Դատավորը խախտել է օրենքը և անհարգալից վերաբերմունք դրսևորել
06.02.2012 07:21http://hetq.am/arm/articles/10238/datavory-khakhtel-e-orenqy-ev-anhargalic-verabermunq-drsevorel.html
18:21, 5 փետրվարի, 2012
Ադրինե Թորոսյան
Դատավորը խախտել է օրենքը և անհարգալից վերաբերմունք դրսևորել
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը`հանձին դատավոր Ռուբեն Ներսիսյանի, խախտել է Դատավարության օրենսգրքի դրույթները:
«Վանաձոր» ՔԿՀ-ում մահացած կալանավոր Սլավիկ Ոսկանյանի կինը`Շուշանիկ Ոսկանյանը`որպես տուժողի իրավահաջորդ, և նրա ներկայացուցիչները`փաստաբաններ Էդմոն Մարուքյանն ու Կարեն Թումանյանը, պահանջում են վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Գաբրիել Պետրոսյանի կողմից`Սլավիկ Ոսկանյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը:
Վերադասության կարգով քննիչի որոշման դեմ բողոք է ներկայացվել գլխավոր դատախազություն, որը մերժվել է, որից հետո այն բողոքարկվել է դատական կարգով: Տուժողի իրավահաջորդների կողմից դատարան բերված բողոքի քննությունը նշանակված էր սույն թվականի փետրվարի 3-ին`ժամը 17.15-ին:
Դատական նիստի վերաբերյալ ծանուցագրի մեջ նշված չէր գործը քննող դատավորի անունը: Նշանակված օրը ներկայանալով դատարան` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը գրասենյակից է ճշտել, որ գործը դատավոր Ռուբեն Ներսիսյանի վարույթում է գտնվում:
Փաստաբանը գնացել է թիվ 2 դահլիճ, որտեղ նույն դատավորը քննելիս է եղել մեկ այլ քաղաքացիական գործ: Այդ ընթացքում ընդմիջում է հայտարարվել: Փաստաբանը մոտեցել է գործավարին և տեղեկացրել, որ ինքը ժամը 17.15-ին նշանակված դատական գործի մասնակից է: Նրան առաջարկել են սպասել: Ընդմիջումից վերադառնալով`դատավոր Ներսիսյանը շարունակել է ընդհատված նիստը մինչև ժամը 18.00-ն: Ապա հայտարարել է, որ աշխատանքային օրն ավարտվելու կապակցությամբ նիստը հետաձգվում է:
Դատավորի`դահլիճից դուրս գալու պահին փաստաբանը մոտեցել է նրան`հիշեցնելու ժամը 17.15-ին նշանակված դատական նիստի մասին, որն այդպես էլ չբացվեց նրա կողմից: Դատավորը չի լսել փաստաբանին և հեռացել է:
Գործավարը փաստաբանին ասել է, որ նա իզուր է դատավորին դիմում, ինքը նրա փոխարեն պարզաբանումներ կտա: Ժամը 18.20 րոպեին`դատավորի օգնականը մոտեցել է փաստաբանին և հայտնել, որ նիստը չի կայանա: Այն հետաձգվում է:
Փաստորեն`դատավոր Ռուբեն Ներսիսյանը խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի 317-րդ հոդվածը, ըստ որի`նախագահողը գործը քննելու համար նշանակված ժամին բացում է դատական նիստը և հայտարարում, թե որ գործն է ենթակա քննության: Ավելին, դատավորը ոչ միայն չի բացել նշանակված նիստը, այլև չբացած`հետաձգել է այն:
«Մեր կառավարությունը, դատական իշխանությունը, արդարադատության նախարարությունը բարեփոխումներ են փորձում իրականացնել, որպեսզի դատարանների նկատմամբ վստահության մակարդակը բարձրացվի, իսկ նմանատիպ գործողություններով դատարաններն այնպես են անում, որ եղած վստահությունն էլ վերանա, որ մարդ իրեն նվաստացած զգա, գա 1 ժամ սպասի, որ նիստը տեղի չունենա»,-ասում է Էդմոն Մարուքյանը:
Տվյալ դեպքում`քաղաքացիրների հարկերից աշխատավարձ ստացող դատավորի և նրա աշխատակազմի կողմից ցուցաբերված վերաբերմունքը փաստաբանը գնահատում է անհարգալից և արհամարհական`առաջին հերթին մարդու, ապա դատավարության մասնակցի նկատմամբ:
Փաստաբանը ուշադրություն է հրավիրում երևույթի զուտ բարոյական կողմի վրա. դատավորը հաշվի չի առել նույնիսկ այն, որ տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները Վանաձորից են գնալու Երևան (ծանուցագիրը Վանաձոր է ուղարկվել, տուժողի իրավահաջորդ Շուշանիկ Ոսկանյանի անունով), իսկ դատավարության մասնակիցը նշանակված ժամին դատարանում է եղել`չնայած բնակավայրի հեռավորությանն ու ձմռան պայմաններում ճանապարհների դժվարանցանելիությանը:
Փաստաբանը նկատում է, որ եթե դատավորի ծանրաբեռնվածությունն էր նիստը չկայանալու պատճառը, նա կարող էր գոնե բացել այն, հետաձգել և շարունակել իր մյուս գործի քննությունը, որով զբաղված էր: Ինքն էլ այդ մասին իմանալով`գոնե 1 ժամ շուտ կվերադառնար Վանաձոր: Չնայած, նրա կարծիքով, ծանրաբեռնվածությունն էլ չի կարող արդարացում լինել. «Եթե ծանրաբեռնված են, չեն հասցնում, թող պետությունը դատավորներ նշանակի»,-ասում է Էդմոն Մարուքյանը:
Դատավոր Ներսիսյանի կողմից վերը նշված հոդվածի խախտումով խախտվում է նաև օրենքի մեկ այլ դրույթ: Քննիչի որոշման դեմ բողոքը դատարան է ներկայացվել Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն: Նշված հոդվածի 4-րդ կետով` բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից 10 օրվա ընթացքում`այդ մասին տեղյակ պահելով դիմողին և վարույթն իրականացնող մարմնին:
Դատական նիստի վերաբերյալ ծանուցագրից չի երևում`երբ է դատարանն ստացել քննիչի որոշման դեմ բողոքը: Ծանուցագիրը տուժողի իրավահաջորդին է ուղարկվել հունվարի 10-ին, դատական նիստը նշանակվել է փետրվարի 3-ին, այսինքն`23 օր հետո: Բացի դրանից, նշանակված օրն էլ դատավորը չի բացել դատական նիստը: Նշանակում է`չի պահպանել օրենքով սահմանված`բողոքը քննելու 10-օրյա ժամկետը: Նշանակում է`դատավորի կողմից խախտվել է նաև Քր. դատ. օր.-ի 290-րդ հոդվածը:
«Փետրվարի 3-ին նիստը չի բացում, որ գոնե սկսի քննությունը, որպեսզի խախտումը չհոսի, այսինքն`10-օրյա ժամկետի խախտումը հոսում է»,-օրենքի մի խախտումից բխող մյուս խախտումն է արձանագրում փաստաբանը:
Բեռնել
Վերադառնալ