Ինչու է դժգոհ իրավաբան Ճարոյանը
25.03.2012 00:00Սկզբնաղբյուրը՝ http://www.hraparak.am/2012/03/15/jaroyan/
Ինչու է դժգոհ իրավաբան Ճարոյանը
Իրավաբան Ճարոյանը խիստ դժգոհ է, որ զրկվել է ՙավելի թեթև, բայց փողոտ գործերով՚ զբաղվելու հնարավորությունից
Փաստաբանական դպրոցն ավարտելու դեպքում Ճարոյանը կհասկանար, թե որ օրենքի փոփոխությունը զրկեց իրեն ՙփողոտ գործերից՚
ՙHraparak.am՚ էլեկտրոնային էջում հրապարակված ՙԱմեն ինչ արված է ոչ թե քաղաքացիների, այլ փաստաբանների համար՚ հոդվածում դատարաններում ներկայացուցչություն իրականացնող իրավաբան Հակոբ Ճարոյանը ներկայացրել է իր մեկնաբանությունները ՙՓաստաբանության մասին՚ ՀՀ օրենքի վերջին փոփոխությունների հետ կապված, սակայն ընդամենը մի հոդվածում նրա անհիմն ու սխալ մեկնաբանությունները մի քանի տասնյակի են հասնում. Հարգելի իրավաբանի ՙփայլուն՚ մտքերի վերաբերյալ իմ դիտողությունները կներկայացնեմ ստորև.
Սկսեմ նրանից, որ, փաստորեն, ըստ իրավաբանի` օրենքի վերջին փոփոխության արդյունքում արգելվել է ոչ փաստաբաններին, այսինքն` նաև իրավաբանական կրթություն չունեցող կամ ընդհանրապես որևէ կրթություն չունեցող, ինչպես նաև նախկինում դատապարտված և անգործունակ աձանց դատարաններում զբաղվել փաստաբանական գործունեությամբ: Սակայն պետք է իրավաբանին տեղյակ պահեմ, որ այդ արգելքը գործել է նաև մինչև օրենքի վերջին փոփոխությունը: Դեռևս 2004թ. դեկտեմբերի 14-ին ընդունված ՙՓաստաբանության մասին՚ ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ միայն փաստաբանը իրավունք ուներ դատական ներկայացուցչունը որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել, այսինքն՝ քրեական, քաղաքացիական կամ վարչական գործերով դատարանում հանդես գալ որպես կողմի ներկայացուցիչ: Ավելին, նույն օրենքով արգելված էր ձեռնարկատիրական գործունեությունը, այսինքն` օրենքով նախատեսված վնասի առկայության դեպքում դատարանում ներկայացուցչություն իրականացնելը քրեական օրենսգրքի ընդունման պահից ի վեր դիտվել է որպես ապօրինի ձեռնարկատիրություն և համարվել է քրեորեն պատժելի արարք: Ինչ վերաբերում է փաստաբանական գործունեության մյուս տեսակներին` ապա քրեական գործերով պաշտպանությամբ ոչ փաստաբաններին զբաղվելը ընդհանրապես արգելվել է դեռևս 1998 թվականից, իսկ վկային իրավաբանական օգնություն ցույց տալը քննչական մարմիններում և դատարանում 2006 թվականից: Ակնհայտ է, որ հարգելի իրավաբանի մեկնաբանությունները` ոչ փաստաբաններին փաստաբանական գործունեությամբ զբաղվելու սահմանափակումների մասով, վերջին փոփոխությունների հետ ընդհնարապես կապ չունեն, օրենսդիրը դրանք ամրագրել է մինչև օրենքում կատարված վերջին փոփոխությունների ընդունումը: Իմ կողմից վկայակոչած իրավական ակտերը կան պաշտոնական տեղեկագրում, այնպես որ յուրաքանչյուրը կարող է համոզվել իմ խոսքերի ճշմարտացիության, իսկ հարգելի իրավաբանի մեկնաբանությունների անհիմն լինելու մեջ:
Իսկ եթե պարոն Ճարոյանը չի հասկանում ՙպարբերաբար՚ տերմինը, ի գիտություն նրա ասեմ, որ նման պահանջ նախատեսված էր դեռևս 2004 թվականից, քանի որ ՙձեռներկատիրական գործունեության՚ սահմանումը տրված էր ՙԱվելացված արժեքի հարկի և վճարողների մասին՚ ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում, համաձայն որի` ձեռնարկատիրական գործունեություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով պարբերաբար իրականացվող տնտեսական գործունեությունը: Այստեղ արդեն իմ համար է անհասկանալի, թե ինչու ոչ փաստաբանների համար մինչև սույն թվականի հունվարի 19-ը հասկանալի էր պարբերաբար բառը, իսկ այդ օրվանից հետո ոչ:
Ինչ վերաբերում է, Հակոբ Ճարոյանի այն մտքին, որ ՙամեն ինչ արվում է, որ մենակ փաստաբանը մտնի քաղգործերով, հետևաբար նաև լավ փող աշխատի՚, ապա նշեմ, որ փաստաբանները չեն մտնում քաղաքացիական գործերով, այլ քաղաքացիական գործերով ներկայացնում են կողմերի կամ երրորդ անձանց շահերը: Իսկ ՙփաստաբանների կողմից լավ փող աշխատելը՚ փաստաբանության մասին օրենքի վերջին փոփոխության հետ որևէ կապ չունի, քանի որ ինչպես վերը ներկայացրեցի ոչ փաստաբանին քաղաքացիական գործերով վճարովի ծառայություն մատուցելու սահմանափակումը գործել է դեռևս 2004 թվականից: Ավելին, փաստաբանության մասին օրենքում վերջին փոփոխություններ կատարելուց անցել է մի քանի ամիս և շուկայում փաստաբանական ծառայության արժեքի որևէ թանկացում տեղի չի ունեցել: Եթե մեր հարգելի իրավաբանը իրականում ունի նման փաստեր, ապա նա կարող է տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի համաձայն դիմել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:
Իրականությանը չի համապատասխանում նաև Հակոբ Ճարոյանի այն միտքը, թե օրենքը այնպես է ձևակերպված, որ տարբեր ընկերություններ, բանկեր, ովքեր ունեն մասնագիտացված իրավաբաններ, այլևս չեն կարող օգտվել նրանց ծառայությունից. փաստաբանության մասին օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը կարգավորում է միայն ծառայությաններ մատուցելուց բխող հարաբերությունները, այսինքն` միայն այն դեպքերը, երբ վճարովի ծառայության մատուցման պայմանագրի հիման վրա է իրականացվում փաստաբանական գործունեությունը, ինչը նշանակում է, որ աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի շահերը դատարանում կարող է ներկայացնել ցանկացած անձ:
Իրականության հետ որևէ կապ չունի նաև իրավաբանի այն միտքը, թե օրենքի փոփոխությունից հետո մարդը չի կարող դիմել իր ընկերոջը իր շահերը դատարանում ներկայացնելու համար, քանի որ փաստաբանության մասին օրենքը չի արգելում ցանկացած անձի դիմելու իր ընկերոջը իր շահերը դատարանում անվճար ներկայացնելու համար, բայց եթե ընկերը որոշում է նման ծառայությունը մատուցել վճարովի կամ պարբերաբար, ապա այստեղ օրենսդիրը ասում է, որ ընկերը նախ պետք է ստանա փաստաբանի արտոնագիր, նոր միայն իրավունք ունի պարբերաբար և վճարովի զբաղվել դատական ներկայացուցչությամբ, քանի որ դա համարվում է փաստաբանական գործունեություն: Հավելեմ, որ փաստաբանության օրենքը չի արգելում անձին` ներկայացնելու ինքնուրույն իր շահերը դատարանում, իսկ իրավաբանական անձի դեպքում վերջինիս շահերի ներկայացման իրավունք է վերապահված այդ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված անձին կամ անձանց:
Պետք է նշեմ, որ ամենևին համակարծիք չեմ Հակոբ Ճարոյանի այն մտքի հետ, թե իրավաբանական կրթություն ունենալը արդեն իսկ բավարար է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու համար և լրացուցիչ քննություններ և վերապատրաստումներ անհրաժեշտ չեն: Կան որոշ մասնագիտություններ, որոնց դեպքում իրավաբանը պետք է և վերապատրաստվի, և հանձնի որակավորման քննություններ: Սա վերաբերում է ինչպես դատավորներին, դատախազներին և քննիչներին, այնպես էլ նոտարրներին և փաստաբաններին: Բացի դրանից` դատարանում կողմերի ներկայացուցիչները պետք է ենթարկվեն միատեսակ վարքագծի կանոներին, այլ ոչ թե այդ կանոների պահպանման պարտականությունը ունենան միայն փաստաբանները: Կողմերի ներկայացուցիչները պետք է ունենան հավասար իրավունքներ և երաշխիքներ, օրինակ` չհարցաքննվեն իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված, որը ի տարբերություն փաստաբանի` պարոն Ճարոյանը չունի:
Զարմանալի է նաև, թե պարոն Ճարոյանն ինչ հիմքերի վրա է փաստաբանական դպրոցում ուսուցում անցնելու վերաբերյալ հաշվարկներ կատարել, եթե փաստաբանական դպրոցում սովորելու համար որևէ մարմին դեռևս ուսուցման արժեք չի սահմանել: Հարգելի իրավաբանին տեղեկացնեմ, որ փաստաբանական դպրոցում սովորելու արժեքը պայմանավորված է ունկնդիրների վրա ծախսվող գումարների չափով, այսինքն` եթե, ինչպես պարոն Ճարոյանն է ներկայացնում, փաստաբանական դպրոց ընդունվի հինգ հարյուր իրավաբան, ապա եթե փաստաբանական դպրոցի այդ տարվա ծախսը կկազմի 40.000.000 դրամ, հետևաբար մեկ ունկնդրի ուսման վարձը կկազմի 80.000 դրամ: Այսինքն` փաստաբանական դպրոցի տարեկան ծրագրավորված ծախսի գումարի չափը ուղղակի բաժանվելու է այդ տարվա համար նախատեսված ուսուցում անցնող ունկնդիրների քանակին, քանի որ փաստաբանական դպրոցը շահույթ չհետապնդող կազմակերպություն է և ունկնդիրներից ստացված բոլոր գումարները ծախսվում են բացառապես ունկնդիրների ուսուցումը կազմակերպելու վրա: Սակայն չեմ կարծում, որ փաստաբանական դպրոցը հնարավորություն կունենա մեկ տարում հինգ հարյուր փաստաբան ուսուցանել և որակյալ փաստաբաններ վերապատրաստել, քանի որ մեծ քանակի իրավաբանների վերապատրաստման արդյունքում և համապատասխան ռեսուրսների բացակայության պայմաններում կտուժի ապագա փաստաբանների կողմից մատուցվող ծառայությունների որակը:
Ասեմ նաև, որ փաստաբանության մասին օրենքի մշակումը երկար ժամանակ է պահանջել, աշխատանքներին մասնակցել են ինչպես տեղական փորձագետներ` փաստաբաններ, իրավաբաններ, այնպես էլ միջազգային կառույցներից ներգրաված մասնագետներ: Վերլուծվել է առաջադեմ եվրոպական երկրների փորձը, այդ թվում Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բալտյան երկրների: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ գրեթե բոլոր եվրոպական պետություններում, որպես կանոն, դատարաններում հանդես են գալիս փաստաբանները: Վերջին տարիներին նման փոփոխություններ է կատարել օրինական Մոլդովան, որտեղ միայն փաստաբանները կարող են հանդես գալ դատարաններում և իրենց Սահմանադրական դատարանը դա դիտել է իրենց Սահմանադրությանը համապատասխանող: Ռուսաստանի Դաշնությունում համապատասխան նախագիծը արդեն իսկ գտնվում է իրենց օրենսդիր մարմնում, որի ընդունումից հետո ոչ փաստաբաններին կարգելվի մասնակցելու բոլոր ատյանների դատարաններում:
Նիկոլայ Բաղդասարյան
Փաստաբան
Հ.Գ. ՀՀ Փասատաբանների պալատից
ՀՀ քաղաքացի Հակոբ Ճարոյանն ընդդեմ ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ «ՀՀ Արդարադատության նախարարին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին», հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան: Միաժամանակ, հայցով որպես երրորդ անձիք են նշվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ Նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ քաղաքացի Ռուբեն Սահակյանը:
Ըստ էության, նշված հայցի իրավաբանական վերլուծությունից հետևում է, որ օրեսդրական փոփոխությունները կատարվել են տեղին, փաստաբանական դպրոցի հիմանդրումը ավելի քան արդիական է և կոչված է՝ ի թիվս այլոց, նաև Հակոբ Ճարոյանի պես անձանց մասնագիտական հմտությունները բարձրացնելուն, որից հետո նոր այդ անձիք կկարողանան ներկայացնելու անձանց շահերը դատարաններում:
Բեռնել
Վերադառնալ