ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՄԱՀԱՑԱԾ ԼԵՎՈՆ ԼԵՎՈՆՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 23 ՏԱՐԵԿԱՆ
13.08.2023 18:07Փաստաբան Կարեն Լևոնյանի որդին՝ Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված Լևոն Լևոնյանն այսօր կդառնար 23 տարեկան:
Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները, Լևոն Լևոնյանի ընտանիքի անդամները, հարազատները և ընկերները հավաքվել էին Լևոնի անունը կրող պուրակում՝ նշելու հերոսի երկնային ծնունդը և ծաղիկներ խոնարհելու նրա հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնության համաձայն՝ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը և Փաստաբանների պալատի այլ ներկայացուցիչներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել՝ հանուն հայրենիքի նահատակված հերոսի շիրիմին:
Տխրության ու ցավի հետ մեկտեղ, ազգային արժանապատվության զգացում կար Լևոն Լևոնյանին իր հուշերում անմահացրած յուրաքանչյուր մարդու սրտում:
Լևոնն ընդամենը 40 օրվա ծառայող է եղել, երբ մեկնել է ռազմաճակատ։ Պատերազմի առաջին օրից եղել է ռազմադաշտում, կռվել Ակնայում, զոհվել Կարմիր շուկայում՝ 2020թ. հոկտեմբերի 30-ին ԱԹՍ հարվածից:
Լևոնը, թեև ընկավ կռվում, բայց այսօր ու միշտ ապրում է նա՝ ապրողների հոգիներում:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:
Հիշեցնենք, որ 2020թ. Արցախյան պատերազմին մեր հայրենակիցների թվում մասնակցել են նաև փաստաբաններ և նրանց ընտանիքների անդամներ:
Բեռնել
Վերադառնալ