ՀՀ Փաստաբանների Պալատ

ԲԼԻՑ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

22.05.2023 11:12

ԲԼԻՑ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հարգելի՛ ընթերցող,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր նոր բլից հարցազրույցը փաստաբան Ռուբեն Հակոբյանի մասնակցությամբ․

 

1. Լավագույն առավոտը

 Բիբլիական Արարատ լեռան գագաթին



2. Այսօրվա իմաստությամբ ու կյանքի փորձով ի՞նչ խորհուրդ կտայիք 20 տարեկան Ռուբեն Հակոբյանին

 Ներկան և հարազատների ներկայությունը վայելել ավելի շատ

 

3. Եթե Ձեր մասին պատմող ֆիլմ լիներ ինչպե՞ս կկոչվեր այն

 Կարծում եմ սերիալ չէր լինի, նաև կատակերգության, մարտաֆիլմի կամ սարսափի ժանր չէր լինի, վերնագիրը՝  ճշմարտության որոնումները

 

4. Կինն ու գինին

Հաճելին և օգտակարը չափի մեջ չեն կարող հաղթել հերոսին

 

5. Օրինակելի լինելն ու օրինակ վերցնելը

Փոխկապակցված երևույթներ են: Պետք է ձգտես օրինակ ծառայել շատերին, իհարկե՝ դրական առումով և չխուսափես օրինակ վերցնել օրինակելիներից

 

6. Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք

   Խաշ

 

7. Ի՞նչ եք անում, երբ սովածություն եք զգում կեսգիշերին

 Սովորութային նորմերի ոչ էական խախտումներ եմ թույլ տալիս


8. «Գյուղացի Համբոյի տանը կռիվ է ընկել: Համբոն իր անչափահաս որդուն՝ Գիքորին,  քաղաք է տանում՝ Բազազ Արտեմի համար ծառա: Մայրը չէր ուզում, որ հայրը որդուն տանի այդ անիրավ աշխարհ» քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ պարունակող քանի՞ տարր կա հիշյալ տողերում

 Հանդես գամ որպես մեղադրող․

« Համբոն Գիքորին շահագործման նպատակով տեղափոխել և փոխանցել է Բազազ Արտեմին, որը Գիքորին շահագործել է, այսինքն՝ առկա է երեխայի թրաֆիքինգ և շահագործում: Բացի այդ, Համբոն փաստացի հրաժարվել է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը կատարելուց: Բացի այդ, Համբոն երեխային ապօրինի բաժանել է մորից: Կարծեմ, երեք առանձին հանցակազմեր թվարկեցի»:

Հիմա խոսեմ որպես պաշտպան․

« Տանը կռիվ ընկնելու հանգամանքները կոնկրետացված և սպառիչ չեք նկարագրել, հետևաբար, ընտանեկան բռնության հատկանիշների մասին խոսք չկա: Ինչ հանցակազմ էլ, որ առկա լինի, վաղեմության ժամկետն արդեն անցել է»: (Ծիծաղում է)

 

9. Ո՞րն է Ձեր ամենասիրելի վայրը Երևանում

Ցանկացած այն վայրը, որտեղ գտնվում եմ ինձ հոգեհարազատ մարդկանցով: Սիրելի վայրերը բազմաթիվ են, իսկ նման մարդիկ գնալով սակավանում են

 

10. Փոշմանում եք արածների՞, թե՞ չարածների համար

 Կան արարքներ, որոնք կատարելու համար փոշմանել եմ, ու հակառակը՝ կան բաներ, որոնք չեմ արել ու փոշմանել եմ

 

11. Ինչպիսի՞ն պիտի լինի և չլինի փաստաբանը

 Չեմ առանձնացնի կոնկրետ փաստաբանին, այլ ընդհանուր կասեմ․ այս կամ այն մասնագիտությունն ընտրած մարդը նախ պետք է ունենա տվյալ ոլորտի անհրաժեշտից ավել գիտելիքներ, պետք է լինի ընտրած գործի նվիրյալը, լինի ազնիվ, սկզբունքային, պարտաճանաչ, աշխատասեր, համառ և համարձակ: Նշվածներից ցանկացած հատկանիշի բացակայությունն անխուսափելիորեն հանգեցնելու է անհաջողության կամ պարտության  նաև փաստաբանի դեպքում

 

12. Փաստաբանի լավագույն գովազդը

 Կատարած բարեխիղճ աշխատանքի գնահատումը վստահորդների կողմից: Նրանք այդ մասին, բնականաբար, արտահայտվում են, ինչն էլ Հայաստանում շատ արագ տարածվում է: Շեշտում եմ՝ ոչ թե արդյունքի գնահատումը, որը հաճախ պայմանավորված չէ փաստաբանի լավ կամ վատ աշխատանքով, այլ հենց բարեխիղճ աշխատանքի գնահատումը: Իսկ վստահորդների բացասական կարծիքներն էլ ամենամեծ հակագովազդն են


13. Դատական նիստից հետո հոգնածությունը թոթափելու լավագույն միջոցը

Ըստ հոգնածության աստիճանի և թոթափվելուն հատկացված ժամանակահատվածի, տարբեր են լինում: Ընտանեկան կամ ընկերական միջավայր, բնություն, սպորտ և այլն 


14. Եթե Ձեզ էլ մի օր փաստաբան պետք լինի, ու՞մ կդիմեք

Այն փաստաբան ընկերներիս, որոնք նման իրավիճակներում իրենց շահերի պաշտպանությունը կվստահեին ինձ

 

15. Ընտանեկան հնարավոր վեճերում փորձել եք գոնե մտքում ստանձնել Ձեր կնոջ պաշտպանությունը՝ ընդհուպ արդարացման պահանջով

Ընտանեկան դատարանում, երբ որ ամբաստանվում եմ, որպես կանոն, առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում: Իսկ մյուս դեպքերում հակափաստարկները, իհարկե, մտքում ընդունում եմ, որոնք նաև արդարացնող են

 

16. Կարգապահական պատասխանատվությունից եք վախենում, թե՞ վերելակում փակված մնալուց

 Իմ մասով կարգապահական գործընթացի դեռ, բարեբախտաբար, չեմ մասնակցել, հետևաբար, ինչ հույզեր կունենամ՝  չգիտեմ, իսկ վերելակները փորձում եմ շրջանցել: Հետևությունները թողնում եմ Ձեզ

 

17. Երջանկության Ձեր բանաձևը

Երջանկության հստակ բանաձևը մինչ օրս որևէ փիլիսոփա չի սահմանել: Իմ կարծիքով, երջանկությունը մարդու այն վիճակն է, երբ նա հասել է ներքին գերագույն բավարարվածության և հանգստության իր և հարազատ մարդկանց ապրելու, արարելու պայմաններով: Իսկ հայ մարդու համար պարտադիր է, որ այդ պայմաններում ապրի հզոր, անկախ և անվտանգ հայրենիքում

 

18. Սովորություն, որից փորձում եք ձերբազատվել

Բավականին բծախնդիր եմ իմ հանդեպ, ինչը թե՜առօրյայում, թե՜ աշխատանքում ինձ խանգարում է: Սովորությունից ձերբազատվելու ուղղությամբ աշխատում եմ, արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն

 

19. Ընտրեցիք իրավաբանի մասնագիտությունը հենց փաստաբան լինելու համար, թե՞

Ես ծնվել եմ Խորհրդային միության ժամանակաշրջանում, որի գեղարվեստական ֆիլմերում քննիչների կերպարը միշտ ներկայացվել է բացառապես դրական կողմերով, փաստաբանների մասին ֆիլմեր, կարծես թե չկար: Այդ ֆիլմերի ազդեցությամբ որոշել եմ դառնալ իրավաբան, 9 տարի քննիչ եմ աշխատել: Այնուհետև, որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով, գտել եմ, որ եկել է ոչ թե մեղադրելու, այլ պաշտպանելու, փաստաբան լինելու ժամանակը

 

20. Մեր բլից հարցերին պատասխանելու համար ու՞մ եք նետում մարտահրավերը

Ով առաջինը կամովին այն կընդունի

 

Լուսանկարը տրամադրեց Ռուբեն Հակոբյանը



Բեռնել

Վերադառնալ