ԴԱՏԱՎՈՐ ՍԻՄԻԶԱՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԱՐԴՅՈՔ ՀԱՄԱՄԻՏ ԷՐ ԻՐ ԻՍԿ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻՆ
25.05.2012 00:00ՓԱՍՏԱԲԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ՍԻՄԻԶԱՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԱՐԴՅՈՔ ՀԱՄԱՄԻՏ ԷՐ ԻՐ ԻՍԿ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻՆ
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սիմիզար Հովսեփյանը «ՀայՌուսԳազարդ» փակ բաժնետիրական ընկերության դեմ Գևորգ Դավթյանի` վնասների հաշվառմամբ գազամատակարարումը վերականգնելու պահանջի մասին հայցով նշանակված հրապարակման օրը` 15.05.2012թ.-ին, չկարողացավ հրապարակել դատական ակտը, քանի որ, ըստ քարտուղարի, առկա էին մի շարք տեխնիկական թերություններ, մասնավորապես` համակարգչի հետ կապված խնդիր է առաջացել, որի լուծման համար մասնագետ պետք է հրավիրել: Այնուհանդերձ, հաջորդ օրը ես այցելեցի Դատարան և Դատարանի աշխատակցից առձեռն ստացա դատարանի վճիռը:
Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերի 20-ին գազի ցուցմունքներ վերցնող ՀայՌուսԳազարդ ընկերության աշխատակցուհին երկու մյուս աշխատակիցների հետ, առանց զգուշացնելու, հանել էին փաստաբանին պատկանող բնակարանի գազի հաշվիչը, որի արդյունքում դադարեցվել էր բնակարանի գազամատակարարումը: Մինչ օրս բնակարանի գազամատակարարումը վերականգնված չէ, անգամ անտեսվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող Հանձնաժողովի (պետական մարմին) որոշումը, որով պահանջվել էր վերականգնել իմ բնակարանի գազամատակարարումը:
Այդ վճիռը ուղղակի աննախադեպ էր իմ փաստաբանական գործունեության մեջ,քանի որ ըստ էության դատարանը որոշել էր, որ ՀայՌուսԳազարդը ինձ պետք է հատուցի մոտ 15.000 ՀՀ դրամ /դա իմ պահանջած գումարից մի հատված էր/ քանի որ ՀայՌուսԳազարդը խախտել էր իր պայմանագրային պարտավորությունները, սակայն մերժել էր իմ բնակարանի գազամատակարարման վերաբերյալ պահանջը, ինչպես նաև մյուս վնասների հատուցումը: Երբեք չէի մտածի և անգամ կանխատեսի, որ հնարավոր է նման վճիռ կայացնել, քանի որ ըստ էության բավարարվում է ածանցյալ պահանջի մի մաս, որը ուղիղ համեմատական է հիմնական պահանջից: Այսինքն, իմ հիմնական պահանջը եղել է գազամատակարարման վերականգնումը, որից էլ կախված է վնասների հատուցումը:
Դատավոր Ս. Հովսեփյանը մինչև դատական ակտը կայացնելու պահը ողջ դատավարական պրոցեսի ընթացքում իր հարցերով, իր նախագահությամբ այնպիսի տպավորություն էր թողում, որ կարծես կանխատեսելի էր դառնում, որ իսկապես պետք է վերականգնի իմ խախտված իրավունքները, սակայն ինչպես նկատում ենք, այստեղ մենք նույնպես անակնկալներից զերծ չմնացինք: Անակնկալ էր այդ դատական ակտը նաև ինչու, որովհետև դատաքննության վերջին փուլում իմ կողմից դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով դատարանին էր ներկայացվել նաև վերջերս ԵԿԴ /2589/02/10 քաղաքացիական գործով կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը ուղղակի և անմիջական կապ ուներ նաև գործի քննության համար, քանի որ նմանատիպ գործ էր, և այնտեղ տրված էր իրավական այնպիսի դիրքորոշում, որը ուղղակիորեն պաշտպանում էր հայ սպառողի խախտված իրավունքները: Որպեսզի յուրովի չմեկնաբանեմ, ապա ուղղակի մեջբերեմ այդ ԵԿԴ /2589/02/10 գործով Վերաքննիչ դատարանի որոշումից այն ելակետային հատվածը, որը անհրաժեշտ և օգտակար կլինի բոլոր սպառողների համար: Այսպես “….Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 559-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Էներգամատակարարման պայմանագրով պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պարտավորությունը խախտած կողմը պարտավոր է մյուս կողմին հատուցել պատճառված իրական վնասը (17 հոդվածի 2-րդ կետ)»: Այսինքն` օրենսդիրն էներգամատակարարման պայմանագրային իրավահարաբերություններում ևս քաղաքացիաիրավական պատասխանատվությունն ուղղակի կախման մեջ է դնում մեղքի առկայությունից: Այսինքն` քանի դեռ չի ապացուցվել կողմի մեղավոր գործողությունը (անգործությունը), նրա նկատմամբ էներգամատակարարման պայմանագրային իրավահարաբերություններում չի կարող առաջ գալ քաղաքացիաիրավական պատասխանատվություն:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 555-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ «Այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող քաղաքացին, էներգետիկ ցանցերի, ինչպես նաև էներգիայի օգտագործման հաշվիչ սարքերի պատշաճ տեխնիկական վիճակի և անվտանգության ապահովման պարտականությունը դրվում է էներգամատակարարող կազմակերպության վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով»: Փաստորեն, վերը ներկայացված իրավանորմերի ուժով` սույն քաղաքացիական վեճին լուծում տալու համար դեռևս բավարար չէ գազահաշվիչի շրջանցմամբ բնական գազը հայցվորի կողմից օգտագործված լինելու հանգամանքի հաստատված լինելը: Տվյալ դեպքում անհրաժեշտ է պարզել, թե հաշվիչ սարքի պատշաճ տեխնիկական վիճակի և անվտանգության ապահովման պարտականությունն արդյոք օրենսդրությամբ դրված է եղել հայցվորի վրա: Եվ բացի այդ, եթե նման պարտականություն օրենսդրորեն դրված է եղել հայցվորի վրա, ապա արդյոք հաշվիչի անսարքության մեջ առկա է եղել նրա մեղավորությունը: Նշվածի առումով Դատարանը քննություն չի իրականացրել, որի արդյունքում` կայացրել է չհիմնավորված դատական ակտ:”
Ահա վերևում բերվածը Վերաքննիչ դատարանի որոշման առանցքային պատճառաբանական մասն է, որը և ոչ այլ ինչ է, քան օրենքի ուղղակի մեջբերում: Այդ դատական ակտը ՀայՌուսԳազարդի կողմից բողոքարկվել էր Վճռաբեկ դատարան, որը սակայն վերադարձրել էր: Այսինքն, Վճռաբեկը ըստ էության համամիտ է եղել Վերաքննիչի որոշման հետ: Էլ չեմ ասում, որ մեր գործով, ի տարբերություն մեջբերված գործի, անգամ գազահաշվիչի խախտման փաստը ապացուցված չէ:
Ցավալին այն է, որ դատավոր Սիմիզար Հովսեփյանին այդ դատական ակտը Հայցվորիս կողմից տրվել էր դատաքննության փուլում և նա, փաստորեն, մինչև վճիռ կայացնելը գիտեր այդ մասին, թեև առանց այդ դատական ակտի էլ, ակնհայտ էր ՀայՌուսԳազարդի կողմից կատարված խախտումները: Այստեղ հարց է առաջանում, որ Դատավորը արդյոք հավատում է իր իսկ կողմից կայացրած դատական ակտին, կարծում եմ, որ` ոչ: Կրկին հարց է առաջանում, այդ դեպքում ինչն էր պատճառը…: Ես միայն կարող եմ մտածել, որ ՀայՌուսԳազարդ ընկերությունը փորձում է ամեն կերպ, տարբեր ռեսուրսների օգտագործմամբ վրեժխնդիր լինել այն քաղաքացուց, որը փորձում է դեմ դուրս գալ իրեն: Սակայն մեկ բան հաստատ կասեմ, որ ես կպայքարեմ մինչև վերջ, և այդ պայքարը գնալով ավելի մեծ թափ կստանա, քանի որ այն առնչվում է ոչ միայն իմ շահերին, այլ ցանկացածի, նման իրավիճակներից ապահովվագրված չէ անգամ դատավոր Սիմիզար Հովսեփյանը:
Դատավոր Սիմիզար Հովսեփյանի կողմից այդ անկանխատեսելի վճիռը մոտ օրերս բողոքարկելու եմ ՀՀ Վերաքննիչ դատարան, որի հետագա ընթացքը նույնպես կներկայացվի:
Իրականում նպատակը ոչ թե ՀայՌուսԳազարդ ընկերության կողմից կազմված ակտով գումարի չվճարելն է, որը կազմում է ընդամենը 151.000 ՀՀ դրամ, այլ ուղղակի իմ, որպես քաղաքացու, խախտված իրավունքի վերականգնումը, որը նաև համընդհանուր շահ է: Թեև դրանով չեմ բացառում, որ գումարը էական չէ, բայց հավատացեք, ես այդ գումարի տասնապատիկն էմ ծախսել ՀայՌուսԳազարդի պատճառած վնասի համար: Պատկերացնում եք, մի ամբողջ ձմեռ ես գազազրկված եմ եղել, ինչի հետևանքով նաև բնակարանիս նոր վերանորոգումը մասամբ վնասվել է, նոր գնված գազի կաթսան մատնվել է անգործության, բազմաթիվ անհարմարություններ են առաջացել, որոնք լի են եղել բացասական հետևանքներով: Էլ չեմ ասում բարոյական վնասի մասին: Վերջ ի վերջո մենք պետք է վերջ դնենք նման ապօրինություններին: Ես հավատում եմ, որ կյանքում ոչինչ անպատասխան չի մնում, այդ իսկ պատճառով համոզված եմ, որ ցանկացած պայքար բերելու է ցանկալի արդյունքի և ցանկացած իրավախախտ անձ պատասխան է տալու իր գործողությունների համար:
Ես կարող էի չնչին մի քանի հազար դրամ վճարել և հարցը փակել, քանի որ բազմիցս ՀայՌուսԳազարդը ինձ դա առաջարկում էր, միայն թե ես դադարեցնեի պայքարը (չեմ բացառում նաև, որ ՀայՌուսԳազարդը հերքի նման առաջարկի առկայությունը, սակայն դա արդեն իրենց խնդիրն է ):
Անգամ ՀայՌուսԳազարդը իմ բողոքների պատճառով, հարցը դատարան տեղափոխելու պատճառով, փորձեց հանցագործության մասին հաղորդում տալու միջոցով ինձ քրեական պատասխանատվության ենթարկել: Նպատակը միայն մեկն էր, որպեսզի ես դադարեցնեի իմ օրինական բողոքները և այդ հարցը չբարձրաձայնեի, կամ արդյունքում պարտվեյի : Իհարկե, դա նրանց չհաջողվեց, քանի որ իրականությունը այլ էր:
Ուսումնասիրել եմ մեր դատական համակարգում առկա նման գործերը, և գիտեք ինչին եմ ականատես եղել, որ նման գործերի գրեթե 90 տոկոսը, որոնք նաև այդքան էլ շատ չեն, ՀայՌուսԳազարդը հաշտություն է կնքել, բացի մի քանի գործից, որոնցից մեկի մասին արդեն վերևում հիշատակել եմ: Սույն գործն էլ կարող էր հաշտությամբ վերջանալ և ևս հեշտությամբ խուսափեի հետագա անհարմարություններից, նյութական և բարոյական վնասներից, սակայն մենք բոլորս պետք է բարձր գնահատենք մեր իրավունքները և պայքարենք ցանկացած իրավունքի ոտնահարման դեմ, որպեսզի արդյունքում ունենանք այն երկիրը, որ ցանկանում ենք: Հաշտությունը, իհարկե, լավ բան է, սակայն դրա պայմանները երբեք չպետք է ոտնահարեն մարդու իրավունքը, ոչ միայն իմ, այլ նաև Ձեր իրավունքը: Քանզի մինչև հիմա իմ բնակարանի գազամատակարարումը վերականգնված չէ, իմ իրավունքերի խախտումները շարունակվում են, ինչին փաստորեն դեմ չէ դատավոր Սիմիզար Հովսեփյանը: Ակնեղծ ասեմ, իմ կյանքում գրեթե յուրաքանչյուր հարց հեշտությամբ չի լուծվել, անխուսափելի են եղել դժվարությունները, սակայն դրանք ինձ չեն հաղթահարել, այլ ընդհակառակը, այդ դժվարությունները իմ ճանապարհը լուսավորել են և առաջ են մղել: Այս դատական վարույթը դրանցից մեկն է, որը նոր դուռ է բացելու ոչ միայն ինձ, այլ նաև մյուս բոլոր այն քաղաքացիների համար, որոնք կհանդիպեն նման խոչընդոտների:
Ակամա հիշեցի մեր շատ սիրված Պարույր Սևակի ստեղծագործությունից մի հատված`
---
Ինչ խոսքեր ասեմ այն ձեռագըրին,
Որ չի հասկացվում, բայց կարդացվում է:
Ասեմ, թե խղճամ այն տարեգըրին,
Որ նյութ է սարքում,
Ոչ թե հավաքում:
Խղճամ, թե ատեմ այն տարագըրին,
Որ միշտ ապրում է…իր հայրենիքում…
Թուհ, ինչքան բան կա կյանքում ատելի,
Ես չգիտեի…
---
Պ. Սևակ
Որպես վերջաբան ասեմ, պայքարեք Ձեր իրավունքների անգամ աննշան խախտման դեմ, դրանով Դուք ոչ միայն կվերականգնեք խախտված իրավունքները, այլև կբացառեք բոլորիս իրավունքների ոտնահարումը:
17.05.2012թ.
Փաստաբան` Գևորգ Դավթյան
Բեռնել
Վերադառնալ