ՀՀ Փաստաբանների Պալատ

Քաղվածք ՀՀ ՓՊ խորհրդի 12.01.2012թ. «Փաստաբան Նեմո Մեհրաբյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու մասին» թիվ 2/3- Ա որոշումից

31.01.2012 12:07

 

ՔԱՂՎԱԾՔ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի  խորհրդի
12.01.2012թ. թիվ 2-րդ նիստի
N2/3-Ա ՈՐՈՇՈՒՄԻՑ

Փաստաբան Նեմո Մեհրաբյանի  կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը  քննարկելու մասին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ)  խորհուրդը քննության առնելով փաստաբան Նեմո Մեհրաբյանի  /արտոնագիր թիվ 206/ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

Պարզել է.


Փաստաբան  Նեմո Մեհրաբյանը ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող թիվ 69107510 քրեական գործով հանդես է եկել, որպես կասկածյալ Մեդիկո Գամուշի Ազմանյանի պաշտպան և մասնակցել վերջինիս 15.11.2010թ. և 19.11.2010թ.  համապատասխանաբար, որպես կասկածյալի և մեղադրյալի հարցաքննություններին և ստորագրել այդ մասին կազմված արձանագրություններում:


Մեդիկո Գամուշի Ազմանյանի ցուցմունքների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել  նաև ԻԻՀ   քաղաքացի Ղոլամրեզա Օրուջի Բահրամի Ֆարին:


Հետագայում Մեդիկո Գամուշի Ազմանյանի նկատմամբ քրեական գործի մասը կարճվել է` նրա արարքում հանցագործության հատկանիշների բացակայության հիմքով  և վերջինս գործով հանդես է եկել որպես վկա:


Ներկայումս, գործի դատաքննության ընթացքում,  փաստաբան Նեմո Մեհրաբյանը չի հանդիսանում Մեդիկո Գամուշի Ազմանյանի փաստաբանը: Այնուհետև նա ստանձնել է ԻԻՀ քաղաքացի Ղոլամրեզա Օրուջի Բահրամի Ֆարիի պաշտպանությունը` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նրա նախկին վստահորդ  Մեդիկո Գամուշի Ազմանյանի ցուցմունքների հիման վրա է ԻԻՀ քաղաքացի Ղոլամրեզա Օրուջի Բահրամի Ֆարին ներգրավվել նույն գործով որպես մեղադրյալ, սակայն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, այսինքն` նրանց շահերում կան հակասություններ: 


Վերոգրյալից հետևում է, որ փաստաբան Նեմո Մեհրաբյանի գործողություններում առերևույթ առկա են  «Փաստաբանության մասին»  ՀՀ  օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի,  Կանոնագրքի 8-րդ հոդվածի 2-րդ  կետի, 14-րդ հոդվածի 1-ին կետի, 16-րդ հոդվածի 2-րդ կետի և 29-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների խախտման հատկանիշներ:

Փաստաբան Նեմո Մեհրաբյանի բացատրությունները.

Փաստաբան Նեմո Մեհրաբյանը, ներկայացել է Կարգապահական հանձնաժողովի լսումներին: Պատասխանողի բացատրությամբ,  վերջինս  ընդունել է  իր կողմից վերը նշված խախտումները կատարելու փաստերը:

Պալատի կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.


Պալատի կարգապահական հանձնաժողովը 22.12.2011թ-նի թիվ ԿԳ-11036 եզրակացությամբ գտել է, որ փաստաբան Նեմո Մեհրաբյանի (արտոնագիր թիվ 206) գործողություններում առկա  է «Փաստաբանության մասին» ՀՀ  օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի,  Կանոնագրքի 8-րդ հոդվածի 2-րդ  կետի, 14-րդ հոդվածի 1-ին կետի, 16-րդ հոդվածի 2-րդ կետի և 29-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների խախտում և առաջարկել է`  փաստաբան Նեմո Մեհրաբյանին նկատողության հայտարարելու ձևով ենթարկել  կարգապահական  պատասխանատվության:    

Պալատի խորհրդի պատճառաբանված եզրակացությունը և որոշումը.


Գնահատելով գործում առկա ապացույցները, Խորհուրդը գտնում է, որ փաստաբան Նեմո Մեհրաբյանին պետք է ենթարկել կարգապահական պատասխանատվության հետևյալ պատճառաբանություններով: 


Պալատի Կանոնադրության 6.5 կետի «ա» ենթակետի համաձայն` Պալատի անդամը պարտավոր է պահպանել Օրենքի, սույն Կանոնադրության և Կանոնագրքի պահանջները, իսկ «ե» ենթակետի համաձայն`Իր գործունեությամբ և վարքագծով բարձր պահել Պալատի և փաստաբանի հեղինակությունը և բարի համբավը: 


Ինչպես հետևում է առկա փաստերից և կարգապահական գործում առկա բացատրության բովանդակությունից, նախկին և ներկա պաշտպանյալների շահերի միջև առկա հակասության պայմաններում ակնհայտ է, որ Ն.Մեհրաբյանը իրավունք չուներ և չէր կարող մասնակցել քրեական գործով վարույթին, որպես  Ղոլամրեզա Օրուջի Բահրամի Ֆարիի իրավունքների և շահերի պաշտպան: Վերոգրյալը նկատի ունենալով Խորհուրդը արձանագրում է, որ նման երևույթները խիստ դատապարտելի են, Ն.Մեհրաբյանը նման գործողություններով ոտնահարել է իր պաշտպանյալների իրավունքները և օրինական շահերը: 


Ուստի Խորհուրդը գտնում է, որ պատասխանողը նշված ոչ իրավաչափ գործողություններով թույլ է տվել ոչ թե ուղակի խախտում այլ  կոպիտ խախտում:


Վերոգրյալը նկատի ունենալով Խորհուրդը գտնում է, որ Պատասխանողին պետք է ենթարկել կարգապահական պատասխանատվության` խիստ  նկատողության ձևով` ղեկավարվելով «Փաստաբանության մասին» ՀՀ  օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի,  Կանոնագրքի, 14-րդ հոդվածի 1-ին կետի, 16-րդ հոդվածի 2-րդ կետի և 29-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների խախտման հիմքերով Պալատի խորհուրդը

Որոշել է՝

•    Փաստաբան Նեմո Մեհրաբյանին  /արտոնագիր թիվ 206/ ենթարկել կարգապահական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակել կարգապահական տույժ` խիստ նկատողության ձևով,


Պալատի նախագահ`                                          Ռուբեն Սահակյան



Բեռնել

Վերադառնալ