ՀՀ Փաստաբանների Պալատ

Ա Ր Գ Ե Լ Ե Ց Ի Ն Ա Ռ Ա Ր Կ Ե Լ

10.10.2011 13:12

Ա Ր Գ Ե Լ Ե Ց Ի Ն   Ա Ռ Ա Ր Կ Ե Լ

 

Ա Ր Գ Ե Լ Ե Ց Ի Ն   Ա Ռ Ա Ր Կ Ե Լ

Արդեն պատրաստվում էի գրել թեմայի մասին, երբ էլեկտրոնային թերթերից մեկում հրապարակվեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հարցազրույցը, որը վերաբերում էր ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացմանը եւ համեմատականներ էին տարվում նաեւ վրացական փորձի հետ: Հարցազրույցի առանցքային հարցերից էր նաեւ ճանապարհային ոստիկանության (ՃՈ) թեման:

Իսկապես, ոստիկանության աշխատանքի վերաբերյալ հասարակական կարծիք է ձեւավորվում հատկապես մարդկանց հետ ուղիղ կապի մեջ գտնվող ՃՈ հետ շփումներից: Վերջին մեկ ամսում առիթ եղավ մոտ 1000 կմ վարել Վրաստանում եւ ոչ մի անգամ վրացական ՃՈ-ն ինձ չկանգնեցրեց: Չի կարելի դա վերագրել մեքենայի հայկական համարանիշին, քանի որ իմ առջեւից ու հետեւից երթեւեկող մեքենաները վրացական էին ու նրանց էլ չէին կանգնեցնում: Ավելին, մայրուղիների վրա ՃՈ ավտոմեքենաներ հաճախ էին հանդիպում, որոնք կանգնած էին կամ երթեւեկում էին առկայծող փարոսիկները միացված եւ հեռվից տեսանելի էին վարորդների համար, սակայն ճանապարհին կանգնած (փայտիկը ձեռքին) որեւէ ոստիկանի չեմ հանդիպել, նրանք չէին խոչընդոտում երթեւեկությունը, թեեւ երթեւեկության մասնակիցների ընդհանուր հոսքի կողմից մի քիչ էլ գերազանցվում էր սահմանված արագությունը: Տպավորությունն այնպիսին էր, որ վրացի ոստիկանները պարզապես զգացնել են տալիս իրենց ներկայությունը, ինչը զսպում է ճանապարհային երթեւեկության մասնակիցների «լիխաչություն» անելու ցանկությունը:

Մեր ճանապարհային ոստիկաններն այլ կերպ են գործում, մարաղ մտած ու փարոսիկները հանգեցրած եւ դա զգում ես ՀՀ մուտք գործելու առաջին իսկ պահից: Համարյա ցանկացած բնակավայրի անմիջապես սկզբում, փայտիկը ձեռքին մի ՃՈ է թաքնված, որպեսզի մայրուղուց բնակավայր մտնելիս, դեռ արագությունը չիջեցրած, քեզ կանգնեցնի: Դա ամենուր է, դեպի Գյումրի ճանապարհին, Վանաձորի ճանապարհին, Գորիսի ճանապարհին՝ Արտաշատում, Եղեգնաձորում, Վայքում եւ այլուր:

Օրերս մի ցավալի առիթով այցելեցի Գորիս: Սիսիանի «պոստ» չհասած՝ վերելքով, կտրուկ շրջադարձով ու վայրէջքով ճանապարհի մի հատված կա եւ, բնականաբար, փայտիկով կանգնած ոստիկան, որը հեռվից չի երեւում, քանի որ տեսադաշտ չկա: Նա ինձ կանգնեցրեց ու ասաց, որ խախտում եմ արել. շրջադարձի ժամանակ ավտոմեքենայի դողը տրորել է հոծ գիծը, անգամ ցույց տվեց տեսագրությունը եւ արձանագրություն գրեց:

Ես նայելով տեսագրությունը, մեկ անգամ էլ համոզվեցի, որ խախտում չեմ արել եւ ինձ տրված արձանագրության մեջ ցանկանում էի առարկություն գրել, սակայն առաջին բառի մի քանի տառն էի դեռ գրել, երբ փայտիկով ոստիկանը ձեռքիցս վերցրեց արձանագրությունն ու արգելեց բացատրություն գրելը, հարցնելով, թե ինչ եմ ցանկանում գրել: Ես պարզաբանեցի, որ իմ առարկություններն եմ գրում, սակայն նա անդրդվելի էր եւ ինձ թելադրում էր, որպեսզի գրեմ, որ տեսագրությունը նայել եմ ու խախտումը տեսել եմ, իմանալով հանդերձ, որ փաստաբան եմ: Բնականաբար, ինձ համար ընդունելի չէ, երբ թելադրում են, թե ինչ գրեմ, ինչ բացատրություն տամ եւ այդ մասին հայտնեցի նրան, ասելով, կամ թույլ տուր ես որոշեմ, թե ինչ եմ գրում, կամ էլ ոչինչ չեմ գրի ու չեմ ստորագրի, արձանագրի, որ հրաժարվում եմ ստորագրել ու փաստաթղթերս տուր գնամ:

Ոստիկանը փաստաթղթերը չէր տալիս եւ թույլ չէր տալիս, որ իմ բացատրության տեղում գրեմ ինչ որ ես եմ գտնում ճիշտ: Փաստաբան լինելով հանդերձ, այս իրավիճակում ոչինչ չէի կարող անել, օրինակ՝ փաստաթղթերս վերցնել ու ճանապարհս շարունակել, կամ ինձ թելադրողին ասել. «արա, դու ո՞վ ես, որ ինձ թելադրում ես, թե ինչ գրեմ», քանի որ առկա է Քրօրի չարաբաստիկ 316 հոդվածը, որով պատժում են ցանկացածին, ով կհակաճառի ապօրինություն գործող ոստիկանին:

Ոստիկանը տեսնելով, որ ես իր թելադրածը չեմ գրում եւ մոտ կես ժամ է անցել, զանգեց իր վերադասներից մեկին, որը քաղաքացիական հագուստով Սիսիան քաղաքից հասավ այդտեղ եւ այս անգամ էլ նա սկսեց ինձ համոզել, որ առարկություն չգրեմ, ստորագրեմ արձանագրությունն ու վճարեմ տուգանքը: Համոզման մեթոդը հետեւյալն էր. էսինչին ճանաչո՞ւմ ես, էնինչին ճանաչո՞ւմ ես, դե ուրեմն ստորագրի ու տուգանքը վճարի: Քանի որ արդեն լրանում էր այդ պրոցեսի մեկ ժամը, երեկո էր, գիտեի, որ Գորիսում մառախուղ է, իսկ մեքենայում էլ ծեր կանայք կային, ես «համոզվեցի» ու ստորագրեցի, 10.000 դրամ տուգանքն էլ տեղում վճարեցի:

Հիմա հարց ոստիկանապետին, պարոն Սարգսյան, ինչպե՞ս վստահեմ նման կերպ հասարակական կարգի պահպանում իրականացնող ճանապարհային ոստիկանությանը: Ասեմ, որ էականն այն չէ, ես խախտում կատարել եմ, թե՝ ոչ, այլ այն, որ կատարվածի վերաբերյալ ունենալով այլ կարծիք ու դա շարադրելու իրավունք, ինձ (ինձն այս դեպքում հավաքական կերպար է) դա թույլ չի տրվում եւ սա այն դեպքում, երբ առկա է Ձեր նշած կամերան ու տեսագրությունը, այսինքն՝ փաստը, որը կարելի է ստուգել: Կամ արդյո՞ք ժամանակը չէ, որ մեր ՃՈ-երը դադարեն մարաղ մտած գործել, վստահեցնում եմ, որ նման գործելակերպը հարգանք եւ վստահություն չի ներշնչում: Ի դեպ, խախտման վերաբերյալ արձանագրությունը եւ որոշումը կազմվել են 20.09.2011թ.-ին եւ համարն է ԱԳ N 543827: Կարող եք ստուգել:

Կարեն Մեժլումյան

Փաստաբան

Հ. Գ.

Գորիսեցին որ գրիչը հանում է՝ պետք է գրի: Արձանագրության մեջ թույլ չտրվեց առարկություն գրել, այս հոդվածը գրվեց:

 

 



Բեռնել

Վերադառնալ