ՀՀ Փաստաբանների Պալատ

Պ Ա Տ Ա Ն Դ Ը

03.12.2011 05:14

Պ Ա Տ Ա Ն Դ Ը

 

Պ Ա Տ Ա Ն Դ Ը

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել մանկավարժ ու երկու երեխաների մայր Սիլվա Ասատրյանին շինծու մեղադրանքով 9 տարվա ազատազրկման դատապարտելու մասին: Այդ գործով Սիլվա Ասատրյանի նկատմամբ հանցագործության բնույթ կրող բազմաթիվ ապօրինություններ են կատարվել.

ա) նա ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով ԱԱԾ աշխատակիցների կողմից վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից հափշտակվել և ապօրինի զրկվել է ազատությունից, ինչի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ-ի դեմ վճիռ է կայացրել,

բ) նա ենթակա լինելով արդարացման, գլխավոր դատախազության պնդմամբ դատապարտել է 9 տարվա ազատազրկման, այն էլ գործի նյութերով չհետազոտված ապացույցներին հղում կատարելով և վճռաբեկ դատարանը դա համարել է թույլատրելի,

գ) պատիժը կրելու ընթացքում ապօրինաբար, առանց օրենքով նշված 2 հիմքերից (պատիժ կրողի դիմում կամ խախտում) որևէ մեկի առկայության, գլխավոր դատախազության գրավոր որոշման հիման վրա ԱՆ տեղաբաշխման հանձնաժողովը խստացրել է պատժի կրման ռեժիմը և դատարանը դա էլ է թույլատրելի համարել, պատճառաբանելով, որ որոշումը կայացվել է բաց քվեարկությամբ (քվեարկության ձևը պահպանվել է), հետևաբար չի կարող անվավեր ճանաչվել:

Բացի ՀՀ-ի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, վերը նշված երկու՝ բ) և գ) կետերի խախտումների վերաբերյալ էլ են դիմումներ ներկայացվել եվրոպական դատարան, իսկ երեք անգամ էլ ՀՀ սահմանադրական դատարանն է հակասահմանադրական ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն նորմերը, որոնց կիրառմամբ վերադարձվել են Սիլվա Ասատրյանի վճռաբեկ բողոքները, սակայն վճռաբեկ դատարանն այդպես էլ վարույթ չի ընդունում և ըստ էության չի քննում Սիլվա Ասատրյանի վճռաբեկ բողոքը:

Բայց այս ամենով չեն ավարտվում պատանդի կարգավիճակում գտնվող Սիլվա Ասատրյանի դեմ շարունակական բնույթ կրող ապօրինությունները:

2011թ. մայիսի 26-ին հայտարարված համաներումից հետո էլ, Սիլվա Ասատրյանը շարունակում է ապօրինաբար պատանդի կարգավիճակում պահվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:

Բանը նրանում է, որ 9 տարվա ազատազրկումից 2 տարին ՀՀ քր. օր-ի 185 հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատիժն է, որի համար ՀՀ ԱԺ 26.05.2011թ. համաներման մասին որոշման 1-ին մասի 1-ին կետի համաձայն պատժից ազատվում են ամբողջությամբ (պատժից ազատվում են առավելագույնը երեք տարվա ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք), իսկ պատժի մնացած մասի նկատմամբ էլ կիրառվում է համաներման մասին որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետը, որը վերաբերում է ծանր հանցագործություններին և ըստ որի պատժի չկրած մասը կրճատվում է մեկ քառորդով:

Քրեակատարողական հիմնարկը դատախազության պարտադրմամբ այն երկու տարվա ազատազրկման վրա էլ է տարածել պատժի չկրած մասը մեկ քառորդով կրճատելու դրույթը, որը ծանր հանցագործություններին է վերաբերում, փոխանակ այդ մասով կիրառեր պատժից ազատելու դրույթը:

Եթե Սիլվա Ասատրյանի նկատմամբ համաներումը կիրառվեր կամ ճիշտ կիրառվեր, ապա նա արդեն պետք է ազատ արձակված լիներ, քանի որ 26.05.2011թ. դրությամբ արդեն իսկ կրել էր 7 տարի և 15 օրվա պատիժ, իսկ 9-2=7:

Արդյունքում, խախտումները շարունակվում են, մարդը՝ մանկավարժ կինը, երկու երեխաների մայրը, պահվում է պատանդի կարգավիճակում և հերթական դիմումն է պատրաստվում ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Իսկ թե ինչու են Սիլվա Ասատրյանի նկատմամբ գլխավոր դատախազության ցուցումով նման ապօրինություններ կատարվում և թե ինչու է նա պատանդի կարգավիճակում պահվում, կփորձեմ բացահայտել Սիլվա Ասատրյանի գործով մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ՀՀ-ի դեմ հերթական վճռից հետո:

 

Հ.Գ.

Այս վերջին խախտումը կատարվում է ԱՆ Հրայր Թովմասյանի նախարարության օրոք: Չեմ պնդում, որ նա դրան տեղյակ է, սակայն սույնով նրա ուշադրությունն եմ հրավիրում դրա վրա: «Աբովյան» ՔԿՀ-ի և գլխավոր դատախազության դեմ մեր բողոքն, ի դեպ, քննության է նշանակվել Եղվարդի դատարանում, 06.12.2011թ. ժամը 11:30-ին:

 

Փաստաբան`                                                            Կարեն Մեժլումյան

 



Բեռնել

Վերադառնալ