ՀՀ Փաստաբանների Պալատ

Փաստաբանը բողոքարկում է իր դեմ քրեական գործ հարուցելու որոշումը

17.05.2012 07:00

Փաստաբանը բողոքարկում է իր դեմ քրեական գործ հարուցելու որոշումը

 Սկզբնաղբյուր. http://hetq.am/arm/articles/14489/pastabany-boxoqarkum-e-ir-dem-qreakan-gorts-harucelu-oroshumy.html

 

 Փաստաբանը բողոքարկում է իր դեմ քրեական գործ հարուցելու որոշումը

 ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գուրգեն Հարությունյանի դեմ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր.-ի 38-338 հոդվածի 2 մասի 1-ին կետով` սուտ ցուցմունք տալուն դրդելը, որը զուգորդվել է ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Նշված արարքի համար նախատեսված է առավելագույնը 5 տարի ազատազրկում:

Փաստաբանը որոշումը բողոքարկել է մարզի դատախազին, բայց բողոքը մերժվել է: Այժմ քննիչի ու դատախազի որոշումները բողոքարկում է դատական կարգով: Այս պահին նա ոչ թե իրեն վերագրվող արարքն ու քրգործը կարճելու հանգամանքն է վիճարկում, այլ քրգործի հարուցումը, որը, ըստ նրա, «ինքնին ապօրինի» է:

Գործի հարուցման հիմքերն ու օրինական առիթը կներկայացվեն վաղը`մայիսի 17-ին, նշանակված դատական նիստին:

Գուրգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել նրա մասնագիտական գործունեության հետևանքով, մի դատական գործի արդյունքում, որտեղ փաստաբանը քաղաքացի Մուշեղ Կիրակոսյանի շահերն է ներկայացրել: Վերջինիս մեղսագրվող արարքը` Քր.օր.-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասով`զենքի գործադրմամբ խուլիգանություն, չի հաստատվել դատարանի կողմից: Նշված գործով դատավոր Մարինե Մելքոնյանը կայացրել է արդարացման դատավճիռ:

«Իրավապահ մարմինները երևի չկարողացան մարսել այդ փաստը, որ մարդուն արդարացրել է դատարանը, և փոխանակ օրենքով սահմանված կարգով բողոքարկեին կայացված դատական ակտը, անցան զարտուղի միջոցների. ինչ-ինչ ձևերով գործ հարուցեցին իմ նկատմամբ»,- ասում է Գուրգեն Հարությունյանը:

Արդարացման դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չմտած` 3 օր առաջ, նախաքննական մարմինը գործ է հարուցել դատարանում քաղաքացու շահերը ներկայացրած փաստաբանի դեմ: Միայն դրանից հետո առաջին ատյանի վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան: Ընդ որում, վերաքննիչ բողոքում նույնպես նշել է, որ փաստաբանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն հիմքով, որ նա դրդել է վկաներին սուտ ցուցմունքներ տալ: Փաստաբանն այս առթիվ նշում է, որ վկաները ցուցմունքների և դիմումների ձևով հակասական հայտարարություններ են տվել մինչև դատաքննությունը` հենց նախաքննության փուլում: Դրա վերաբերյալ կան համապատասխան փաստաթղթեր:

Ինչ վերաբերում է իր դեմ քրեական գործ հարուցելուն, ապա դրանով, ըստ նրա, նախաքննական մարմինը խախտել է Վճռաբեկ դատարանի մի նախադեպային որոշում, համաձայն որի` Քր. օր.-ի 338 հոդվածով նախատեսված`սուտ ցուցմունք տալու հանցակազմի առկայության կամ  բացակայության վերաբերյալ կարելի է հետևության հանգել վերջնական դատական ակտ կայացնելուց հետո միայն: Իսկ մինչև վերջնական ակտի կայացումը այդ գործով ցուցմունքների գնահատումը կխաթարի արդարադատության սահմանադրական գործառույթի բուն էությունը:

Ինչպես փաստաբանն է նկատում, իր դեմ քրգործ հարուցելու որոշմամբ քննիչը կասկածի տակ է դրել առաջին ատյանի դատական ակտը, մինչդեռ օրենքով նման իրավասություն չունի: Դատախազն էլ իր հերթին է կասկածի տակ դրել նշված դատական ակտը` մերժելով քննիչի որոշման դեմ փաստաբանի բողոքը: Տվյալ դեպքում դատախազը խախտել է «Դատախազության մասին» օրենքը, որի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ դատախազը պարտավոր է հարգել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, և մասնավորապես, չպետք է իր գործողություններով կասկածի տակ դնի դատական ակտի օրինականությունը կամ խոչընդոտի դրա կատարմանը`բացառությամբ դատական ակտի բողոքարկման իր իրավունքն իրագործելիս:

«Փաստորեն` իմ նկատմամբ քրեական գործ հարուցելով`մարդիկ փաստացի նաև նախաքննություն են իրականացնում Մուշեղ Կիրակոսյանի վերաբերյալ քրեական գործով, որով արդեն դատական ակտ է կայացվել: Դա օրինականության կոպիտ խախտում է: Քրեական գործ հարուցելու նպատակը երևի նաև այն է, որ որպես լրացուցիչ լծակ օգտագործեն, որ վերաքննիչ դատարանը բեկանի առաջին ատյանի դատարանի վճիռը»,- ասում է Գուրգեն Հարությունյանը:

Չնայած համոզված է, որ վերաքննիչ և վճռաբեկ դատարանները չեն բեկանի առաջին ատյանի դատավճիռը, քանի որ դրա հիմքում նաև վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ են դրված: Փաստաբանը վկայակոչում է երկու գործով վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը, ըստ որի` կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը չի կարող որակվել որպես խուլիգանություն: Իսկ իր պաշտպանյալ Մուշեղ Կիրակոսյանի գործը կենցաղային վիճաբանություն է եղել:

Իր դեմ քրեական գործի հարուցումը փաստաբանն Գուրգեն Հարությունյանը գնահատում է որպես փաստաբանության և իրավապաշտպանության դեմ ուղղված քայլ, որը լռեցնելու նպատակ է հետապնդում: Կասկած է հայտնում, որ իր դեմ ցուցմունք տվողները ուղղորդված են եղել: «Եթե գործը իրավապահներն են հարուցում, ճնշումն էլ, բնականաբար, իրենց կողմից է արվում,- նկատում է փաստաբանը,- ինչ-որ նշված է քննիչի որոշման մեջ, չի համապատասխանում իրականությանը: Դա բանսարկության արդյունք է, որը խրախուսել են պաշտոնատար անձինք: Այն մարդկանց, որոնք փորձում են նման գործելաոճ դրևսորել փաստաբանների նկատմամբ, կոչ եմ եմ անում դադարեցնել նման գործելաոճը, անարխայի թիվն անցել է: Մենք կառուցում ենք իրավական պետություն, օրինական պետություն, որտեղ կամայականություն չի կարող լինել»:

Լոռու մարզում սա երրորդ դեպքն է, երբ փաստաբանական գործունեության արդյունքում մեղադրանք է առաջադրվում փաստաբանին: Մինչ այս քրեական գործ է հարուցվել փաստաբան Արտակ Ոսկանյանի նկատմամբ, որը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է: Մյուս փաստաբանի` Ռուբեն Հակոբյանի դեպքում քրեական գործի հարուցումը մերժվել է նյութերով:

 

 



Բեռնել

Վերադառնալ