Արցախի Հանրապետություն․ էթնիկ զտում-պատերազմական հանցագործություն-ցեղասպանություն
13.12.2023 11:37«Հրապարակ» թերթի 2023թ. հոկտեմբեր 24-ի համարը, հղում անելով Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի Reuters-ին տված հարցազրույցը, գրում է, թե վերջինս «հայտարարել է, որ բոլոր 120 հազար արցախահայերը կլքեն իրենց պատմական հողը և կտեղափոխվեն Հայաստան, քանի որ նրանց 99,9%-ը չի ցանկանում և մտադիր չէ միանալ Ադրբեջանին և ենթարկվել էթնիկ զտումների»։ Արցախի նախկին ԱԳ նախարարի հայտարարությունը, ինչպես նաև Արցախում տիրող իրավիճակը և հատկապես այն հանգամանքը, որ արցախահայությունը չի ցանկանում տեսնել Արցախն Ադրբեջանի կազմում, ոչ պատրաստ է, և ոչ էլ հավատում է «վերաինտեգրման» ադրբեջանական կեղծ թեզին ծանրակշիռ հիմքեր ունի:
Այդ հիմքերից ծնված պատճառահետևանքային կապերի կամ թե պատճառների մասին, սակայն, մասնագիտական շրջանակների կողմից՝ ի մասնավորի միջազգային իրավաբաններ, ցեղասպանագետներ, քաղաքագետներ, հոգեբաններ, սոցիոլոգներ, պատմաբաններ, աստվածաբաններ և այլն, այսօր բավարար չափով չի բարձրաձայնվում ո՛չ հայաստանյան և ո՛չ էլ սփյուռքի մամուլում (խոսքը նեղ մասնագիտական վերլուծությունների և գնահատականների մասին է: Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի աշխատանքն այս իմաստով բացառություն է): Մինչդեռ համակարգված արձագանք է պետք ստեղծված իրավիճակին, որը հնարավորություն կընձեռի արցախահայության հարցին համարժեք հնչեղություն հաղորդել հատկապես միջազգային իրավունքի ատյաններում, ինչպես նաև ցույց տալու արդի փորձագիտական վերլուծություններում և բանակցային գործընթացներում որոշ ուժային կենտրոնների կողմից հետևողականորեն առաջ մղվող հանդուրժողականության կեղծ թեզի սնանկությունը: Իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից ի՞նչ տեղի ունեցավ հայկական Արցախում, պատմական այն տարածաշրջանում, որտեղ էթնիկ հայ ժողովրդի մի հատված ապրել և արարել է հազարամյակներ շարունակ, որ հակառակ պատմության վայրիվերումների և կեղծ մեկնաբանությունների, երբեք զանգվածաբար չի լքել հայրենի հողը:
Սույն հոդվածում համակարգային վերլուծությամբ փաստարկված բացահայտում ենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հանդեպ իրականացված «ռազմական գործողությունները» պատերազմական հանցագործություններով և ցեղասպանական քաղաքականությամբ ուղեկցված էթնիկ զտման դասական օրինակ է: Ավելին: Կատարվածը լիարժեքորեն համընկնում է ՄԱԿ-ի փորձագիտական հանձնաժողովի «էթնիկ զտում» եզրույթի սահմանմանը: Միացյալ Ազգերի կայքի՝ Ցեղասպանությունը կանխարգելելու և պաշտպանելու պատասխանատվությունը գրասենյակի (OFFICE ON GENOCIDE PREVENTION AND THE RESPONSIBILITY TO PROTECT) էջում (տե՛ս www.un.org.) հստակ նկարագրված է, թե ինչ է էթնիկ զտումը: «էթնիկ զտում» եզրույթն անմիջականորեն աղերսվում է 1990 ականների Հարավսլավիայում բռնկված սերբ-խորվաթական հակամարտությանը: Թեպետև ինչպես ուսումնասիրողներն են նկատում տարածաշրջանը մեկ այլ էթնիկ խմբից «մաքրելու» սերբական քարոզարշավը պատմականորեն նոր երևույթ չէ:
Բնակչության տարհանումը կամ թե տեղափոխումը շատ ավելի հաճախ է տեղի ունեցել պատմության ընթացքում, քան սովորաբար խոսվում է այդ մասին (տե՛ս A. Bell-Fialkoff, “A Brief History of Ethnic Cleansing”, Foreign Affairs, Vol. 72, No. 3 (Summer, 1993), pp. 110-121, Published by: Council on Foreign Relations): ՄԱԿ-ի՝ Ցեղասպանությունը կանխարգելելու և պաշտպանելու պատասխանատվությունը, գրասենյակը էթնիկ զտում եզրույթի սահմանումը հիմնում է հիշյալ հակամարտության հետևանքով թույլ տրված միջազգային մարդասիրական օրենքի խախտումների վերաբերյալ իր փորձագիտական հանձնաժողովներից մեկի ներկայացրած երկու հաշվետվությունների վրա: Համաձայն առաջին կամ միջանկյալ հաշվետվության S/25274՝ «տարածաշրջանը էթնիկորեն միատարր դարձնելու նպատակով ուժի կամ ահաբեկչության գործադրմամբ մարդկանց կամ որոշակի խմբի տարածքից տեղահանումը» էթնիկ զտում է: Իր վերջնական S/1994/674 զեկույցում միևնույն հանձնաժողովը էթնիկ զտումը բնութագրում է որպես՝ «մեկ էթնիկ կամ կրոնական խմբի կողմից ձևավորված քաղաքականություն, որը նպատակաուղղված է որոշակի աշխարհագրական տարածքից բռնի և ահաբեկչություն-ներշնչող միջոցներով տեղահանել մեկ այլ էթնիկ կամ կրոնական խմբի քաղաքացիական բնակչությանը»:
ՄԱԿ-ի փորձագիտական հանձնաժողովը հաստատում է նաև, որ «հարկադրական գործողությունները, որ միտված են տեղահանել քաղաքացիական բնակչությանը կարող են ընդգրկել՝ սպանություն, տանջանք, կամայական ձերբակալություններ և կալանք, արտադատ մահապատիժ, բռնաբարություն և սեռական բռնություն, քաղաքացիական բնակչության հանդեպ ֆիզիկական խիստ ցավ, քաղաքացիական բնակչության սահմանափակում/բանտարկում գետտո տարածքներում, բռնի հեռացում, քաղաքացիական բնակչության տեղահանում և վտարում/տարագրում, միտումնավոր/կանխամտածված ռազմական հարձակումներ կամ հարձակման սպառնալիքներ քաղաքացիների վրա կամ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ, քաղաքացիական բնակչության օգտագործում որպես մարդկային վահան, սեփականության ոչնչացում, անձնական ունեցվածքի թալան, հարձակում հիվանդանոցների, բուժանձնակազմի և Կարմիր Խաչի/Կարմիր Մահիկի խորհրդանշանների վրա ի թիվս այլ գործողությունների (տե՛ս www.un.org.): Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հանդեպ իրականացված էթնիկ զտման քաղաքականության սկիզբ պետք է համարել շուրջ ինն ամիս շարունակվող Բերձորի (Լաչինի) միջանցքի ռազմական և էներգետիկ շրջափակումը: Վերջինս չվերացվեց Ադրբեջանի բռնապետական վարչակարգի կողմից անգամ այն դեպքում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարեց ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջը:
Զրկելով մարդկանց առօրյա սննդից և կենսաապահովման միջոցներից՝ Ադրբեջանը նպատակադրվել էր ֆիզիկապես հյուծել, հոգեպես ընկճել, և բարոյապես նվաստացնել մի ողջ ազգաբնակչության: Այդ նպատակով ինն ամիս շարունակվող Բերձորի (Լաչինի) միջանցքի ռազմական և էներգետիկ շրջափակումը Ադրբեջանի կողմից ուղեկցվում էր միակողմանի ապակառուցողական տեղեկատվական հոսքերով․մի կողմից՝ իսկության ձևախեղմամբ, մյուս կողմից՝ տեղեկատվական պատերազմով։ Այն է՝ ստեղծել ավերչական (նեկրոֆիլ) վախի մթնոլորտ և զրկել արցախահայությանը ոչ միայն ինքնորոշված հայրենիք ու պետություն ունենալու իրավունքից, այլև՝ ինքնությունից, և ապագայից առհասարակ: ՄԱԿ-ի փորձագիտական հանձնաժողովի վերջնական զեկույցը հավաստում է, որ «հարկադրական գործողությունները, որ միտված են տեղահանել քաղաքացիական բնակչությանը կարող են ընդգրկել…քաղաքացիական բնակչության սահմանափակում/բանտարկում գետտո տարածքներում…» (տե՛ս www.un.org.): Արցախի անմարդկային շրջափակումը հիշեցնում էր ֆաշիստական համակենտրոնացման ճամբարները: Իսկ Ադրբեջանի պետական կառավարող վերնախավի ապակառուցողականությունը, մարդատյացությունը ոչնչով չի տարբերվում Երրորդ Ռայխի քաղաքականությունից …. :
Արցախի հարցով միջազգային բանակցողները, միջազգային համայնքը, սակայն, խուսափեցին ճշմարտության մասին մինչև վերջ խոսելուց, ինչպես նաև գործնական միջամտությունից: Նրանք ընդամենը բավարարվեցին հանդուրժողականության անարդյունք կոչերով և մասնավոր գնահատականներով՝ հաճախ անգամ հավասարության նշան դնելով զոհի և ոճրագործի միջև: Մասնավոր հարգանքի արժանի են որոշ բացառություններ, ինչպես օրինակ՝ Միջազգային քրեական դատարանի դատախազ (2003-2012) Լուիս Մորենո Օկամպոն, որ հայտարարեց, թե «Իլհամ Ալիևը ցեղասպանությունն օգտագործում է որպես բանակցային մեթոդ…»։ Եվ բնավ պատահական չպետք է համարել այն փաստը, որ Արցախի դեմ Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողությունները» սկսվեցին անմիջապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի և Արցախի Հանրապետությունների կառավարությունների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ Աղդամի և Բերձորի ուղղություններով թույլ տալ մարդասիրական օգնության մուտքն Արցախ: Այս պայմանավորվածությունը, թվում է, թե պետք է դրական իմաստով անդրադառնար իրավիճակի վրա, սակայն, այն ավելի մեծ աղետների սկիզբ դարձավ արցախահայության համար: Սա որևէ կասկածի տեղ չի թողնում, որ երբ այլևս սկսեց չաշխատել Արցախի շրջափակման, այն է՝ սովամահության և կենսաապահովման պայմանների բացառման միջոցով ահաբեկելու և հյուծելու ցեղասպան մեթոդը, Ադրբեջանն իր նպատակին հասնելու համար դիմեց զենքի և բռնության՝ նախապես ծրագրավորված սցենարով:
2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանումները հարձակում են իրականացնում Արցախի Հանրապետության վրա՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտմամբ: Ռուս խաղաղապահների ներկայությունը ոչ միայն չի կանխում Բաքվի բռնապետության կողմից սանձազերծված հարձակումը, այլև դրան զոհ են գնում թվով վեց խաղաղապահներ (խաղաղապահների սպանության վերաբերյալ ադրբեջանական կողմի բացատրությունները խիստ կասկածելի են և ՄԻԵԴ ի կողմից ենթակա մասնավոր հետաքննության): Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ ադրբեջանական հատուկ ստորաբաժանումները քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կիրառել են «ականանետ, մեծ տրամաչափի գնդացիրներ»: Արցախի ՊԲ-ի պաշտոնական հաղորդագրությունն այնուհետև հավելում է. «Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր…»:
Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն այս առնչությամբ նկատում է, որ Արցախի բնակավայրերը (խոշոր բնակավայրերն իրենց գյուղերով՝ Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին և Ստեփանակերտը) նախապես ծրագրավորված մեխանիզմով մեկուսացվել են «Արցախում քաոս ու խուճապ առաջացնելու համար: Սա նաև արվել է հանցանքների հետքերը թաքցնելու նպատակով»: Նախկին օմբուդսմենը, այնուհետև հավելում է, որ «Այդ օրերին ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել էին նաև բնակելի տներ, մանկապարտեզներ ու դպրոցներ, կենսական նշանակության ենթակառուցվածքները (օրինակ` գյուղերի դպրոցներ, ամբողջ Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգը և այլն)»: Արցախի ՄԻՊ-ի գրասենյակի պաշտոնական կայքեջում նկարագրված է, թե Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողության ժամանակ ահաբեկչական ինչ քարոզչություն է իրականացվել քաղաքացիական բնակչության դեմ: Ըստ այնմ՝ հաղորդվում է, որ «Ադրբեջանական տելեգրամյան ալիքները մարդկանց խրախուսում են գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախի անհայտ կորածներին՝ նույնիսկ դրա համար գումար առաջարկելով։ Անհայտ կորածների բազմաթիվ հարազատներ, որոնք արդեն իսկ հոգեբանական խոցելի վիճակում են, բողոքում են, որ Ադրբեջանը զանգերով ու sms-ներով ահաբեկում և սպառնում է նրանց»։ Բռնության վերոհիշյալ կոչերը բացահայտ վկայում են այն մասին, որ հայատյացությունը Բաքվի բռնապետական վարչակարգի քաղաքական գաղափարախոսության առանցքն է դարձել, ինչպես ժամանակին ֆաշիզմը՝ նացիստական Գերմանիայի:
Անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակմանը, Լուիս Մորենո Օկամպոն The Washington Post-ում գրել է, որ մեկ օրվա ընթացքում ադրբեջանական ուժերը արագորեն սպանել են ավելի քան 200 մարդու, այդ թվում՝ խաղաղ բնակիչների: Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված «ռազմական գործողությունները» ՄԱԿի ձևակերպմամբ՝ «հարկադրական գործողություններ» շարքից են, որի արդյունքում տեղի է ունենում «միտումնավոր/կանխամտածված ռազմական հարձակումներ կամ հարձակման սպառնալիքներ քաղաքացիների վրա կամ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ…» (տե՛ս www.un.org.): Ավելին: Էթնիկ զտումը, ինչպես հղում են ՄԱԿի փորձագիտական հանձնաժողովների հիշյալ զեկույցները, որոշակի էթնիկ կամ կրոնական խմբի բռնի տեղահանմանն է վերաբերում մեկ այլ էթնիկ կամ կրոնական խմբի միջոցով: Ադրբեջանի հանրապետության բնակչության 85 % շիա մահմեդական է, իսկ մնացյալ 15% սուննի ճյուղի հետևորդ: Արցախահայության հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման մեջ կրոնական գործոնի դերը հատուկ հետաքննության նյութ պիտի դառնա, մանավանդ, որ, ինչպես 44 օրյա պատերազմում, այնպես էլ այսպես կոչված ռազմական գործողությունների ժամանակ, մասնավոր թիրախավորվել են հայկական եկեղեցիներն ու վանքերը ( 2020 թ. սեպտեմբեր 20 ին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 օրյա պատերազմից ի վեր Արցախում ավերվել է շուրջ 11 եկեղեցի և վանք և 10 այլ պատմամշակութային հուշարձաններ): Այսպիսով՝ հայկական կրոնական կառույցների նկատմամբ իրականացված ծրագրավորված վայրագությունները ապացուցում են, որ արցախահայության բռնի տեղահանումն իրենց հայրենիքից միայն նրանց էթնիկ ծագմամբ չէ պայմանավորված, այլև՝ կրոնական պատկանելությամբ: Հիշյալ եզրակացությունն ամբողջացնում է Ջերեմի Մորիսի՝ Միջեկեղեցական հարաբերությունների գծով Անգլիայի Եկեղեցու ազգային խորհրդականի, «Մեկ ուրի՞շ մոռացված պատերազմ, մեկ ա՞յլ մոռացված ժողովուրդ» (Another forgotten war another forgotten people?) հոդվածում հանդիպող սույն կարևոր դիտարկումը. «Կրոնական պլյուրալիզմի և հանդուրժողականության մասին Ադրբեջանում մեզ տրված գրականությունը գրեթե որևէ ձևով չի հիշատակում հայկական քրիստոնեության մասին, այլ ընդհակառակը միտված է փոխարինելու այն ուր-ավանդության՝ «Աղվանական-Ուդիական» հավատքի մեծապես վիճելի տեսակով, որն ամբողջությամբ ջնջվել է Հայ Եկեղեցու կողմից»: Ասվածը միանշանակ փաստում է, որ 2023 թ. սեպտեմբեր 19-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախահայության հանդեպ իրականացված էթնիկ զտումը Բաքվի իշխող վարչակարգի կողմից նախօրոք ծրագրավորված է եղել: Ավելին: Վերջինիս համար հիմք է ծառայել Բաքվի կողմից տարիներ շարունակ հայերի և մասնավորապես Արցախի Հանրապետության բնակչության դեմ քարոզվող կրոնական և էթնիկ խտրականությունը, զորօրինակ՝ Հայոց Եկեղեցու կողմից «Աղվանական-Ուդիական» եկեղեցու ոչնչացման կեղծ թեզը, քաղաքական, ռազմավարական կամ գաղափարական այլ նկատառումները, կամ թե այս ամբողջի համակցությունը, ինչպես էթնիկ զտումների պարագային է հանդիպում (հմմտ. A. Bell-Fialkoff, “A Brief History of Ethnic Cleansing”, էջ 110):
Արցախահայության և առհասարակ հայ էթնոսի դեմոնիզացման Բաքվի քաղաքականության հետագիծը, գաղափարական առումով, ուղիղ կապի մեջ է Նացիստական վարչակարգի հակասեմական քաղաքականության հետ: Երկու դեպքում էլ ազգային և կրոնական խտրականությունն էապես որոշիչ են: Այս իմաստով էթնիկ զտման վերաբերյալ ՄԱԿ ի փորձագիտական հանձնաժողովի սահմանումը լիարժեքորեն համընկնում է արցախյան խնդրի հետ. «մեկ էթնիկ կամ կրոնական խմբի կողմից ձևավորված քաղաքականություն, որը նպատակաուղղված է որոշակի աշխարհագրական տարածքից բռնի և ահաբեկչություն-ներշնչող միջոցներով տեղահանել մեկ այլ էթնիկ կամ կրոնական խմբի քաղաքացիական բնակչությանը» (տե՛ս www.un.org.): Ըստ այնմ՝ Ադրբեջանի զինված ուժերը փաստացիորեն իրենց պատմական բնօրրանից «հարկադրական գործողությունների» միջոցով տեղահանել են էթնիկ հայ քրիստոնյա բնակչությանը: Christian solidarity International (CSI)-ն իր հայտարարության մեջ արդարացիորեն նկատում է, որ «Արցախում տեղի ունեցած պատերազմի հետեւանքով ոչնչացվել է հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը»,- հավելելով, որ «բազմաթիվ հնագույն եկեղեցիներ ներկայումս գտնվում են պղծման կամ ոչնչացման վտանգի ներքո: Միացյալ Ազգերի կայքի վերը հղված էջում, կարդում ենք, որ «էթնիկ զտումը միջազգային օրենքով չի ճանաչվել որպես անկախ հանցագործություն» (տե՛ս www.un.org.): Հակառակ ասվածի՝ ՄԱԿ-ի փորձագիտական հանձնաժողովը հաստատում է նաև, որ «հարկադրական գործողությունները, որ միտված են տեղահանել քաղաքացիական բնակչությանը կարող են ընդգրկել՝ սպանություն, տանջանք, կամայական ձերբակալություններ և կալանք, արտադատ մահապատիժ, բռնաբարություն և սեռական բռնություն…» (տե՛ս www.un.org.): Միևնույն ժամանակ ՄԱԿ ի փորձագիտական հանձնաժողովի դիտարկումը/նկարագրությունը էթնիկ զտման «հարկադրական գործողությունների» մասով, որ «միտված են տեղահանել քաղաքացիական բնակչությանը», թե՛ հիշյալ հանձնախմբի գնահատմամբ և թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից հավասարապես և՛ պատերազմական հանցագործություններ են և՛ ցեղասպանություն: ՄԱԿ-ի փորձագետների հիշյալ հանձնաժողովը էթնիկ զտման սահմանման առնչությամբ նկատում է, որ վերջինիս հետ աղերսվող գործողությունները կարող են «օրենքի ոտնահարում դիտվել ընդդեմ մարդկության և կարող են համեմատվել պատերազմական որոշակի հանցագործությունների հետ: Բացի այդ, այսպիսի գործողությունները կարող են ցեղասպանության կոնվենցիայի սահմանման ներքո դասակարգվել», եզրակացնում է հիշյալ հաշվետվությունը (տե՛ս www.un.org.): Այլ խոսքով՝ ինչպես մասնագետներն են նկատում, էթնիկ զտումը մի կողմից անբաժանելի մաս է կազմում հարկադրված տարհանման և բնակչության փոփոխության, մինչ մյուս կողմից այն սերտորեն աղերսվում է աքսորի և ցեղասպանության հետ (տե՛ս A. Bell-Fialkoff, “A Brief History of Ethnic Cleansing”, էջ 110): ՀՀ ԱԳՆ հայտարարությունը պաշտոնապես հայտնում է, որ «Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքերի մասին»:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության դեմ կատարված ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանության մասով ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող մեծածավալ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներին շեշտել է, որ սեփական հայրենիքում արցախահայության հետագա գոյությունն անհնարին դարձնելուն ուղղված պլանավորված և ամիսների ընթացքում հետևողականորեն իրականացված գործողություններն ուղեկցվել են «ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորմամբ, քաղաքացիական անձանց նկատմամբ բռնություններով, գերեվարումներով, դիերի անարգմամբ և այլն»: Հաջորդիվ «X»-ի իր միկրոբլոգում ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հղում անելով «ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալներին՝ սեպտեմբերի 19–ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, մասնավորապես երեխաների թվի մասին»,– գրում է, որ «14 մարդ խոշտանգվել է, 64–ը զոհվել Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ»:
Էթնիկ զտման հիմքով միջազգային հանրությունը ճանաչեց Կոսովոյի ինքնորոշվելու իրավունքը: Սա է հիմնական պատճառը, կենթադրեն ոմանք, որ Արցախի միջազգային բանակցողները, կամ թե միջազգային կառույցները խուսափում/դանդաղում են էթնիկ զտում եզրույթը կիրառել Արցախի ազգաբնակչության բռնի տեղահանման առնչությամբ, կամ էլ սպասում են իրադարձությունների հետագա զարգացմանը ճշմարտությունն ասելու համար: Թեպետև միջազգային կառույցները ներկայացնող առանձին անհատներ/խմբեր ադրբեջանական «հատուկ գործողությունները» միանշանակ բնորոշում են որպես էթնիկ զտում: Միևնույն ժամանակ, ոմանք կենթադրեն, որ այս լույսի ներքո պետք է հասկանալ ՄԱԿ ի ուշացած առաքելության այցն Արցախ և շատերի համար հիասթափեցնող գնահատականը տեղի ունեցածին՝ հակառակ խոսուն փաստերի (@edmarukyan): Միևնույն ժամանակ անհրաժեշտ է արձանագրել, որ միջազգային բանակցողները, կառույցներն ու իրավունքը Արցախի ազգաբնակչության դեմ ամիսներ շարունակ կանխատեսվող այս աղետը որևէ ձևով չխոչընդոտեցին, միջոցներ չձեռնարկեցին այն կանխելու համար: Ավելին: Միջազգային բանակցողների հետ աղերսվող հայտնի լրատվամիջոցները նույնպես կրնկաքայլ հետևեցին որդեգրված քաղաքականությանը: Ջո Ջենկինսը խոսելով Ռուանդայի ցեղասպանության մասին նկատում է. «Ռուանդայի սարսափելի ցեղասպանության ընթացքում լրատվամիջոցները մեծ դերակատարություն ունեցան՝ միջավայր ստեղծելով ահասարսուռ մարդկային տառապանքի համար, որ տեղի ունեցավ» (J. Jenkins, Contemporary Moral Issues, Oxford, Heinemann, 2002, էջ 86): Զուգահեռն Արցախի հետ ակնհայտ է: Միջազգային մամուլն ընտրողական վերաբերմունք որդեգրեց արցախյան հարցի առնչությամբ, իսկ ավելի ստույգ՝ խտրական: Համեմատությունը ռուս-ուկրաինական և պաղեստինա-իսրայելական հակամարտությունների հետ թույլ են տալիս պնդել, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ազգաբնակչության հանդեպ իրականացված էթնիկ զտումը ոչ միայն պատշաճ լուսաբանման չարժանացավ, այլև միտումնավոր, հետևողականորեն լռության դատապարտվեց կնքված բիզնես գործարքների դիմաց: Հուսանք, որ Սառույցը կկոտրվի գալիք 2024 թվականին: Այս իմաստով կարևոր քայլ է ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Վիվեկ Ռամասվամիի վերջերս հնչեցրած այն դիտարկումը, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում իրականացված հանցագործության մասին թերի է տեղեկացված արևմտյան ընթերցողը: «Տեսեք, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև- ասում է նա լրագրողին,- Ինչո՞ւ չենք լսում սրա մասին: Որովհետև Վաշինգտոնում Ադրբեջանի լոբբին նույնքան արդյունավետորեն է գործում, որքան Ուկրաինայինը… Կատարվողը ոճրագործություն է: 100.000-120.000 քրիստոնյա հայեր քշվում են Հայաստան մի տարածքից, որը նրանց համար տուն է եղել շատ երկար ժամանակ: Ոճրագործությունների զգալի հատվածը դեռևս չլուսաբանված է մնում արևմտյան մեդիայում… Վաշինգտոնում ադրբեջանական հզոր լոբբին կափարիչ է դրել այս թեմայի վրա: Այն պատշաճ չի լուսաբանվում, ինչի պատճառով էլ շատ ամերիկացիներ այս խնդրի մասին երբևէ չեն լսել… Անվերջորեն լսում ենք Ուկրաինա Ռուսաստանի ներթափանցման մասին և «ճիշտ կողմի» կողքին կանգնելու անհրաժեշտության մասին… ԱՄՆ-ին այնպիսի առաջնորդներ են հարկավոր, որոնք կդատապարտեն աշխարհի ցանկացած կետում կատարվող ոճրագործությունները», – հայտարարել է նա»:
Կարծես թե իմաստ չկա որևէ մեկնաբանություն ավելացնելու ասվածի առնչությամբ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն «X»–ի իր էջում արդարացիորեն նկատում է, որ «կենսական է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման և դրա հետևանքով էթնիկ զտումների մասին օբյեկտիվ լուսաբանումը մամուլում»: Այս գրառումը, սակայն, դժվար թե բարոյապես պարտավորեցնի «ուժային կենտրոններից» կախման մեջ գտնվող միջազգային լրատվությանը՝ խոսել հօգուտ ճշմարտության: Ճշմարտությունը հաղթանակում է, եթե կա պայքար հանուն այդ ճշմարտության: Այս տեսանկյունից միևնույն ժամանակ անհասկանալի է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրավորական կեցվածքը, կամ նույնն է թե՝ լռությունը, արցախահայության խնդրի առնչությամբ: Տպավորություն է, որ ինստիտուտը միայն 1915 թ. խնդրով է զբաղվում և հայության ներկա ճակատագրով հետաքրքրված չէ: Եվ սա այն դեպքում, երբ էթնիկ զտման խնդրին առնչվող ուսումնասիրությունները՝ հայկական հարցը, հայոց ցեղասպանությունը, իբրև դասական օրինակ են հղում՝ էջեր և անհատական գլուխներ նվիրելով դրան (տե՛ս M. Mann, The Dark Side of Democracy: Explaining Ethnic Cleansing, Cambridge University Press, 2005, pp. 111-140):
Մասնագետները մատնանշում են, որ զանազան «էթնիկ զտումներ» հիմնականում ծագում են կործանվող կայսրությունների և ազգային-պետության վերածվող կառավարությունների ցանկությունից, որ ձգտում են պաշտպանել իրենց տարածքներն աքսորի, վտարման կամ էթնիկ խմբերի զանգվածային սպանության միջոցով, որոնց կասկածում են անհավատարմության մեջ (GREGOR THUM (2010). Ethnic Cleansing in Eastern Europe after 1945. Contemporary European History, 19, pp 75-81 doi:10.1017/S0960777309990257): Ասվածը հատկանշական է մասնավորապես Օսմանյան կայսրության առնչությամբ, որի որդեգրած քաղաքականությունը հանգեցրեց Ի դարի առաջին ցեղասպանությանը, որն իրագործվեց քրիստոնյա էթնիկ հայերի, հույների և ասորիների հանդեպ: Այլ խոսքով՝ արցախահայության խնդիրը, Արցախի Հանրապետությունում Բաքվի վարչակարգի կողմից իրականացված էթնիկ զտումն անմիջական շարունակականության մեջ է գտնվում ինչպես 1915 թ. ցեղասպանության, այնպես էլ վերջինիս համար համապատասխան հող նախապատրաստած իրադարձությունների հետ: Իբրև ամփոփում, նկատենք, որ Արցախի հանրապետության անկումը և բնիկ (արտարխոն) հայերի էթնիկ զտումն այն դաժան փաստն է, որ ի ցույց դրեց «Ուժային բևեռների» կողմից քարոզվող հանդուրժողականության թեզի սնանկությունը, որի օրինակները պատմության մեջ, ցավոք, քիչ չեն. Սուդանի Դարֆուր նահանգում 2004-2007 թթ., զոհվեց մոտ 0,5 միլիոն մարդ, մինչ 2,5 միլիոնը՝ դարձավ փախստական:
Դժբախտաբար, համաշխարհային հանրությունը խիստ ուշացումով արձագանքեց տարածաշրջանի «քաղաքական զարգացումներին»: Եվ սրա բացատրությունը մեկն է: Միջազգային քաղաքականությունը խաղի մի հիմնական կանոնի է ենթարկվում, և դա մարդու իրավունքներին չի աղերսվում, այլ անմիջական կախման մեջ է գտնվում երկրների և համաշխարհային առևտրական ընկերությունների շահերից՝ հանգեցնելով նեոգաղութատիրության և նեոմալթուսականության (տե՛ս Մ․ Մարգարյան, Քաղաքական արդիականացման հրամայականները Հայաստանի Հանրապետությունում, Երևան, Պետական Ծառայություն, 2019): Հետևաբար եզրակացությունը հստակ է. Արցախի էթնիկ, քրիստոնյա հայ բնակչությանն իրենց պատմական հայրենիքից որպես «անցանկալի» բնակչության, տեղահանելու, էթնիկ զտման ենթարկելու հարցում միջազգային բանակցողների, կառույցների միջև չկար շահերի բախում, այդ պատճառով էլ այն թույլատրվեց Ադրբեջանին՝ «գնված և կառավարվող համակարգերի» անտարբեր լռության պայմաններում: Այս ամենը շեշտադրում ենք միայն ցույց տալու համար, որ «հանդուրժողականության» սկզբունքի շահարկումը (նաև՝ եղծումը) կարող է մարդասիրական աղետի դուռ բացել ցանկացած էթնիկ կամ կրոնական համայնքի/խմբի համար, մանավանդ, երբ հակամարտող կողմերից որևէ մեկը առաջնորդվում է հարցը ուժային տարբերակով լուծելու նպատակադրությամբ, իսկ ուժային բևեռների, միջազգային բանակցողների-խաղացողների համար որոշիչ են դառնում բիզնես շահերն ու հաշվարկները, այլ ոչ թե ազգերի և ժողովուրդների հիմնարար իրավունքները, ոչ թե մարդն իբրև գերագույն արժեք: Հռոմի ստատուտի 7 րդ հոդվածը վերաբերում է մարդկության դեմ իրագործված հանցագործության մի տարատեսակի, որը որակավորվում է որպես՝ բռնի տեղահանում կամ զանգվածային տեղահանումներ: Այս առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի դիտարկումը, թե «Արցախից մարդկանց բռնի տեղահանումը Միջազգային քրեական դատարանի իրավազորության ներքո է», պետք է այսուհետև ՀՀ պետական քաղաքականության մաս կազմի միջազգային ատյաններում:
Տասնամյակներ շարունակ Բաքվում տիրող ալիևների կլանային իշխանությունը, կարծես թե, Օսմանյան կայսրության ճամփով է ընթանում և արցախահայության ճակատագիրը վաղը կարող են կիսել Ադրբեջանում ապրող ծագումով այլ էթնիկ խմբեր նույնպես, որ կշեղվեն Բաքվի վարչակարգի կողմից որդեգրված ազգային-պետության քաղաքականությունից: Արցախի բնակչության նկատմամբ Բաքվի վարչակարգի կողմից իրականացված էթնիկ զտումը պետք է քաղաքական գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից: Արցախի հանդեպ Ադրբեջանի «հաղթանակն» անմիջական հակասության մեջ է միջազգային իրավունքի հետ, քանի որ այն իրականացվել է ազգերի և ժողովուրդների հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարմամբ: Դա բռնության և ահաբեկչության հաղթանակն է իրավունքի և արդարության հանդեպ, դա ոճրագործի հաղթանակն է զոհի հանդեպ, դա մահվան հաղթանակն է կյանքի հանդեպ: Միջազգային հանրությունը, եթե այսօր համարժեք զգայունություն չցուցաբերի Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման հանդեպ, չդատապարտի այն, համապատասխան քայլեր չձեռնարկի արցախահայության հիմնարար իրավունքների և ազատությունների վերականգնման ուղղությամբ, վաղը ավելի մեծ պատասխանատվության առջև է կանգնելու: Արցախի Հանրապետության խնդիրը լուծված չէ, արցախցին իր պետության, հայրենիքի և դարեր շարունակ կերտած մշակույթի ՏԵՐՆ է և պետք է վերադառնա հայրենի բնօրրան: Դա է պահանջում միջազգային իրավունքը, դա է պահանջում պատմական ճշմարտությունը: Իսկ մինչ այդ հրամայական է և համապատասխան միջազգային կառույցները պարտավորություն պիտի ստանձնեն ապահովել Արցախի մշակութային ժառանգության անվտանգությունը:
Գևորգ եպս․ ՍԱՐՈՅԱՆ
Բեռնել
Վերադառնալ