ՀՀ Փաստաբանների Պալատ

Փաստաբանը համաձայն է ՀՀ Նախագահի դիրքորոշմանը

16.01.2012 00:00

Դատարաններն իրականացնում են բացառապես մեղադրական եզրակացությունները վերահաստատելու գործառույթ, վերաքննիչ դատարանում գրեթե ոչինչ չի փոխվում, իսկ վճռաբեկ դատարանը չի ցանկանում տեսնել այս իրավիճակը:

Սակայն մեկ բան պետք է ցավով արձանագրենք, որ դատաիրավական բարեփոխումների խնդիրներին առնչվող մի քանի նմանօրինակ խորհրդակցություններ ևս տեղի են ունեցել նախագահական նստավայրում: Կրկին եթերից հնչել են գեղեցիկ խոսքեր, որոնք ինչպես այժմ հուսադրել ու ոգևորել են հանրությանը, սակայն իրականում գործընթացները զարգացել են հակառակ ուղղությամբ: Այսինքն` իրավակիրառական պրակտիկայում, հատկապես քրեական արդարադատության ոլորտում արձանագրվել է ոչ թե դրական տեղաշարժ, այլ ուղիղ հակառակ իրավիճակն է ստեղծվել և վերջին շրջանում դատարանները սևեռված են մեկ նպատակի` որքան հնարավոր է իրենց անվնաս պահել, իսկ նման մոտեցումը ծնում է անօրինականությունների շղթա, այսինքն, դատավորը ծայրահեղ խափանման միջոց է կիրառում, բոլորովին հաշվի չառնելով դրա հիմքերի առկայությանը, կամ անխտիր անձին մեղավոր են ճանաչում` հաշվի չառնելով գոյություն ունեն բավարար ապացույցների համակցություն, թե ոչ, կամ նշանակում են անհամաչափ խիստ պատիժներ և այլն:

Այս ամենը միտված է մեկ նպատակի, որ ցույց տան, որ իրենք «ազնիվ» են: Սակայն այդ «ցուցադրումը» բերում է քրեական արդարադատության իսպառ վերացմանը, քանի որ քրեադատավարական խնդիրները իրագործելու փոխարեն դատարանները մտահոգված են և իրագործում են բոլորովին այլ խնդիրներ:

Ես միանշանակ համոզված եմ, որ մեր Հանրապետության Նախագահը ունի այնպիսի իշխանություն և քաղաքական հեղինակություն, որ ցանկության դեպքում այս խնդիրները շատ կարճ ժամկետում արմատական լուծում կունենան և ներքին անվտանգությանն սպառնացող այս իրավիճակը լրջագույն բարեփոխման կենթարկվի: Իսկ ինչու ներքին անվտանգությանն սպառնացող, քանի որ արդարադատության պակասը կամ դրա բացակայությանը հասարակության մոտ ծնում է հիմնավորված դժգոհություն, այն իր երկրում պաշտպանված չի զգում օրենքի ուժով, քանի որ շատ-շատերն են ականատես լինում թե ինչպես են անօրինական մեղադրանքներ ներկայացվում, անհիմն և անօրինական կալանքներ կիրառվում և հանիրավի դատապարտվում: Առանց այն էլ դժվարին սոցիալ-տնտեսական պայմաններ են և անգամ տան տղամարդու աշխատելու պարագայում ընտանիքները դժվարությամբ են գոյատևում և արի ու տես, որ ինչ-որ չնչին բանի համար, կամ ընդհանրապես անհիմն կերպով տան կերակրող ու աշխատող տղամարդուն կալանավորում են, ապա դատապարտում, իսկ նրա ընտանիքը հայտնվում է ծայրահեղ սոցիալական վիճակում, որն էլ իր հերթին լի է վտանգներով:

Կալանքը, որպես խափանման միջոց, ինչպես իրավացիորեն նկատել է ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում, հանդիսանում է ծայրահեղ խափանման միջոց, բայց արի ու տես, որ իրականության մեջ գրեթե բոլոր քրեական գործերով առանց դրա անհրաժեշտությունը հիմնավորելու անձանց նկատմամբ կիրառվում է կալանք, որն էլ, ապա կաշկանդում է նախաքննության մարմնին, ապա նաև դատարանին իրական արդարադատություն իրականացնելուն: Բացի այդ փորձը ցույց է տվել, որ շատ դեպքերում պատժի նպատակները իրականացնելու համար լիովին բավարար է տուգանքի ձևով պատժի նշանակումը, մինչդեռ դատարանները միտված են ազատազրկում նշանակելուն, որով շատ դեպքերում ոչ թե ուղղում են անձին, այլ առաջին անգամ քրեորեն պատժելի արարք թույլ տված անձին ստիպում են իրական հանցագործ դառնալ:

Ես լիահույս եմ, որ մեր երկրի հարգելի Նախագահի այս խորհրդակցությունը իրոք կծառայի իր նպատակին և գալիք տարում մենք ականատես կլինենք արդարադատության նոր որակների` բառիս ամենալավ իմաստով:

 

Փաստաբան

 Գեղամ Հակոբյան



Բեռնել

Վերադառնալ