ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ փաստաբանների կարծիքները

29.11.2011 07:55

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ

փաստաբանների կարծիքները

 

2011 թվականի նոյեմբերի 15-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը` ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ արդարադատության նախարարության և Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ, կազմակերպել էր «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի տեսական և գործնական հարցերը» թեմայով փորձագիտական աշխատաժողով: Մինչ քննարկումը, նախագիծը տեղադրվել էր նաև ՀՀ Փաստաբանների պալատի կայքում (www.advocates.am) և ներկայումս հասանելի է կայքի բոլոր այցելուների համար:

Աշխատաժողովին հրավիրված էին դատախազության, դատարանների, պետական կառավարչական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավագիտության ոլորտի գիտաշխատողներ, փաստաբաններ և այլ փորձագետներ:

 Ներկա գտնվող անձինք համաձայնվեցին, որ նման նախագծի անհրաժեշտությունը հասունացել է և կան գործող օրենսդրության բազմաթիվ բացեր, որոնց հնարավոր է նախագծի միջոցով լուծում տալ: Այնուհանդերձ, նախագծի վերաբերյալ մասնագետների կարծիքները ոչ միշտ էին համընկնում:

 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի ընդհանուր մասի վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Երվանդ Վարոսյանն այն կարծիքին է, որ նախագծով սահմանվել է սուբսիդիար /մասնավոր/ մեղադրողի ինստիտուտը, ինչը էապես ընդլայնելու է տուժողի իրավունքները, և նման նորամուծությունն ընդհանուր առմամբ կարելի է համարել դրական և առաջընթաց քայլ:

Միաժամանակ, Ե.Վարոսյանը նշեց, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի ապահովմանն ուղղված նորմերը երկակի արձագանքի տեղիք են տալիս: Մի կողմից առաջընթաց պետք է համարել կալանավորմանը նախորդող փուլերում անձի ազատության սահմանափակման /ձերբակալման/ գործընթացի առավել հստակ կանոնակարգումը: Մյուս կողմից բոլորովին ընդունելի չէ այն հանգամանքը, որ փորձ է արվում նվազեցնել գործող ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված անձին կալանավորելու համար նախատեսված հիմքերի նվազագույն շեմը: Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձինք կարող են սկզբնական շրջանում կալանավորվել միայն հիմնավոր կասկածի առկայության դեպքում: Մինչդեռ, ներկայումս, ՀՀ ներպետական օրենսդրությունը բոլոր դեպքերում պահանջում է, որպեսզի անձին կալանավորելու համար առկա լինի ինչպես հիմնավոր կասկածը, այնպես էլ կալանավորման համար անհրաժեշտ հիմքերից առնվազն մեկը /քննությունից թաքնվելու վտանգ, նոր հանցանք կատարելու վտանգ և այլն/: Այս նահանջն առավել ևս անընդունելի է դառնում Հայաստանում, ներկայումս ձևավորված «կալանավորում» խափանման միջոցի համատարած կիրառման արատավոր պրակտիկայի տեսակետից դիտարկելիս:

Փաստաբան Լուսինե Սահակյանի կարծիքով խիստ մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ նախագծով վերացվել է անձի դատավարական կարգավիճակներից` կասկածյալի կարգավիճակը, որի հետևանքով առաջացած բացը որևէ կերպ լրացված չէ: Այս առումով հարկ է հաշվի առնել, որ նախագծի համաձայն անձը մեղադրյալի կարգավիճակ է ստանալու ոչ թե այն պահից, երբ իր վերաբերյալ վարույթ սկսվի և ոչ էլ այն պահից, երբ վարույթն իրականացնող մարմինը կասկածելով անձին այս կամ այն հանցանքի կատարման մեջ կսկսի նրան մեղադրող ապացույցների հավաքման գործընթացը, այլ այն պահից երբ քննիչն իր ցանկացած պահին կկայացնի անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում, իսկ դատախազն այն կհաստատի:

Միաժամանակ, նախքան անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման հաստատումը, մեղադրյալի իրավունքներից օգտվելու է միայն ձերբակալված անձը: Ստացվելու է իրավիճակ, երբ ազատության մեջ գտնվող, որպես մեղադրյալ չներգրավված անձը, որի վերաբերյալ, սակայն, վարույթ է իրականացվում, հայտնվելու է բոլորովին անպաշտպան վիճակում, քանի որ զրկվելու է ինչպես մեղադրյալի իրավունքներից, այնպես էլ գործող օրեսգրքով սահմանված կասկածյալի իրավունքներից օգտվելու հնարավորությունից:

Քննարկման ընթացքում աշխատանքային խմբի անդամները հաստատեցին, որ այդ բացը պետք է լրացվի այլ գործոններով, ինչպես օրինակ վկայի փաստաբանի իրավունքների ու դերի ընդլայնմամբ կամ մեղադրյալի կողմից նախկինում որպես վկա հարցաքննվելիս տրված ցուցմունքները որպես ապացույց չգնահատելու միջոցով և այլն: Սակայն, հարկ է ընդգծել, որ կասկածյալի կարգավիճակի բացակայության հետևանքները մեղմելուն միտված հայտարարվող գործոններն այդպես էլ ընդհանուր մասի նախագծում իրենց տեղը չեն գտել:

Լ.Սահակյանի կարծիքով խնդրահարույց է մնում նաև պաշտպանի իրավունքների շրջանակը` ապացույցներ ձեռք բերելիս: Անընդհատ հայտարարվում է թե էականորեն ավելացվել են պաշտպանի իրավունքները` ապացույցներ ձեռք բերելիս: Մինչդեռ որևէ շոշափելի առաջընթաց այս հարցում նախագիծը չի պարունակում: Մասնավորապես գործող օրենսգրքի նմանությամբ, նախագծով պաշտպանին իրավունք է վերապահվել հարցման ենթարկել անձանց, սակայն ինչպես և գործող օրենսգրքի պարագայում, այդ գործողության արդյունքում ձեռք բերված տվյալները չեն նախատեսվել ապացույցների շարքում: Ակնհայտ է, որ անձանց հարցման ենթարկելը նախագծում ևս ներկայացված է իբրև ինքնանպատակ` որևէ հետևանքի չհանգեցնող գործողություն:

 ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն իր գոհունակությունն արտահայտեց կատարված աշխատանքի և նախագծի ընդհանուր մասի վերաբերյալ: Վերջինիս կարծիքով առկա են հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն, ինչը տեղեկատվության բացակայության հետևանք է: Ն.Բաղդասարյանի կարծիքով նոր ՀՀ քրեական դատավարության օրեսգիրքի մշակումն անխուսափելի է, քանի որ նախագծի վերաբերյալ ընդունված հայեցակարգը կոնցեպտուալ տարբերվում է գործող օրենսգրքից: Ն.Բաղդասարյանի նշեց, որ նախագիծը մի քանի քայլ առաջընթաց է գործող օրենսգրքից: Լուծումները, որոնք տրվել են նախագծում, համապատասխանում են Եվրոպական կոնվենցիայի պահանջներին: Եթե աշխատանքային խումբը պահպանի արդեն իսկ ամրագրված սկզբունքները նաև հատուկ մասում, ապա Ն.Բաղդասարյանի կարծիքով նախագծի ընդունումը էական փոփոխություն կմտցնի իրականացվող քրեական արդարադատությունում:

 Ամփոփելով վերոգրյալը կարելի է հստակ նշել, որ ներկայումս առկա է գործոն, որը կարող է և սկզբունքային փոփոխություններ կմտցնի քրեական դատավարության ոլորտում` արդարադատության իրականացման գործընթացում: Այդուհանդերձ, պարզ է նաև այն իրականությունը, որ դրական արդյունքներ ստանալու համար նախագծի մշակման և քննարկաման փուլերում փաստաբաններիս ներգրավվածության աստիճանը պետք է ընդլայնվի և հնարավորինս պետք է լսելի լինի մեր բոլոր կարծիքները, քանի որ ստեղծվում է իրավական ակտ, որը պետք է կոչված լինի արդարադատության իրականացմանը և ոչ թե դրա աղճատմանը:

 

ՀՀ Փաստաբանների պալատ



Բեռնել

Վերադառնալ