ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԼԻԿԿԱՅԱՆ, ԹԵ՞ ՍՎԱՂՉԻՈՒԹՅՈՒՆ

18.01.2012 12:04

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԼԻԿԿԱՅԱՆ, ԹԵ՞ ՍՎԱՂՉԻՈՒԹՅՈՒՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԼԻԿԿԱՅԱՆ, ԹԵ՞ ՍՎԱՂՉԻՈՒԹՅՈՒՆ

Այսօր, մեկ քրեական գործով, «անգրագիտության լիկվիդացման» (լիկկայան) խորհուրդը շատ արդիական է: Խոսքը վերաբերում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչիկ Հովհաննիսյանին, ով դատական նիստի ժամանակ (թիվ 44109011 քրեական գործով) ուղղակի քննիչին սովորեցրել է, թե ինչպես պետք է ձևակերպված լինի «կալանքի» ժամկետը երկարաձգելու մասին դատարան ներկայացվող միջնորդությունը: Դատավոր Խ.Հովհաննիսյանը, այնքան է տարվել իր այդ նախաձեռնությամբ, որ ըստ էության բավարարել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ օրենսգրքի պահանջներին հակասող միջնորդությունը և կալանքի ժամկետը երկարաձգել է ևս մեկ ամսով:

Դա քիչ է, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն էլ (նախագահող Գրիշա Մելիք-Սարգսյան) իր հերթին է հավանություն տվել դատավոր Խ.Հովհաննիսյանի գործելակերպին:

            

Դատավոր Խ.Հովհաննիսյան  Դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյան

 

Իսկ որո՞նք էին քննիչի սխալները:

Այդ սխալները ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Մելիք-Սարգսյանը՝ ըստ էության կրկնելով դատավոր Խ.Հովհաննիսյանի դիրքորոշումը, արտահայտում է հետևյալ կերպ.

«Դատավոր – Պաշտպանը … ասում է, որ քրեական գործով նշանակվել է ամբուլատոր, դատահոգեբուժական փորձաքննություն …, բայց պետք է այդ միջնորդության մեջ ներկայացնեիք, որ այդ ընթացքում նա ազատության մեջ մնալով … նա կարող է խուսափի՛, խոչընդոտի՛: Այդ խնդիրը պե՞տք է շարադրվեր:
Դատախազ – Իհարկե:
Դատավոր – Թե՞ մենակ…խորհրդակցություն և վերջ: Հետևաբար դուք ուշադրություն դարձրեք:
Դատավոր – Ուղղակի հարցնել, հարգելի քննիչ, երբ դուք գրում եք կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու վերաբերյալ … նշու՛մ եք այստեղ հոգեկան վիճակը … և այլն և այլն, պետք է նշանակվի դատահոգեբուժական փորձաքննություն … նրան նոր մեղադրանք առաջադրվի և այլն և այլն, որի համար անհրաժեշտ է այդ ժամկետը, ճի՞շտ չէ: Վճիռը պե՛տք է … լինի բարոյապես… հոդվածի պահանջները ևս շարադրվեն, որ այդ ընթացքում նա կխոչընդոտի՛, եթե ազատության մեջ մնա, կխուսափի՛ քննությունից, թե՞ ոչ, և այդ կապակցությամբ հիմնավորումներ պե՛տք է ներկայացնեք: Դուք այստեղ չեք շարադրել: Եվ այդ փաստերին ի՞նչ կարող եք պատասխանել: Ասեք փորձաքննություն ենք նշանակել իրան, ինչպես որ պաշտպանն է ասում, ազատ արձակեք: Այ, կխոչընդոտի՛ գործի քննությանը, որ ազատության մեջ մնա, կխուսափի՛ քննությունից, թե՞ ոչ: Այդ մասին ասե՛ք և ինչու՞ չեք գրել:
Քննիչ – Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը հարուցելիս ղեկավարվել եմ քր.դատ.օր-ի 135 հոդվածով և ներկայացրել եմ այն գործողությունները, այն հիմնավորումները, որոնց կապակցությամբ միջնորդել եմ կալանքի ժամկետը երկարացնելու համար, իսկ կալանքի տակ պահելու միջնորդության մեջ մանրամասն ձևով 135 հոդվածի պահանջի համաձայն ներկայացրել եմ բոլոր հիմքերը, որոնք հիմք են հանդիսանում, որոնք…
Դատավոր – Ուզում եք ասել, թե այդ հիմքերը չե՛ն վերացել:
Քննիչ – Անշուշտ, չեն վերացել, քանի որ նախաքննության լրիվությունը բազմակողմանի …
Դատավոր – Դե գրեք որոշման մեջ: Ուշադրություն դարձրեք:
Քննիչ – ուղղակի ես ….
Դատավոր -  Մի արդարացեք: Այդպես չէ: Հասկանալի է: Նստեք»:

Իսկապես «հասկանալի» է: Բոլորի համար հասկանալի է, որ միջնորդությամբ ներկայացված որոշումը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին: Դա հասկանում են բոլորը: Իսկ վերոգրյալից հետևում է, որ դա հասկանալի է նաև դատավորներ Խ.Հովհաննիսյանին և Գ.Մելիք-Սարգսյանին:

Անհասկանալի է այն, թե ինչպե՞ս և ինչու՞ դատավորները բավարարեցին այդ սխալ միջնորդությունը: Դատավորները բավարարեցին քննիչի միջնորդությունը, առանց հաշվի առնելու ոչ միայն իրենց, իսկ վկայակոչած թերությունները, այլ նաև անտեսելով պաշտպանի հակափաստարկները:
Պաշտպան Մ.Սարգսյանը միջնորդել էր մերժել քննիչի որոշումը` նշելով, որ. կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին քննիչի որոշման մեջ մատնանշված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված՝ խափանման միջոց կիրառելու որևիցե հիմք, ինչպես նաև որոշմանը կցված չեն միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութեր, ինչն իր հերթին ուղղակի դատարանն էլ էր նշել: Ավելին, պաշտպանը վկայակոչել էր նաև ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթը, համաձայն որի.

«Այն դեպքում, երբ նիստին ներկայացված չեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութեր, դատարանը որոշում է կայացնում տվյալ խափանման միջոցը վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին»:

Սակայն, դատավորները, մերժելով պաշտպանի միջնորդությունը, «դաս տալով» քննիչին, թե ինչպես պետք այդ որոշումը կազմված լիներ, վերջ ի վերջո ընդունում են «իրենց աշակերտի» կողմը և կալանքի ժամկետը երկարացնում են:
Առօրյա կյանքում ինչ ցանում ենք, այն էլ հնձում ենք: Դա բնության օրենքն է: Սակայն, հարց է, այս դեպքում դատավորների «բարի խրատը» կտա արդյո՞ք առատ հունձք, թե՞ բերքը կլինի թերի և հիվանդ:  

Իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանը….: Ի՞նչ կարող էր անել ՀՀ Վճռաբեկ դատարանը: Դավաճանե՞լ իր գործընկերներին, անտեսե՞լ առկա քաղաքականությունը, որ ամեն դեպքում «շառից ու փորձանքից հեռու» կիրառվում է կալանքը, որպես խափանման միջոց, թե՞ գործել օրենքի համաձայն և առաջնորդվել նախկինում ընդունված նախադեպային որոշումներով:

Շա՜տ բարդ կլիներ ՀՀ Վճռաբեկ դատարանի համար ապահովել օրենքի պահանջը … եթե ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորները չլինեին այդքան արհեստավարժ և չունենային այդքան լայն հնարավորություն` վճռաբեկ բողոքն առանց հիմնավորման և պատճառաբանության վերադարձնելու համար: Եվ քանի կա, այդ «ճկուն» մարտավարությունը, դատավորները միշտ էլ կարող են հանգիստ շունչ քաշել: Ափսոս, որ որպես հետևանք շնչահեղձ է լինում արդարադատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը:

ՀՀ Փաստաբանների պալատ

Հ.Գ. Վատ չէ, որ արդարադատություն իրականացնելուց բացի գտնվում են դատավորներ, ովքեր իրենց ուսերին են վերցնում գործող քննիչներին կրթելու ծանր բեռը: Երևի ժամանակներն են այդպիսին, որ «ում ձեռքից ինչ գալիս է … անում է»: Սակայն ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուրս օրենքով և իրավական այլ ակտերով ուղղակի մեր վրա դրված պարտականությունները կատարեինք ինչպես հարկն է, իսկ մնացած այլ ժամանակի ընթացքում` աշխատանքից դուրս, զբաղվեինք հասարակության որոշ խավի կրթմամբ: Հակառակ դեպքում, անձը կարող է այդ մարդասիրական գործունեությամբ տարվել և աչքաթող անել իր պարտականությունների  պատշաճ կատարումը: Դատավորն ու դատարանը արդարադատություն պետք է իրականացնեն, թե սվաղչիություն…



Բեռնել

Վերադառնալ