ՀՀ Փաստաբանների Պալատ

Օրենքի առջև անհավասարության սկզբունքը

26.12.2011 10:28

Օրենքի առջև անհավասարության սկզբունքը

 

Օրենքի առջև անհավասարության սկզբունքը

“Օրենքի առջև հավասարության” սկզբունքը հանրաճանաչ է բոլոր քաղաքակիրթ և դեմոկրատական հասարակություններում: Դրա հակառակը օտար է և անընդունելի: Չնայած դրան, փաստաբաններս նման դրսևորումներին ականատես ենք լինում շատ հաճախ ոչ միայն դատական ատյաններում, այլ նաև մեր առօրյա կյանքում: Այդ սկզբունքը պարզ է բոլորի համար և անհրաժեշտ չէ լինել իրավաբան կամ ունենալ իրավաբանական կրթություն դրա կարևորությունն ընկալելու համար: Նույնիսկ շարքային քաղաքացին կարող է տալ այդ սկզբունքի վերաբերյալ մեկնաբանություն և շատ դեպքերում այդ մեկնաբանությունն ուղղակի կարտահայտի օրենքի առջև հավասարության սկզբունքի էությունը: Այն է. ցանկացած անձ հանդիսանում է նույն օրենքի սուբյեկտ: Իսկ մեր դատավորները…

Իսկ մեր դատավորներից Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորներ

Արթուր Ադամյանը,                         Արամ Հովսեփյանը            և             Վահան Խալաթյանը

     

 

ունեն այլ մոտեցում: Չէ, չէ, մի կարծեք թե նրանք պատկերացում չունեն թե ինչ է նշանակում յուրաքանչյուր անձի հավասարությունն օրենքի առջև: Բնավ. նրանք կիրթ են և ունեն իրավաբանի դիպլոմ ու որակավորում: Սակայն նրանց մոտեցումը մի փոքր այլ է յուրաքանչյուր անձի նկատմամբ:

Մասնավորապես, թիվ 81104409 /ԱՐԴ 0018/01/10/ քրեական գործով, ըստ մեղադրանքի` Վահրամ Վահագնի Անտոնյանի` ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որն արդեն երրորդ անգամ է հայտնվել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում: Մոտ 2 տարի է այդ գործը գտնվում է դատաքննության փուլում, հասցրել է 2 անգամ բեկանվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում: Առաջին անգամ բեկանվել է “ամբաստանյալ Վահրամ Անտոնյանի պաշտպանական իրավունքի” խախտման պատճառով: Երկրորդ անգամ բեկանվել է “խորհրդակցական սենյակի գաղտնիության” և “դատական նիստի արձանագրության բացակայության” պատճառով: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը համարել է, որ դատական նիստի արձանագրությունը բացակայում է, քանի որ առկա ձայնագրային կրիչներում բացակայել են երկու վկաների հարցաքննությունների ձայնագրությունները և երկու այլ վկայի ձայնագրություններն էլ անհասկանալի են: Ներկայումս նախապատրաստվում է ներկայացնել նաև երրորդ վերաքննիչ բողոքը:

Ի սկզբանե գործը լսվել է դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ: Հետո` Արամ Հովսեփյանի նախագահությամբ, իսկ վերջում` Վահան Խալաթյանի: Այդուհանդերձ, պետք է արժանին տալ, որ գործը “շփ-թփ” չի լսվել և դրա կայծակնային արագությամբ լսված չլինելն արդեն հուսադրող է: Սակայն “սայլը տեղից չի շարժվում”: Միթե՞ գործն է բարդ և ինչու՞ է մեկ գործում այդքան խախտումները շատ: Սա այն դեպքում, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մյուս խախտումներին չի անդրադարձել, բավարար համարելով արդեն իսկ թվարկած խախտումները` դատավճիռները բեկանելու և գործը այլ կազմով նոր քննության ուղարկելու համար:

Թերևս, գործն այդքան բարդ չէ որքան անձի նկատմամբ վերաբերմունքն է այն բարդացնում: Սա ենթադրություն է: Սակայն այլ ողջամիտ բացատրություն այս “ֆենոմենին” հնարավոր չէ տալ: Ինչպե՞ս կարող են գրագետ և իրավաբանի կրթություն ունեցող դատավորները այսքան սխալներ թույլ տալ: Իսկ մեղադրյալ Վ.Անտոնյանը նախկինում դատապարտված է եղել և դատվածությունը մարված է: Երևի, դա է պատճառը: Միգուցե: Բայց և անձը համարվում է դատվածություն չունեցող, եթե դատվածությունը մարվել է:

Փաստաբանների համար անձի նախկինում դատված լինելը խոչընդոտ չէ նրա իրավունքները պաշտպանելու համար: Դա է պատճառը, որ ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Մնացական Սարգսյանը արդեն որերորդ անգամն է դատարաններին ի ցույց է դնում օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների անթույլատրելի լինելու փաստը, իսկ դատարանները … “խոհեմաբար” չեն տեսնում փաստաբանի կողմից իրավական հիմնավորումներով ներկայացված այդ փաստերը:

Ի թիվս այլոց, այդ փաստերից են.

  •  Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործումը.
    • Այդ կապակցությամբ, հետաքննության մարմինը` մինչ քրեական գործի հարուցումը, առանց համապատասխան թույլտվության մուտք է  գործել նույն գործով ամբաստանյալ Ս.Պողոսյանի տան հարակից շինություններ, կատարել խուզարկություն և առգրավում: Մինչդեռ, նույնիսկ իրավաբանական ֆակուլտետի ուսանողը գիտի, որ հետաքննության մարմինը մինչև քրեական գործ հարուցելն իրավունք ունի միայն կատարելու դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցնելու նմուշներ և նշանակելու փորձաքննություն: Տվյալ դեպքում, ոչ քրեական գործ է հարուցված եղել և ոչ էլ` առկա է եղել որևէ որոշում, այդ թվում նաև դատարանի որոշում, իսկ խուզարկությունը կատարվել է դրա իրավունքը չունեցող անձանց կողմից:
      Այսպիսով, հետաքննության մարմինները ձեռք են բերել մի ապացույց, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն չի կարող համարվի վերաբերելի և թույլատրելի, քանի որ այն ձեռք է բերվել քրեադատավարական կանոնների կոպիտ և էական խախտմամբ և այն չի կարող դրվել մեղադրանքի հիմքում:

  • Ամբաստանյալ Վահրամ Անտոնյանի նկատմամբ մեղադրանքը և, ըստ էության, դատավճիռը հիմնվում են նույն գործով ամբաստանյալ Ս.Պողոսյանի իրարամերժ ցուցմունքների վրա, ով հանդիսանում է գործի ելքով շահագրգռված անձ: 
    • Այդ կապակցությամբ, անտեսվել է ՀՀ Վճռաբեկ դատարանը 22.07.2005թ թիվ ՎՔԲ-203/05 որոշմամբ հայտնել է իրավական  դիրքորոշում, համաձայն որի.”գործի ելքով շահագրգռված անձի ցուցմունքները առանց դրանք հաստատող օբյեկտիվ ապացույցների առկայության, բավարար չեն հանգելու այն համոզման, որ հանցագործության դեպքը տեղի է ունեցել, հետևաբար ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն … հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման”: Մինչդեռ, ամբաստանյալ Ս.Պողոսյանի իրարամերժ ցուցմունքներից բացի, գործում չկա որևէ այլ ապացույց, որը կհաստատեր Վահրամ Անտոնյանի հանցանքը: Ավելին, մի դեպքում ամբաստանյալ Ս.Պողոսյանը խոստովանել է, որ առգրավված թմրամիջոցն ինքն է աճեցրել և պատրաստել, մյուս դեպքում` “խուզարկության ժամանակ”, խոստովանել է, որ թմրամիջոցը իր հանգուցյալ եղբորն է պատկանել, իսկ մեկ այլ դեպքում խոստովանում է, որ թմրամիջոցն իրեն է տվել ամբաստանյալ Վահրամ Անտոնյանը:

Այսպիսով, գործում առկա գերակշռող ապացույցները կամ չեն վերաբերում ամբաստանյալ Վահրամ Անտոնյանի գործողություններին, կամ էլ ապացուցում են Ս.Պողոսյանի մեղքը: Միայն, գործի ելքով շահագրգռված անձի` Ս.Պողոսյանի իրարամերժ ցուցմունքներից մեկի շրջանակներում է, որ Վահրամ Անտոնյանի “գործողությունը” համարվում է հանցագործություն: Ապշեցուցիչ է, բայց դատարանը հենց այդ ցուցմունքի հիման վրա էլ Վահրամ Անտոնյանին ճանաչել է մեղավոր:

Վերոգրյալի առթիվ փաստաբան Մ.Սարգսյանը ներկայացրել է տարբեր միջնորդություններ և դատարանից խնդրել է դրանք հանել ապացույցների շարքից, սակայն բոլոր դեպքերում մեր հարգարժան նախագահող դատավորները այդ միջնորդությունները մերժել են:

 

Այստեղ, նույնիսկ մերժման հիմնավորումների առկայության կամ բացակայության մասին խոսելն արդեն անիմաստ է, քանի որ հետաքննության մարմինների անօրինական գործողություններին արդարացում չկա, իսկ հանցագործություն չկատարած անձին զոռով մեղավոր ճանաչելուն հիմնավորում չկա:

 

Մնում է հուսանք, որ շուրջ 2 տարի ձգձգվող դատաքննությունը գոնե կլինի արդարացի և արդյունքում կվերականգնվի Վահրամ Անտոնյանի խախտված իրավունքը` ապահովելով օրենքի առջև հավասարության սկզբունքի կիրարկումը:

 

ՀՀ Փաստաբանների պալատ

 

Հ.Գ. Ասում են թե դատավարության կողմերը նպաստում են արդարադատության իրականացմանը, իսկ դատավորը իրականացնում է արդարադատությունը` հիմնվելով կողմերի ներկայացրած փաստարկներին: Հետաքրքիր է, ինչպիսի՞ տեսք ունի այդ արդարադատությունը, որը “արարվել է” իսկզբանե քրեադատավարական կանոնների կոպիտ խախտմամբ:



Բեռնել

Վերադառնալ