնագլուխ գործողություն է, ես նման ոչ գրագետ գործողությունը ոստիկանության եւ դատախազության հետ չեմ կարող կապել: Երեւի իր ընկերների, գործընկերների կամ դասընկերների կողմից ինչ-որ վրեժխնդրություն կա, եւ ինքը ուզում է նման ձեւով հաշվեհարդար տեսնել, կամ էլ իր գործողություններում երեւի թերանում է, անօրինական գործողություններ է կատարում, եւ ես իմ գործունեությամբ խանգարում եմ իր անօրինական գործողությունների կատարմանը»:

Նա քննիչի գործողությունների դեմ բողոք է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ նախագահին, ինչպես նաեւ օժանդակություն է խնդրել ՀՀ փաստաբանների պալատից:

«Վստահորդս նույնպես հաղորդում է ներկայացրել ոստիկանություն»,- եզրափակում է փաստաբանը:

Պատրաստ ենք նաեւ լսելու քննիչ Կարեն Մոսինյանի դիրքորոշումը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ



Բեռնել

Վերադառնալ