ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ դատարանները նորից ստիպում են դիմել Եվրոպական դատարան

29.01.2012 08:44

ՀՀ դատարանները նորից ստիպում են դիմել Եվրոպական դատարան

ՀՀ դատարանները նորից ստիպում են դիմել Եվրոպական դատարան

Ստեփան Հովակիմյանի նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունների վերաբերյալ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ա.Հովհաննիսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին, դրանով իսկ դատախազության և ընդհանուր իրավասության դատարանի պես գտնելով, որ որոշումը ճիշտ է կայացված՝ օրինական է և հիմնավոր:

Հատուկ քննչական ծառայությունը, կրկնելով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության գործելաոճը, բավարարվել է միայն Ս.Հովակիմյանի մատնանշած ոստիկաններից բացատրություններ վերցնելով, որոնք էլ «թարսի պես» չեն խոստովանել իրենց կողմից նրան երեք անգամ ապօրինի ոստիկանություն տանելու, ժամեր շարունակ նրան ազատությունից ապօրինի զրկելու, այդ ընթացքում նրա նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն կիրառելու փաստը, այլ ուղղակի հայտնել են, թե նման բան իրականում չի եղել, իսկ Ս.Հովակիմյանը ստում է:

Պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի «մեխը» կայանում էր նրանում, որ կայացնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, այսինքն՝ ըստ էության, հրաժարվելով կատարել նախաքննություն, Հատուկ քննչական ծառայությունն ինքն իրեն սահմանափակել է միայն բացատրություններ վերցնելու հնարավորությամբ: Մինչդեռ միայն հարուցված քրեական գործի պարագայում կարող են կատարվել առերես հարցաքննություններ և այլ քննչկան գործողություններ, իսկ բացատրություններ տալիս որևէ անձ, այդ թվում՝ ոստիկանները, կաշկանդված չեն միայն ճիշտը հայտնելու պարտականությամբ և որևէ պատասխանատվություն նախատեսված չէ բացատրություն տալուց ստելու համար:

Խնդիրը կայանում է նրանում, որ Ս.Հովակիմյանի հայտնած տեղեկությունների և ոստիկանների հայտնած տեղեկությունների միջև կան էական և անհամատեղելի հակասություններ, որոնք պարզաբանելու ողղությամբ որևէ գործնական քայլ չի կատարվել: Ուղղակի Ս.Հովակիմյանի հայտնածը գնահատվել է որպես սուտ, իսկ ոստիկաններինը՝ ճիշտ: ՀՔԾ-ն հավանաբար ղեկավարվել է “Սովետական միլիցիան դեմ է ծեծին” երգիծական դարձվածի նորացված տարբերակով:

Սակայն ՀՔԾ-ն ոչ միայն հրաժարվել է նախաքննություն կատարելուց, այլև բացատրություններ չի վերցրել նույնիսկ Ս.Հովակիմյանի ու նրա պաշտպանի վկայակոչած բազմաթիվ անձանցից, որոնք հաստատում էին Ս.Հովակիմյանի հայտնած տեղեկությունները:

Հատկանշական է, որ Ս.Հովակիմյանի հայտնած տեղեկությունները հաստատող անձանց հարցման ենթարկելու վերաբերյալ արձանագրությունները, ինչպես նաև այս ընթացքում պաշտպանական կողմի ձեռք բերած բոլորովին այլ քրեական գործով անձին ճանաչման ներկայացնելու արձանագրությունը (որով հաստատվում է Ս.Հովակիմյանի երկու ընկերներին նույնպես ոստիկանություն տանելու և այնտեղ պահելու հանգամանքը) ներկայացվել են Վերաքննիչ դատարան: Դատարանը նույնիսկ իր որոշմամբ լսել է այդ անձանցից երկուսի բացատրությունները, որոնք հաստատել են Ս.Հովակիմյանի նկատմամբ բռնություններ կիրառելու փաստը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասի համաձայն, դատարան չի ներկայացվել որևէ փաստական տվյալ, որը կվկայեր հանցագործություն կատարված լինելու մասին:

Վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների քննության վերաբերյալ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով ձևավորված պրակտիկան ուղղակի Հատուկ քննչական ծառայությանը պարտադրում են, որպեսզի բողոքի քննությունն իրականացվի անաչառ և անկողմնակալ կերպով, որից հետևում է, որ Ս.Հովակիմյանի և ոստիկանների հայտնած տեղեկությունների գնահատման պրոցեսում անհանդուրժելի է երկակի ստանդարտների կիրառումը: Եթե Ս.Հովակիմյանն իբր նպատակ ունի խուսափել քրեական պատասխանատվությունից` հերքելով «խոստովանական» բացատրությունն ու ցուցմունքը, ապա ոստիկաններն իրենց հերթին կանգնած են խոշտանգման համար քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի առաջ, հետևաբար նրանց հայտնած տեղեկություններին նույնպես պետք է ցուցաբերվեր քննադատական մոտեցում:

Բացի այդ, Եվրոպական դատարանի պրակտիկայի համաձայն, վատ վերաբերմունքի մասին բողոքների քննությունը պետք է իրականացվի մանրակրկիտ կերպով: Մինչդեռ Ս.Հովակիմյանի նկատմամբ բռնություններ կիրառելու օրվանից անցել է արդեն երկու տարի, սակայն համապատասխան մարմիններն ուղղակի հրաժարվում են կատարել օրենքով և միջազգային պայմանագրերով իրենց վրա դրված պարտականությունները, անգամ: Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը և Հատուկ քննչական ծառայությունն իրենք որևէ միջոց չձեռնարկելով հնարավոր բռնությունների մասին տվյալների տիրապետող անձանց հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ, նույնիսկ չեն լսել պաշտպանական կողմի ջանքերով պարզված և նրանց ներկայացված անձանց:

ՀՀ իրավասու մարմինների նման գործելաոճը միանշանակ հանգեցնում է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման` առնվազն դատավարական առումով:

Ներկայումս Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան և սա հիանալի հնարավորություն է ու յուրահատուկ թեստ Վճռաբեկ դատարանի համար, թե որքանով է այն հետևողական իր իսկ նախադեպային որոշումների կիրառումն ապահովելու հարցում և արդյոք Ա.Գզոյանի վերաբերյալ գործով որոշումը, որը նույնպես նվիրված էր վատ վերաբերմունքի մասին բողոքի անարդյունավետ քննության խնդիրներին, կայացվել է «միայն անկեղծ» մղումներից ելնելով, թե այդ գործով եղել են միայն սահմանափակ թվով անձանց հայտնի այլ «նրբություններ»:

Փաստաբան

Տիգրան Սաֆարյան



Բեռնել

Վերադառնալ