Ինչու՞ ՀՀ քաղաքացին արդարություն պետք է փնտրի Եվրոպական դատարանում
07.02.2012 18:28Ինչու՞ ՀՀ քաղաքացին արդարություն պետք է փնտրի Եվրոպական դատարանում
06.02.2012 թ-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը`
նախագահող դատավոր`Կարինե Ղազարյան,
դատավոր՝ Գրիշա Մելիք-Սարգսյան և
դատավոր Հենրիկ Տեր-Ադամյան,
պաշտպաններ` Գ.Խաչատրյանի և Ն.Կարապետյանցի վերաքննիչ բողոքի հիման վրա, քննության առավ քրեական գործն ըստ մեղադրանքի Ա.Հովհաննիսյանի ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3 մասի 1 կետով, և գտավ, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանման ենթակա չի, որ Ա.Հովհանիսյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, և նա պետք է կրի 10 տարվա ազատազրկում…. չկատարված հանցագործության համար:
Վերջինիս մեղադրվում է այն բանում, որ իբրև զենքի գործադրմամբ, առանձնապես խոշոր չափերի գույք ակնհայտ հափշտակելու նպատակով, նախնական համաձայնության գալով դատապարտյալներ Ս.Գասպարյանի և Խ.Մակարյանի հետ, 2009 թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 18-ի սահմաններում, գնացել են Վալյա Ամիրխանյանին պատկանող բնակարան ավազակային հարձակում են կատարելու նպատակով: Քրեական գործի նյութերով հիմնավորվում է, որ Ա.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել դատապարտյալներ Ս.Գասպարյանի և Խ.Մակարյանի /նրանց մասով դատավճիռն օրինական ուժ է ստացել 2010 թ-ին/հակասական ցուցմունքների հիման վրա, որոնք դատավարության ընթացքում պատճառաբանել են, որ զրպարտչական ցուցմունքները տվել խոշտանգումների արդյունքում: Ընդ որում, Ս.Գասպարյանի մարմնական վնասվածքները արձանագրվել են “Նուբարաշեն” ՔԿՀ-ի կողմից, սակայն առաջացման պատճառները նշվել են մեկ օր առաջ աստիճաններից և ՁՊՎ-ում քնելատեղից ընկնելու հետևանքով /ինչպես և բոլոր նմանատիպ դեպքերում/:
Ի դեպ պետք է նշել, որ դատարանը որևէ կերպ չի արձագանքել խոշտամգման վերաբերյալ հայտարարություններին, իսկ նախաքննության մարմինն էլ` խախտելով քննչական ենթակայությունը, նշված քրեական գործի հետ համատեղ քննել է և որոշել, որ իրենց իսկ կողմից կատարած հանցագործության դեպքը բացակայում է, գնահատական չտալով փորձագետի եզրակացությանը այն մասին, որ “քիչ հավանական է, որ Ս.Գասպարյանի վնասվածքները առաջանային քնելատեղից վայր ընկնելու հետևանքով”:
Մեղադրողն ու դատավոր` Ս.Կոստանյանը անտեսել և խեղաթյուրել են Ա.Հովհանիսյանի այլուրեքությունը ապացուցող վկաների ցուցմունքները, որոնք նշել են, որ դեպքի օրը տեսել են նրան տանը ամբողջ օրվա ընթացքում, փոխելով նշված վկաների ցուցմունքը, այն մասին, որ` որ բաժին գալու և ցուցմունք տալու համար իրենց խնդրել է Ա.Հովհաննիսյանի մայրը` Ա.Հովհանիսյանը, մեղադրական եզրակացությունում և դատավճռում նշել են, որ վկաները հայտնել են, որ ամբաստանյալին դեպքի օրը տանը չեն տեսել: Քրեական գործով Ա.Հովհաննիսյանի մասնակցությունը հիմնավորող որևէ ապացույց չկա, տուժողը Ս.Գասպարյանի և Խ.Մակարյանի հետ հարձակում կատարած երրորդ անձի դեմքը չի տեսել, նա եղել է դիմակով և միայն քննիչների ցուցումով է մատնանշել Ա.Հովհաննիսյանին, որի մասին հայտնել է թե առաջին ատյանի, թե վերաքննիչ դատարաններում:
Քրեական գործով որպես իրեղեն ապացույց է ճանաչվել, դեպքից մեկ ամիս անց հայտնաբերված դիմակը, որը իբրև կրել է դատապարտյալ Ս.Գասպարյանը, սակայն ըստ փորձագետի եզրակացության դիմակից հայտնաբերված հետքերը չեն համապատասխանում սույն քրեական գործով մեղադրյալ ճանաչված և ոչ մեկից վերցված նմուշներին: Մեղադրանքի հիմքում դրվել է Ա.Հովհաննիսյանին պատկանող բջջային հեռախոսահամարի մուտքային և ելքային զանգերի և նրա զանգերը սպասարկած կայանների տեղակայման հասցեների վերծանումները, որով մեղադրողն ու դատարանը գտել են որ պաշտպանյալս գտնվել է վերծանումներում նշված հասցեում:
Հատկանշական է, որ այլ գործերով, երբ պահանջված վերծանումների ուսումնասիրության արդյունքում բացառվում է մեղադրյալի դեպքի վայրում գտնվելու հանգամանքը, մեղադրողները պատճառաբանում են, որ ըստ վերծանումներով հիմնավորվում է հեռախոսի, այլ ոչ թե անձի գտնվելու վայրը և ըստ էության իրավացի են, քանի որ հեռախոսների, այլ ոչ թե մարդկանց վրա են գտնվում ծածկագրերը, որոնք թույլ են տալիս ֆիքսել հասցեն, որտեղից զանգեր են կատարվել: Սակայն հասկանալի չէ տարբեր մոտեցումը` երբ այդ վերծանումները արդարացնում են անձին, ապա դրանք ֆիքսում են հեռախոսի գտնվելու վայրը, իսկ երբ մեղադրում-ապա հեռախոսը կրող անձին:
ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը բնականաբար կբողոքարկենք ՀՀ վճռաբեկ դատարան, որի որոշումը արդեն կանխատեսելի է, որից հետո միանշանակ դիմելու ենք եվրոդատարան, բայց ինչու ՀՀ քաղաքացին պետք է արդարություն փնտրի Եվրոպական դատարանում, մինչև երբ են ՀՀ դատավորները դատախազության կամակատարը լինելու և գործելու չգրված` “դատախազությունը միշտ իրավացի է” սկզբունքով, և երբ են ղեկավարվելու ՀՀ Սահմանադրությամբ, քրեական և քրեական դատավարարության օրենսգրքերով նախատեսված սկզբունքներով:
Փաստաբան` Գայանե Ալեքսանդրի Խաչատրյան
Բեռնել
Վերադառնալ