ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռ. Սահակյանի գրությունը վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանին
07.07.2011 11:35Ողջունելի համարելով նման տրամադրվածությունը, հիմքեր ունենալով ենթադրելու, որ նման խստացումը կարող է կիրառվել խտրական մոտեցմամբ միայն առանձին դատավորների նկատմամբ` Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» Վճռաբեկ դատարանի 03.06.2011թ. որոշումը` Արտակ Մանուչարյանի և մյուսի վերաբերյալ քրեական գործով:
Տվյալ գործով վճռաբեկ բողոք բերել են գլխավոր դատախազի տեղակալը և ամբաստանյալների պաշտպանները:
Դատախազի վճռաբեկ բողոքի մասով Վճռաբեկ դատարանի որոշմամբ ընդամենը ասված է. «Բողոք բերած անձը փաստարկել է, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառման համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի, 414.2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին և պետք է վերադարձվի հետևյալ պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»:
Կարծում ենք, որ վճռաբեկ դատարանի որոշմամբ տրված այսպիսի գնահատականը չի կարող դատական ակտի հիմնավորում համարվել, քանի որ նույնիսկ չի ասված, թե բողոք բերած անձն ինչ հարցեր է բարձրացրել, որոնք դատարանի կարծիքով չեն կարող օրենքի միատեսակ կիրառման խնդիր առաջացնել:
1-ին ատյանի և վերաքննիչ դատարանի դատական ակտերով խախտվել է ամբաստանյալի պաշտպանության իրավունքը և դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքում հատուկ շեշտադրում է կատարվել այդ հանգամանքին: Հետևաբար, Վճռաբեկ դատարանի որոշմամբ պետք է պատճառաբանվեր, թե ինչու ամբաստանյալի պաշտպան ունենալու հնարավորությունը սահմանափակելը չի կարող դիտվել պաշտպանության իրավունքի խախտում կամ ինչու այդ հարցը չի առաջացնում օրենքի միատեսակ կիրառման խնդիր:
ՀՀ քր. դատ. օր 414.1-րդ հոդվածի 2.1 մասի համաձայն. «Սույն օրենսգրքի 414.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված»:
Արդարադատության խորհրդի վերը հիշատակված որոշման մեջ նշված է նաև. «Մասնավորապես ՀՀ սահմանադրական դատարանը վերը նշված որոշմամբ արձանագրել է, որ «(…) օրենսդրությունն ընդհանրապես պետք է բացառի չպատճառաբանված դատական ակտի գոյությունը, որովհետև նման ակտը չի կարող համապատասխանել իրավական պետության հիմնարար սկզբունքներին, չի կարող երաշխավորել մարդկանց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանություն, ինչպես նաև ապահովել խախտված իրավունքների արդյունավետ վերականգնում» (տե´ս 15.06.2010թ. ՍԴՈ-896):
Գտնելով, որ Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» 03.06.2011թ. որոշումը Արտակ Մանուչարյանի և մյուսի վերաբերյալ քրեական գործով նույնպես չի պատճառաբանված, առաջարկում ենք կարգապահական վարույթ հարուցել այդ որոշումը կայացնողների` ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դ.Ավետիսյանի, նույն պալատի դատավորներ Հ.Ղուկասյանի, Հ.Ասատրյանի, Ե.Դանելյանի և Ա.Պողոսյանի նկատմամբ:
Հարգանքով`
Պալատի նախագահ` Ռ. Սահակյան
Բեռնել
Վերադառնալ