Համագործակցության մասին Փոխըմբռնման Հուշագիր՝ ստորագրված ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև
09.02.2012 12:39
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև
համագործակցության մասին
ք. Երևան 08.02.2012թ.
Մի կողմից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (այսուհետ` Պալատ), ի դեմս Պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի, և
մյուս կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` Ոստիկանություն), ի դեմս Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի, (այսուհետ` կողմերը միասին` Կողմեր),
Հիմք ունենալուվ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքներով ամրագրված օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքները,
Անվերապահ ընդունելով, որ Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են,
Հաշվի առնելով, որ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները խախտած ոստիկանության ծառայողների կամ փաստաբաններին պատասխանատվության ենթարկելը Ոստիկանության և/կամ Պալատի պարտականությունն է,
Կարևորելով իրավունքի ոլորտի զարգացմանն ուղղված համագործակցության նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունը,
Համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1 Համագործակցության առարկան
1.1 Կողմերը համաձայնվում են համագործակցել հետևյալ ուղղություններով.
1.1.1 Օրենսդրական նախաձեռնություն – նորմատիվ իրավական ակտերի նախագծերի համատեղ մշակում և ներկայացում իրավասու մարմիններին:
1.1.2 Արագ արձագանքման միջոցառումներ - Ոստիկանության աշխատակիցների և փաստաբանների միջև` կապված նրանց մասնագիտական պարտականությունների կատարման հետ, որևէ խնդիր ծագելու դեպքում, այդ խնդրի անհապաղ քննարկումը և օրենքի տառին համապատասխան լուծումը:
1.1.3 Վարքագծի կանոնների պահպանման ապահովում - ոստիկանների կամ փաստաբանների կողմից վարքագծի կանոնների խախտումների հայտնաբերումը, փոխադարձ իրազեկումը և պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը.
1.1.4 Սեմինարներ և միջոցառումներ – անցկացվելիք միջոցառումների և/կամ սեմինարների մասին տեղեկատվության փոխանակում: Փոխադարձ դասընթացների վարմանը մասնակցություն:
1.1.5 Քննարկումներ – համատեղ քննարկումների (կլոր սեղաններ) կազմակերպում` իրավունքի կամ գործնական ոլորտում առաջացած խնդրահարույց և այլ հարցերի կապակցությամբ:
1.1.6 Գրականության փոխանակում – Կողմերի տիրապետման ներքո գտնվող գրականությունից ազատ օգտվելու հնարավորություն:
1.1.7 Դիտորդական առաքելություն – միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ, ըստ կողմի հայեցողության, դիտորդների ապահովում:
1.1.8 Հարգանքի ձևավորում - սպորտային կամ ինտելեկտուալ խաղերին կամ այլ միջոցառումներին ոստիկանների և փաստաբանների ներգրավումը:
Հոդված 2 Հանձնախումբը
2.1 Սույն Հուշագրով նախատեսված համագործակցությունն իրականացնելու նպատակով Կողմերը ստեղծում են հասարակական հիմունքներով գործող վեց անդամներից կազմված հանձնախումբ (այսուհետ` Հանձնախումբ), որը ձևավորվում է հետևյալ կերպ`
2.1.1. Ոստիկանության պետի հրամանով նշանակվում են Հանձնախմբի երեք անդամները` Ոստիկանության համակարգից, որոնցից մեկը Ոստիկանության համակարգող,
2.1.2. Պալատի նախագահի որոշմամբ նշանակվում են Հանձնախմբի երեք անդամները` փաստաբանների կազմից, որոնցից մեկը Պալատի համակարգող:
2.2. Հանձնախումբը գործում է երեք տարի ժամկետով: Հանձնախմբի հաջորդ կազմի ընտրությունը կատարվում է Հուշագրի 2.1 կետում նշված կարգով:
2.3. Հանձնախումբը`
2.3.1. գործում է համերաշխության սկզբունքով.
2.3.2. կարող է առաջարկություն ներկայացնել Ոստիկանության պետին, Պալատի նախագահին կամ այլ պաշտոնատար անձանց` իրավունքների խախտումները վերացնելու մասին.
2.3.3. դիմում է Ոստիկանության պետին կամ Պալատի նախագահին համապատասխան ոստիկանին կամ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու առաջարկությամբ.
2.3.4. անհրաժեշտության դեպքում, Ոստիկանության պետի և Պալատի նախագահի գիտությամբ, հանրության առջև հանդես է գալիս համատեղ հայտարարությամբ.
2.3.5. կազմակերպում է սպորտային կամ ինտելեկտուալ խաղեր կամ այլ միջոցառումներ.
2.3.6. նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտության դեպքում, Ոստիկանության պետի և Պալատի նախագահի հանձնարարությամբ, կազմավորում է աշխատանքային խումբ, սահմանելով վերջինիս աշխատակարգը և ժամանակացույցը.
2.3.7. ապահովում է Հուշագրի 1.1 կետում նշված համագործակցությունը.
2.3.8. տալիս է հայտարարություններ, եզրակացություններ և առաջարկություններ:
2.4. Հանձնախմբի երկու համակարգողները`
2.4.1. ապահովում են Հանձնախմբի անդամների հանդիպումը.
2.4.2. ապահովում են Հանձնախմբի անդամների փոխադարձ շփումները.
2.4.3. Հանձնախմբի անդամների միջև կատարում են աշխատանքի բաժանում.
2.4.4. իրենց մասով ապահովում են Հանձնախմբի գործավարությունը և փաստաթղթերի պահպանությունը (պահպանվում են Պալատում և Ոստիկանությունում):
2.5. Հանձնախմբի անդամը (այդ թվում` համակարգողը)`
2.5.1. կարող է Հանձնախմբում քննարկման ներկայացնել ցանկացած բնույթի հարց.
2.5.2. տեղեկացնում է Հանձնախմբի մյուս անդամին` տեղի ունեցած խախտման մասին.
2.5.3. Հուշագրի շրջանակներում արագ արձագանքում է Հանձնախմբի մյուս անդամի կանչին և համապատասխան միջոցներ է ձեռնարկում.
2.5.4. իրականացնում է այլ գործողություններ, որոնք բխում են Հուշագրի 1.1 կետում նշված համագործակցության առարկայից:
2.6. Հանձնախմբի անունից արված հայտարարությունը, տրված եզրակացությունը կամ առաջարկությունը վավեր է, եթե այն հավանության է արժանացել Հանձնախմբի բոլոր անդամների կողմից: Համաձայնության չգալու դեպքերում, վիճելի հարցի լուծման նպատակով, կողմերի համակարգողները կարող են դիմել Ոստիկանության պետին և Պալատի նախագահին:
2.7. Հարցի անհետաձգելի լուծում պահանջող դեպքերում (օրենքի պահանջների կոպիտ խախտում, իրավունքների սահմանափակում, օրենքով նախատեսված պարտականություններն իրականացնելուն խոչընդոտում) իրավասու կողմի համակարգողը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի օրենքի շրջանակներում հարցի անհապաղ լուծման համար, արդյունքների մասին անհապաղ տեղյակ պահելով մյուս կողմին:
2.8. Հանձնախմբի անդամների հանդիպումները կարող են արձանագրվել: Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, որոնք ստորագրվում են ներկա անդամների կողմից:
2.9. Հանձնախումբը կիսամյակի ավարտից հետո 15 (տասնհինգ) օրվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում Պալատի նախագահին և Ոստիկանության պետին կատարված աշխատանքների մասին:
Հոդված 3 Եզրափակիչ դրույթներ
3.1 Կողմերը հաստատում են, որ սույն հուշագիրը չի արտացոլում իրենց համագործակցությանը վերաբերող բոլոր կետերը և որ դրանք ենթակա են հետագա քննարկման և անհրաժեշտության դեպքում գրավոր ձևակերպման:
3.2 Սույն հուշագիրն ուժի մեջ է ստորագրման պահից:
3.3 Յուրաքանչյուր Կողմ կարող է միակողմանիորեն, առանց որևէ պատճառի ետ կանչել (լուծել) սույն Հուշագիրը: Հուշագիրը կարող է նաև ետ կանչվել (լուծվել) կամ փոփոխվել Կողմերի գրավոր համաձայնությամբ:
3.4 Սույն հուշագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:
3.5 Սույն Հուշագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են փոփոխություններ կատարվել, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով: Այդ արձանագրություններն ուժի մեջ կմտնեն Կողմերի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների ստորագրման պահից և կկազմեն սույն Հուշագրի անբաժանելի մասը:
Ի հավաստումն վերոգրյալի՝ պատշաճ ձևով լիազորված ներքոստորագրյալ ներկայացուցիչներն ստորագրեցին սույն Հուշագիրը:
ՀՀ փաստաբանների պալատ ՀՀ ոստիկանություն
Ռուբեն Սահակյան Վլադիմիր Գասպարյան
Պալատի Նախագահ Ոստիկանության պետ
Բեռնել
Վերադառնալ