ՓԱՍՏԱԲԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ
18.08.2012 13:41
«ՓԱՍՏԱԲԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ» ԳՈՐԾՈՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՆՏԵՍԵՑ ՕՐԵՆՔԸ, ԱՅԼԵՎ ՀԱԿԱՍԵՑ ԻՆՔՆ ԻՐԵՆ
Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերի 20-ին գազի ցուցմունքներ վերցնող ՀայՌուսԳազարդ ընկերության աշխատակցուհին երկու մյուս աշխատակիցների հետ, առանց զգուշացնելու, հանել էին փաստաբանին պատկանող բնակարանի գազի հաշվիչը, որի արդյունքում դադարեցվել էր բնակարանի գազամատակարարումը: Իմ նախաձեռնությամբ գործը տեղափոխվեց դատարան, ինչի արդյունքում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահող դատավոր Սիմիզար Հովսեփյան, 15.05.2012թ.-ի վճռով մասնակի բավարարվեց իմ հայցապահանջը՝ որոշելով բռնագանձել ՀայՌուսԳազարդ ՓԲԸ-ից հօգուտ ինձ 14 690 (տասնչորս հազար վեց հարյուր իննսուն) ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում, իսկ հայցապահանջը` գազամատակարարումը վերականգնելու, 6000 ՀՀ դրամ` որպես էլեկտրական տաքացուցչի ձեռք բերման գումարի, նոյեմբեր ամսվա 15-ից հետո հոսանքի դիմաց բնակարանի տաքացման հետևանքով ավել վճարված գումարի, ինչպես նաև դեկտեմբեր ամսից սկսած յուրաքանչյուր ամսվա համար բնակարանի համար ծախսված հոսանքի արժեքի գումարի` բացառությամբ այդ ծախսի 1/3-րդը, մինչև այդ բնակարանի գազամատակարարման վերականգնումը բռնագանձելու և դատական ծախսերը բռնագանձելու պահանջների վերաբերյալ` մերժել: Հիշեցնեմ նաև, որ մինչ օրս բնակարանի գազամատակարարումը վերականգնված չէ, անգամ անտեսվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող Հանձնաժողովի (պետական մարմին) որոշումը, որով պահանջվել էր վերականգնել իմ բնակարանի գազամատակարարումը:
Այս գործը մի քանի անգամ ներկայացվել է մամուլի հրապարակումներում, որտեղ ի ցույց է դրվել ինչպես ՀայՌուսԳազարդի ապօրինի գործելաոճը, այնպես էլ սույն գործը քննած առաջին ատյանի դատարանի ակնհայտ անհիմն գործողությունները: Իմ գործով (գործ թիվ ԵԱՔԴ/2225/02/11) Վերաքննիչ դատարանն ուներ հետևյալ կազմը՝ նախագահող դատավոր՝ Ամրահի Պետրոսյան, դատավորներ Կարեն Չիլինգարյան, Լևոն Գրիգորյան: Վերաքննիչ դատարանում այս գործով մեկ անգամ վճռի հրապարակում արդեն իսկ նշանակված էր, որը չգիտես ինչու (թեև կռահում եմ...), նորից վերսկսվեց: Վերաքննիչում գործի քննության սկզբնական ընթացքից հստակ կարելի էր եզրակացնել, որ վերաքննիչ բողոքը բավարարվելու էր, ինչի արդյունքում կամրագրվեր ՀայՌուսԳազարդի ապօրինի գործողությունները: Վերաքննիչի առաջին դատական նիստին՝ 28.06.2012թ.-ին, բոլոր երեք դատավորներն էլ, (այդ ժամանակ դատավորներից մեկը Ն. Բարսեղյանն էր, որին էլ հետագայում փոխարինեց դատավոր Լ. Գրիգորյանը) հատկապես նախագահող դատավոր Ամրահի Պետրոսյանը և դատավոր Կարեն Չիլինգարյանը, ՀայՌուսԳազարդի ներկայացուցչին միայն քննադատող հարցեր էին ուղղում, օրինակ «Դուք պատժիչ գործողություններ ե՞ք իրականացնում բաժանորդի նկատմամբ՝ մինչև հիմա չվերականգնելով բնակարանի գազամատակարարումը, կամ թե ո՞ւմ վերահսկողության տակ է գտնվում բնակարանից դուրս եկող գազամատակարարման խողովակները, գազահաշվիչը» և այլն: Ուղղակի հարցերի տարափ էր, որոնք միանշանակ տրամաբանական էին և ցույց էին տալիս ՀայՌուսԳազարդի ապօրինի գործելաոճը: Դե ինչ արած, Վերաքննիչն որոշեց շատ շուտ նշանակել վճռի հրապարակման օր՝ 04.07.2012թ., համոզված եմ՝ փորձելով արագ կերպով վերականգնել բաժանորդիս խախտված իրավունքները, սակայն արի ու տես վճռի հրապարակման օրը վերաքննիչը մտքափոխվեց, և որոշեց, որ իր համար չբացահայտված հարցեր են մնացել, հետևաբար գործը վերսկսվեց: Ահա և վերսկսումից հետո ամեն ինչ փոխվեց և վերաքննիչը 15.08.2012թ-ին իր հակիրճ որոշմամբ մերժեց վերաքննիչ բողոքը, որով ուղղակի ոչ միայն պաշտպանեց առաջին ատյանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի կայացված ակնհայտ անհիմն դատական ակտը, այլև գերազանցեց այդ դատական ակտին՝ իր որոշմամբ անտեսելով օրենքը, և հակասելով նույն Վերաքննիչ դատարանի կողմից կայացված 16.02.2012թ. թիվ ԵԿԴ /2589/02/10 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած որոշմանը: Ընդ որում, այդ որոշումը իմ կողմից վերաքննիչ բողոքում նույնպես նշվել էր: Այդ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Վերաքննիչ դատարանը արձանագրել էր, մեջբերում եմ՝ “….Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 559-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Էներգամատակարարման պայմանագրով պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պարտավորությունը խախտած կողմը պարտավոր է մյուս կողմին հատուցել պատճառված իրական վնասը (17 հոդվածի 2-րդ կետ)»: Այսինքն` օրենսդիրն էներգամատակարարման պայմանագրային իրավահարաբերություններում ևս քաղաքացիաիրավական պատասխանատվությունն ուղղակի կախման մեջ է դնում մեղքի առկայությունից: Այսինքն` քանի դեռ չի ապացուցվել կողմի մեղավոր գործողությունը (անգործությունը), նրա նկատմամբ էներգամատակարարման պայմանագրային իրավահարաբերություններում չի կարող առաջ գալ քաղաքացիաիրավական պատասխանատվություն:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 555-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ «Այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող քաղաքացին, էներգետիկ ցանցերի, ինչպես նաև էներգիայի օգտագործման հաշվիչ սարքերի պատշաճ տեխնիկական վիճակի և անվտանգության ապահովման պարտականությունը դրվում է էներգամատակարարող կազմակերպության վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով»: Փաստորեն, վերը ներկայացված իրավանորմերի ուժով` սույն քաղաքացիական վեճին լուծում տալու համար դեռևս բավարար չէ գազահաշվիչի շրջանցմամբ բնական գազը հայցվորի կողմից օգտագործված լինելու հանգամանքի հաստատված լինելը: Տվյալ դեպքում անհրաժեշտ է պարզել, թե հաշվիչ սարքի պատշաճ տեխնիկական վիճակի և անվտանգության ապահովման պարտականությունն արդյոք օրենսդրությամբ դրված է եղել հայցվորի վրա: Եվ բացի այդ, եթե նման պարտականություն օրենսդրորեն դրված է եղել հայցվորի վրա, ապա արդյոք հաշվիչի անսարքության մեջ առկա է եղել նրա մեղավորությունը: Նշվածի առումով Դատարանը քննություն չի իրականացրել, որի արդյունքում` կայացրել է չհիմնավորված դատական ակտ:”
Իսկ ահա իմ գործով Վերաքննիչը բոլորովին հակառակ դիրքորոշում ունի, ուղղակի բառեր չեմ գտնում նկարագրելու համար իմ գործով վերաքննիչի գործողությունները:
ՀայՌուսԳազարդ ընկերությունը բոլորիս քաջ հայտնի Ռուսական ընկերություն է, և ինչ է ստացվում, որ մեր իրավասու մարմինները թեև շատ դեպքերում կարողանում են մեր պետական մարմինների գործողությունները վերահսկել, սաստել, սակայն ոչ ռուսական խոշոր ընկերությունների: ՀայՌուսԳազարդը այն ընկերություններից է, որը կարողանում է իրեն դրսևորել այնպես, ինչպես իրեն է ձեռնտու՝ անտեսելով մեր օրենքները՝ խախտելով մարդու իրավունքները: Սակայն հավատացնում եմ, որ անգամ մեկ քաղաքացու պայքարը կարող է տապալել նման ընկերությունների հակաօրինական գործողությունները, ու պատկերացրեք, որ այդ քաղաքացու շարքերը օր-օրի համալրվում են:
Այդ ամենով հանդերձ, մեր դատական համակարգի նկատմամբ առկա անվստահությունը ոչ թե նվազում է, այլ բարձրանում: Ես այս հրապարակմամբ դիմում եմ նաև ՀՀ Նախագահին, ՀՀ Արդարադատության Նախարարին և բոլոր այն պաշտոնատար անձանց, որոնք քիչ թե շատ, ուղղակի, թե անուղղակի վերլուծում են դատական համակարգի գործունեությունը և իրականացնում վերահսկողություն, և որպես շարքային քաղաքացի և որպես փաստաբան տեղեկացնում, որ էլ ավելի է վատթարանում առանց այն էլ դատական համակարգի անբավարար վիճակը, ինչի արդյունքում անպատժելիությունը, անպատասխանատվությունը օր-օրի աճում են: Քաջ գիտակցում եմ, որ այս գործը դեռ իր վերջնական ավարտին չի հասել, և դեռևս գործողություններ կան արդարության վերականգման համար, սակայն արդյոք ողջամի՞տ է, որ մենք արդարության վերականգման համար պետք է տարիներով պայքարենք, դիմենք միջազգային ատյաններին, թողնենք մեր երկիրը...: Այդ ճանապարհը խորդ ու բորդ է և մեծամասնության համար անանցանելի: Խոսվում է դատական նոր բարեփոխումների մասին, սակայն ինչ բարեփոխումների մասին է խոսքը, երբ ականատես ենք լինում նման իրավիճակների, որը շատերի մոտ հիասթափություն է բերում: Ինչպես ասում են՝ ավելի լավ է տաս մեղավոր մարդկանց արարքները անպատժելի մնան, քան մեկ անմեղ մարդուն ենթարկեն պատասխանատվության: Իհարկե, դա ծայրահեղություն է, բայց ինչ արած...:
Մեկ որդը կարող է ամբողջությամբ փչացնել մեկ խնձորը, պատկերացնում եք՝ ի՞նչ կարող է անել մեկ անհիմն դատական ակտը, էլ չեմ ասում անհիմն դատական ակտերը: Եթե մի բան մեր դատական համակարգում լավ է լինում , ապա անմիջապես այլ անհիմն դատական ակտերով ամեն ինչ մոռացվում է: Եթե ես, որպես փաստաբան, իմ անձնական գործերով շատ դեպքերում դժվարությամբ եմ կարողանում հասնել արդարության կամ չեմ կարողանում, ապա ինչպես պետք է դա անի ոչ փաստաբանը, ոչ իրավաբանը, շարքային քաղաքացին:
Չեմ ցանկանում մասնագիտական որակումներ և հիմնավորումներ այստեղ բերել, քանզի մոտակա օրերս պատրաստվում եմ ներկայացնել վճռաբեկ բողոք, որտեղ մանրակրկիտ ներկայացվելու են բոլոր հիմնավորումները: Չնայած պետք է ասեմ, որ Վճռաբեկից ակնկալիքներ չունեմ, կարծում եմ, որ իմ բողոքը կվերադարձվի բոլորիս հայտնի պատճառաբանությամբ: Այնուհանդերձ, չեմ ցանկանում այստեղ բացահայտել իմ մարտավարական գործելաոճը, սակայն մեկ բան կարող եմ ասել, որ կանգ չեմ առնելու և շարունակելու եմ բոլոր հնարավոր և անհնարին, սակայն միմիայն օրինական միջոցներով հասնել արդարության:
16.08.2012թ.
Փաստաբան` Գևորգ Դավթյան
Բեռնել
Վերադառնալ