Ոստիկանապետն ու փաստաբանների պալատի նախագահը հանրային վստահությունն են ուզում ամրապնդել
08.02.2012 19:04Ոստիկանապետն ու փաստաբանների պալատի նախագահը հանրային վստահությունն են ուզում ամրապնդել
Փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ոստիկանության և փաստաբանների պալատի միջև համագործակցության մասին: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ և փաստաբանների պալատի ներկայացուցիչներ:
Վլադիմիր Գասպարյանն ու Ռուբեն Սահակյանը ներկայացրել են ձեռնարկի շարժառիթները, խնդիրները և համագործակցության հեռանկարները:
Փոխըմբռնման հուշագիրը նախաձեռնվել և կյանքի է կոչվելու իրավունքի ոլորտի զարգացմանն ուղղված համագործակցության կատարելագործման, ոլորտում արդարության հաստատման և պատկան մարմինների հանդեպ հանրային վստահության ամրապնդման նպատակով:
Ռուբեն Սահակյանը բարձր գնահատելով ոստիկանության նախաձեռնությունը` նշել է, որ համագործակցությունը հնարավորություն կտա արագ արձագանքել իրավունքների սահմանափակումներին և վերացնել դրանք:
Վլադիմիր Գասպարյանը Հուշագրի դրույթների կիրարկումը գնահատելով որպես քաղաքացիների, հասարակության հայացք` նշել է, որ փոխգործակցությունը բերելու է ոստիկանության գործունեության որակական փոփոխության: «Մեր հասարակությունը արդարության դեֆիցիտ չի հանդուրժում,- ընդգծել է ոստիկանության պետը:- Իսկ երբ քննիչը, փաստաբանը արդարամիտ են և ծառայում են օրենքին, մենք ունենում ենք անուն, ինքնասիրություն և կարողանում ենք ուղիղ նայել միմյանց և քաղաքացու աչքերին»:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուշագրով նախատեսված են նորմատիվ իրավական ակտերի համատեղ մշակում ու ներկայացում իրավասու մարմիններին, արագ արձագանքման միջոցառումներ, վարքագծի կանոնների ապահովում, սեմինարներ, քննարկումներ, գրականության փոխանակում, դիտորդական առաքելության իրականացում: Համագործակցությունն իրականացնելու նպատակով գործելու է վեց անդամից բաղկացած հանձնախումբ, որը կատարված աշխատանքի մասին կես տարին մեկ հաշվետվություն կներկայացնի Պալատի նախագահին և Ոստիկանության պետին: Հանձնախումբն իրավասու է նաև անհրաժեշտության դեպքում հասարակության առջև հանդես գալու հայտարարությամբ: Խնդիրն, ամեն դեպքում, ոլորտի գործընթացների թափանցիկության ապահովումն է, ինչը, կողմերի համոզմամբ, բխում է և՜ քաղաքացիների, և՜ ոստիկաննների ու փաստաբանների մասնագիտական շահերից:
Ոստիկանության և փաստաբանների պալատի ղեկավարները վստահեցրել են, որ հետևողական են լինելու աննախադեպ այս ձեռնարկն իրականություն դարձնելու և քաղաքացու իրավունքներն ու շահերը համատեղ ուժերով պաշտպանելու գործում:
«Քայլը առաջադիմական է,- հավաստել է Վլադիմիր Գասպարյանը,- և մենք տեր ենք մեր խոսքին, օրենքի գերիշխանությանը, նրան, ինչին կոչված ենք»:
Արարողության ավարտին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ստորագրել են համագործակցության հուշագիրը, որը նույն պահից ուժի մեջ է մտել:
ԱՆ
Փոխըմբռնման հուշագիրը նախաձեռնվել և կյանքի է կոչվելու իրավունքի ոլորտի զարգացմանն ուղղված համագործակցության կատարելագործման, ոլորտում արդարության հաստատման և պատկան մարմինների հանդեպ հանրային վստահության ամրապնդման նպատակով:
20:53 • 08.02.12
http://tert.am/am/news/2012/02/08/police/
Բեռնել
Վերադառնալ