ՀՀ Փաստաբանների Պալատ

ԿԱՆԱՅՔ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ

15.03.2012 04:13

ԿԱՆԱՅՔ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ

ԿԱՆԱՅՔ   ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ

 

ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանքն է, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները: Սրանից հետևում է, որ քրեական պատասխանատվության է ենթակա այն անձը, որի կատարած հանրորեն վտանգավոր արարքն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի որևէ նորմով: Իսկ նշված դրույթն ապահովելու համար անհրաժեշտ է անձի կողմից կատարած հանրորեն վտանգավոր արարքի ճիշտ որակում իրականացնել: Հանցագործության որակումն անձի կողմից կատարված արարքի (գործողության կամ անգործության) և քրեական օրենսգրքի հատուկ մասում տեղ գտած հանցագործության կոնկրետ տեսակի հանցակազմի բոլոր հատկանիշների միջև հստակ համապատասխանության բացահայտումը, նույնության հավաստումն ու իրավաբանական ամրագրումն է:

Քրեաիրավական հարաբերություններում յուրահատուկ տեղ է զբաղեցնում արարքի որակումը, որը բավականին բարդ գործընթաց է: Առավել բարդություններ են առաջանում հատկապես, երբ կոնկրետ իրավահարաբերությունը քրեական օրենսգրքում իրավական կարգավորում չունի կամ բավարար չափով չի կարգավորված: Հետևաբար, արարքի և քրեական օրենսգրքի հատուկ մասում ամրագրված հանցագործությունների հատկանիշների նույնության հավաստումը դառնում է չափազանց բարդ, նույնիսկ՝ վիճելի:

Սույն հոդվածում քննարկվում է սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններից մի քանիսը, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլխում:

Անդրադառնանք ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածին՝ բռնաբարությանը: Այն համարվում է սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններից ամենավտանգավորը: Ըստ վերոնշյալ հոդվածի՝ բռնաբարություն է համարվում տղամարդու uեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիu կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով, կամ դա գործադրելու uպառնալիքով, կամ՝ կնոջ անoգնական վիճակն oգտագործելով: Այս հանցագործությամբ ոտնահարվում են կնոջ սեռական ազատությունն ապահովող, իսկ անչափահաս տուժողների դեպքում՝ նաև սեռական անձեռնմխելիությունն ապահովող հասարակական հարաբերությունները: Այս հանցագործության տուժողները կարող են լինել միայն կանայք, իսկ կատարողները՝ տղամարդիք:

Բռնաբարության սուբյեկտը հատուկ է. այսինքն՝ այս հանցագործությունը կարող է կատարել միայն այն անձը, որը, բացի հանցագործության սուբյեկտին բնորոշ հիմնական պարտադիր հատկանիշներից (մեղսունակ, ֆիզիկական անձը, որը մինչև հանցագործություն կատարելը հասել է օրենքով սահմանված որոշակի տարիքի), օժտված է նաև լրացուցիչ հատկանիշներով, որը այս հանցակազմի համար դառնում է պարտադիր: Խոսքն անձի սեռի մասին է, այսինքն՝ բռնաբարություն կարող է կատարել միայն մեղսունակ, ֆիզիկական, մինչև հանցանք կատարելը 14 տարին լրացած արական սեռի անձը: Ավելին՝ կանանց մասնակցությամբ, խմբակային բռնաբարութունների ժամանակ վերջիններս ենթարկվում են քրեական պատասխանատվության հանցակցության համար (օժանդակող, կազմակերպիչ, այլ ոչ թե կատարող): Օրինակ՝ երբ բռնաբարության ժամանակ կինը բռնում է տուժող կնոջ ձեռքերը՝ նրա դիմադրությունը կոտրելու նպատակով, ապա նա հանդես է գալիս որպես օժանդակող, թեև, եթե նույն գործողությունը կատարեր տղամարդը, ապա կենթարկվեր պատասխանատվության՝ որպես համակատարող:

Բռնաբարություն ասելով՝ հասկանում ենք տղամարդու uեռական հարաբերությունը կնոջ հետ և միայն այն եղանակով, որով որ կինը կարող է հղիանալ:

Մեր օրենսդիրը կանանց բռնաբարության սուբյեկտ չի համարում, որը որոշ չափով արդարացված չէ: Ի±նչ է, կանայք ունակ չե±ն բռաբարություն կատարելու կամ արդյոք չե±ն կատարում (սեռական հարաբերություն տղամարդու հետ, նրա կամքին հակառակ, կամ նրա անօգնական վիճակն օգտագործելով, կամ բռնություն գործադրելով): Այն դեպքերում, երբ բռնաբարությունը կատարում են կանայք, արարքի որակման հարցում դժվարություններ են ծագում, քանի որ կանայք բռնաբարության սուբյեկ չեն համարվում:

Հարց է ծագում, նման դեպքերում կանայք ենթակա± են քրեական պատասխանատվության: Տրամաբանությունն ու արարքի վտանգավորությունը հուշում են, որ այո, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի ո±ր հոդվածի հատկանիշներով, այդքան էլ պարզ չէ:

Քրեագետների մի մասը գտնում է, որ կնոջ կողմից բնական եղանակով կատարվող սեռական հարաբերությունը պետք է որակել 139-րդ հոդվածով՝ որպես սեքսուալ բնույթի բռնի գործողություն: Այս մոտեցումը մեկնաբանությունների տեղիք է տալիս, որովհետև այն, ըստ էության ոչնչով չի տարբերվում 138-րդ հոդվածով նախատեսված բռնաբարությունից, բացի դերերի (կատարողների) փոփոխությունից, արարքն իր բնույթով չի փոխվում: Հետևաբար, ինչով է պայմանավորված այս մոտեցումը, հստակ չէ: Ստացվում է նույն գործողությունը, որը կատարում է տղամարդը, որակվում է բռնաբարություն, իսկ եթե կատարում է կինը՝ ոչ բռնաբարություն: Այսինքն, նրա իրավաբանական գնահատականը փոխվում է:

139-րդ հոդվածը՝ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելը, դասվում է սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թվին:

Սույն հոդվածի առաջին մասը սանհմանում է. «Համաuեռամոլությունը կամ uեքuուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիu կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու uպառնալիքով կամ տուժողի անoգնական վիճակն oգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով»:

Վերոնշյալի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ այն, ըստ էության վերաբերվում է, այսպես ասած սեռական շեղումներին՝ արվամոլությանը, լեսբոսությանը և կանանց ու տղամարդկանց միջև տեղի ունեցող սեռական բնույթի այլ այլասերումներին: Այսինքն, սրանք սեռական շեղումներ են, որը և բացառում է բնական եղանակով կատարվող սեռական հարաբերությունը: Բացառվում է նաև այն իմաստով, որ «սեռական հարաբերություն» արտահայտությունն արդեն իսկ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածում՝ որպես որոշակի գործողություն: Հետևաբար «սեքսուալ բնույթի այլ գործողություններ» արտահայտությունը չի կարող բովանդակել նաև «սեռական հարաբերություն» իմաստը՝ որպես ամբողջի մաս կազմող գործողություն: Հակառակ դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի գոյությունն ավելորդ կլիներ, քանի որ բռնաբարությունը ևս, լայն իմաստով սեքսուալ բնույթի բռնի գործողություն է: 138-րդ (բռնաբարություն) և 139-րդ (սեքսուալ բնույթի գործողություններ) հոդվածների սանկցիաներով նախատեսված պատժի տեսակներն ու չափերը նույնպես նույնն են, ուստի բռնաբարություն հանցակազմի գոյությունն այս իմաստով ևս դառնում է ավելորդ:

Վերլուծելով նշված երկու հանցագործությունների վտանգավորության բնույթն ու նրանցով պատճառվող վնասի չափը՝ պարզ է դառնում, որ բռնաբարությունն օժտված է ավելի մեծ վտանգավորությամբ, ուստի տրամաբանական կլիներ բռնաբարության համար սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հետ համեմատ սահմանել ավելի խիստ պատիժ:

«Սեքսուալ բնույթի այլ գործողություններ» ասելով հասկանում ենք անձի (կնոջ կամ տղամարդու) կողմից սեռական կրքերին հագուրդ տալը խաթարված եղանակով, բնականաբար, բացի համասեռամոլությունից: Կնոջ կողմից կատարվող բնական եղանակով սեռական հարաբերությունը, իմ կարծիքով, չի կարող դիտվել «Սեքսուալ բնույթի այլ գործողություն», քանի որ «այլ գործողությունը» բացառում է բնական եղանակով կատարված սեռական հարաբերությունը:

Տրամաբանական չեր լինի «մի գործողության» համար սահմանել քրեական պատասխանատվություն, այնուհետև այն նորից ներառել մեկ այլ հանցակազմում: Ընդհակառակը, կանանց նույնպես համարելով բռնաբարության սուբյեկտ, լիարժեք կարժևորվեն քննարկվող երկու հանցակազմերը, և արարքի որակման հարցում բոլոր տարաձայնությունները կվերանան: Նման մոտեցում կա Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքում, որտեղ (131-րդ հոդված) բռնաբարությունը սահմանվում է հետևյալ կերպ. «Բռնաբարությունը՝ սեռական հարաբերությունը տուժողի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով»: Այստեղ կանաց և տղամարդկանց միջև խտրականություն չի դրված և կարևորություն է տրված կատարված վտանգավոր արարքին, այլ ոչ թե ով է այն կատարում:

Քննարկենք մեկ օրինակ ևս, օրինակ, բավականին տարօրինակ վիճակ է ստացվում, երբ բռնաբարությունը կատարվում է միջնորդավորված, այսինքն՝ օրենքի ուժով հանցագործության սուբյեկտ չհամարվող անձին որպես գործիք օգտագործելով:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մաuնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ, ինչպեu նաև հանցանքը կատարել է այլ այնպիuի անձանց oգտագործելու միջոցով, ովքեր oրենքի ուժով ենթակա չեն քրեական պատաuխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ: Հանցագործության այսպիսի կատարումը քրեաիրավական գրականության մեջ ընդունված է անվանել միջնորդավորված կատարում: Օրինակ, եթե անմեղսունակ կամ 14 տարին չլրացած անձին օգտագործում են, ասենք, կատարելով գողություն, ապա կատարված գողության համար որպես կատարող պատասխանատվության կենթարկվի անմեղսունակին կամ 14 տարին չլրացած անչափահասին գողություն կատարելու մեջ օգտագործած անձը, այլ ոչ թե, որպես «գործիք» օգտագործված անմեղսունակը կամ անչափահասը: Նույն կերպ է լուծվում քրեական պատասխանատվության հարցը բոլոր միջնորդավորված հանցագործությունների դեպքում, այդ թվում և՝ բռնաբարության:

Եթե բռնաբարության կազմակերպիչը կին է, իսկ անմիջական կատարողն՝ անմեղսունակ անձ (հոգեկան հիվանդ), ապա կատարող պետք է համարել կազմակերպիչին (կնոջը), սակայն կինը բռնաբարության սուբյեկտ չի համարվում, և առաջանում է կազուս: Շատ քրեագետներ առաջարկում են այս դեպքում ևս, այն որակել 139-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մոտեցումը, կարծում եմ, ճիշտ չէ, որովհետև փաստացի կատարված արարքը բռնաբարություն է, սակայն «ստիպված» այն որակում ենք որպես սեքսուալ բնույթի բռնի գործողության կատարում, քանի որ կինը չի կարող բռնաբարության սուբյեկտ լինել: Եթե միջնորդավորված բռնաբարությունը կատարվեր տղամարդու կողմից, այն միանշանակ կորակվեր որպես բռնաբարություն, սակայն քանի որ կատարում է կինը, մենք փոխում ենք արարքի իրավաբանական գնահատականը, որովհետև փաստացի կատարված արարքը բավարար իրավական կարգավորում չունի:          Ստացվում է, որ ակամայից կիրառում ենք քրեական օրենքի անալոգիա, որն արգելվում է: ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Քրեական oրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է»:

Մեր կարծիքով, կանայք նույնպես պետք է համարվեն բռնաբարության սուբյեկտ, այլապես խախտվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածը, համաձայն որի՝ հանցանք կատարած անձինք հավաuար են oրենքի առջև և ենթակա են քրեական պատաuխանատվության` անկախ uեռից, ռաuայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ uոցիալական ծագումից, ազգային փոքրամաuնությանը պատկանելուց, ծննդից, գույքային կամ այլ դրությունից: Սա միևնույն ժամանակ ենթադրում է նաև նույն արարքի որակման միատեսակ մոտեցում, ուստի տվյալ դեպքում արդարացված չէ կոնկրետ դեպքով խտրականությունը:

 

ՌՈՄԱՆ ԱՀԱՐՈՆՅԱՆ

ՓԱՍՏԱԲԱՆ

 



Բեռնել

Վերադառնալ