Ինչ է փոխվել ՛՛Արտոնագրային վճարների մասին՛՛ ՀՀ օրենքում
03.04.2012 00:0001.04.2012թ.-ից ուժի մեջ մտավ ՛՛Արտոնագրային վճարենրի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՛՛ ՀՀ օրենքը /ընդունվել է 07.12.2011թ.-ին/.
Օրենքի համաձայն մի շարք գործունեության տեսակներ պետությունը դուրս է հանել ՛՛Հաստատագրված վճարների մասին՛՛ ՀՀ օրենքի կարգավորման ոլորտից և մցրել ՛՛Արտոնագրային վճարենրի մասին՛՛ ՀՀ օրենքի կարգավորման ոլորտ: Միաժամանակ տվյալ գործունեության տեսակներով որոշներով զբաղվող տնտեսավարող սուբյեկտերի կողմից վճարվող գումարների չափը մեծացել է՝ նախկինում որպես հաստատագրված վճար վճարվելու համեմատ:
Սակայն բացի նշված փոփոխությունները՝ օրենքի տարբեր հոդվածներում շարադրված են հետևյալ պահանջները՝
1. Արտոնագրային վճար վճարողը պետք է նախ դիմի իր հաշվառման վայրի հարկային մարմին, որպեսզի ստանա արտոնագիր:
2. Արտոնագրերը տրվում են առնվազն եռամսյակներով:
3. Արտոնագրային վճար վճարողը պետք է նախապես, մինչև արտոնագրի ստանալը, վճարի արտոնագրային վճարը՝ տվյալ ժամանակահատվածի համար /հիշեցնեմ՝ առնվազն երեք ամիս/
4. Արոնագրային վճարի հաշվարկման համար հիմք հանդիսացած ելակետային տվյալները որևէ ժամանակահատվածի (եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա) համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով չեն կարող նվազեցվել:
Մինչդեռ մի շարք տնտեսավարող սուբյեկտներ, օրինակ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտները, /մասնավորապես բացօթյա սրճարանները, որոնցից մեկը դիմել էր մեզ պարզաբանում ստանաու համար/ իրենց գործունեության ելակետային տվյալները, կախված օբյեկտիվ գործոններից, ստիպված են լինում փոփոխել սահմանված ժամանակահատվածի ընթացում: Օրինակ՝ սրճարանն ունի մեծ մակերես, թե փակ, թե բաց մասեր: Երրորդ եռամսյակի ավարտից հետո, այն է՝ 2012թ.-ի սեպտեմբեր ամիսը, սրճարանը պետք է դիմի հարկային մարմին ստանալու համար արտոնագիր 4-րդ եռամսյակի համար /հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր/: Սակայն սրճարանի տնօրենը նշում է /և դա հանրահայտ է/, որ նոյեմբեր ամսվա առաջին կեսին , կախված եղանակային պայմաններից, սրճարանների բացօթյա հատվածները փակվում են և, հետևաբար՝ տվյալ գործունեության տեսակի ելակետային տվյալները /մակերես/ անխուսափելիորեն նվազում են: Մինչդեռ ըստ օրենքի՝ տվյալ սուբյեկտն իրավունք չունի նվազեցնել իր ելակետային տվյալները /հետևաբար նաև՝ վերահաշվարկել և հետ ստանալ վճարի մի մասը/ և նա արդեն վճարել է արտոնագրային վճարը ամբողջ եռամսյակի կտրվածքով:
Կարծում ենք, որ օրենքի նշված դրույթները հակասահմանադրական են և խախտում են ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածով երաշխավորված՝ տվյալ տնտեսավարող սուբյեկտների՝
1. սեփականության իրավունքը
2. ազատ տնտեսական գործունեության իրավունքը
Խախտվում է նաև իրավական պետության մասին հիմնարար նորմ-սկզբունքը:
Ստացվում է հետևյալ իրադրությունը՝
Մի կողմից պետությունը հայտարարում է, որ տնտեսության զարգացման գրավականներից մեկը փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցելն է, մյուս կողմից պետությունը խախտում է փոքր ու միջին ձեռնարկատերերի սեփականության իրավունքը և տնտեսական գործունեության ազատությունը:
Վարուժան Վարդանյան
Փաստաբան, իրավախորհրդատու
՛՛Վարդանյան և Գործընկերներ՛՛
www.vardanyanlaw.com
Բեռնել
Վերադառնալ