ՓԱՍՏԱԲԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՎԻՐԱԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ ԱՐԳԵԼԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
08.09.2023 11:41ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը 29.08.2023թ-ին քննարկել է փաստաբան Լուսինե Վիրաբյանի ներկայացրած հաղորդումը՝ իր մասնագիտական գործունեության իրականացման շրջանակներում տված իրավական խորհրդատվության հետևանքով փաստացի հետապնդման, ներառյալ՝ իր դրամական միջոցների վրա արգելանք դնելու վերաբերյալ:
Փաստաբանը, մասնավորապես, հայտնել է, որ քաղաքացիական գործով հանդիսացել է հայցվորի ներկայացուցիչը։ 2023թ․ ապրիլի 25-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նշված գործով հայցը բավարարել է, և վճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Պատասխանողի կողմից վճիռը չկատարելու հանգամանքով պայմանավորված՝ փաստաբանը դիմել է վճռի հարկադիր կատարման, սակայն տևական ժամանակ հնարավոր չի եղել կատարել դատական ակտը, ինչի պատճառը` ըստ փաստաբանի, հանդիսացել է պարտապանի վարքագիծը։
Նշվածի վերաբերյալ փաստաբանն իրավական խորհրդատվություն է տրամադրել իր վստահորդին՝ մեկնաբանելով օրենքը և պարզաբանելով, որ դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, ինչն էլ սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է վստահորդը՝ հղում կատարելով փաստաբանի խոսքին։
Նշված հրապարակման հիմքով փաստաբանի և իր վստահորդի դեմ դատարան հայց ներկայացվել է՝ պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով:Միաժամանակ որպես հայցի ապահովման միջոց հայցվորը պահանջել է 6 միլիոն դրամի արգելանք դնել փաստաբանի գույքի և դրամական միջոցների վրա։ Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ նշված միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է, և արգելանք է դրվել փաստաբանի դրամական միջոցների վրա, որի հետևանքով վերջինս չի կարողանում պատշաճ կատարել իր մասնագիտական պարտականությունները, իր մյուս վստահորդներին փաստաբանական ծառայություններ մատուցելիս կատարել անհրաժեշտ պետական և այլ վճարումներ։
Փաստաբան Լուսինե Վիրաբյանի դիմումը Հանձնաժողովը քննարկել է փաստաբանի անկախության և օրինական մասնագիտական գործունեության շրջանակներում գործողությունների ազատության համատեքստում:
Հանձնաժողովը հիշեցնում է, որ փաստաբանի գործունեության օրենսդրորեն ամրագրված առանցքային երաշխիքներից է նրա անկախությունը մասնագիտական գործունեության մեջ: Փաստաբանի անկախությունն անհրաժեշտ պայման է անձանց համար որակյալ իրավաբանական օգնություն երաշխավորելու և ըստ այդմ՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների պաշտպանությունը գործնականում ապահովելու հարցում: Օրենքով ամրագրված է, որ իր մասնագիտական գործունեության մեջ փաստաբանը լիազորված և նույնիսկ պարտավոր է առավելագույնն անել օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանության համար:
Այս առումով Հանձնաժողովը խիստ մտահոգված է Լուսինե Վիրաբյանի դիմումում, ինչպես նաև նրա դեմ ներկայացված հայցադիմումում արտացոլված տեղեկությունների առնչությամբ, որ վերջինս քաղաքացիաիրավական գործիքակազմով հետապնդման է ենթարկվում բացառապես իր օրինական մասնագիտական գործունեության շրջանակներում իրականացրած գործողությունների համար:
Հանձնաժողովը վերահաստատում է՝ փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման, անկախ դրա բնույթից, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար: Այդպիսի գործողությունները կաշկանդող նշանակություն են ունենում փաստաբանի օրինական մասնագիտական գործունեության հարցում և սառեցնող էֆեկտ ունեն: Դրանք խաթարում են մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և բացարձակապես անընդունելի են:
Անդրադառնալով փաստաբանի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցներին, այդ թվում՝ դրամական միջոցների վրա դրված արգելանքին՝
- Անհրաժեշտ է ընդգծել, որ փաստաբանի մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ՝ պետական մարմիններն իրենց իրավասության սահմաններում գործողություններ նախաձեռնելիս կամ որոշումներ կայացնելիս պետք է հատուկ քննարկման առարկա դարձնեն դրանց հնարավոր բացասական հետևանքները փաստաբանի՝ մասնագիտական գործունեության նկատմամբ: Փաստաբանի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու հարցը քննարկելիս պետք է ուշադրության կենտրոնում ունենալ նաև նրա մյուս վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը, քանզի նման միջոցի կիրառումը հանգեցնելու է փաստաբանական գործունեության սահմանափակման:
Ընդ որում, եթե նույնիսկ փաստաբանի գործունեությունը դիտարկենք բացառապես տնտեսական գործունեության տեսանկյունից, ապա ՀՀ քաղաքացիական դատավարությունն արգելում է կիրառել հայցի ապահովման միջոց, եթե այն կհանգեցնի գործունեության իրականացման փաստացի անհնարինության կամ այդ գործունեության համար կստեղծի էական խոչընդոտներ: - Միևնույն ժամանակ, կարևոր է, որ պետական մարմիններն առաջնորդվեն փաստաբանի բարձր իրավագիտակցության և բարեխիղճ գործելակերպի կանխավարկածով: Տվյալ դեպքում՝ փաստաբանի գույքի վրա արգելանք կիրառելիս պետք է լինեն առավել ծանրակշիռ փաստարկներ:
- Հարցը պետք է դիտարկել նաև փաստաբանի դերի և մասնագիտության հեղինակության համատեքստում: Փաստաբանի հեղինակությանը չվնասելու հարցում: Առանձնակի հոգատարությունն այս հարցում անհրաժեշտ պայման է անձանց իրավունքների պաշտպանվածության պատշաճ միջավայր ապահովելու համար: Հասարակության մեջ փաստաբանի դերը նկատի ունենալով՝ նրա կարգավիճակին առնչվող հարաբերություններից բխող վեճերով հայցի ապահովման միջոց կիրառելը, պետք է լինի ծայրահեղ միջոց:
Ամփոփելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը՝
խիստ մտահոգություն է հայտնում Լուսինե Վիրաբյանի մասնագիտական գործունեության սահմանափակման հանգեցնող կիրառված արգելանքի իրավաչափության կապակցությամբ,
հետևաբար, չմիջամտելով իրականացվող դատական գործընթացին, ուշադրության կենտրոնում է պահելու խնդրի առարկա գործի ընթացքը:
ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Բեռնել
Վերադառնալ