ՀՀ Փաստաբանների Պալատ

Չկայացած դատական իշխանություն

30.06.2011 13:59

Չկայացած դատական իշխանություն

Հայաստանի Հանրապետությունում բազմիցս խոսվել է դատական համակարգի չկայացվածության մասին: Ոմանք այն բնութագրում են որպես դատախազության կցորդ, ոմանք՝ իշխանությունների կամակատար և այլն:

Քիչ չեն նաև այն դեղատոմսերը, որոնք առաջարկվում են այլ և այլ մարդկանց կողմից այն է՝ դատավորների աշխատավարձերի բարձրացում, պատասխանատվության խստացում, ռեալ անկախություն և այլն:

Ըստ իս, ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանում դատական համակարգը որպես իշխանության ճյուղ չի ընկալվում ոչ մեկի կողմից, ո՛չ տիրապետող դասակարգի, ո՛չ ընդիմության և ո՛չ էլ ազգաբնակչության կողմից: Ոմանք այն դիտում են անկախությունից զուրկ մարմին, ոմանք վախենում են այդ մարմնից, իսկ ոմանք էլ՝ արհամարհում: Հայաստանում ցավոք  չկա դատական համակարգի նկատմամբ այն հարգանքը, որը կա արևմտյան երկրներում, որտեղ դատարանի որոշումը անխտիր հարգում են բոլորը, թեպետ այդ որոշումների հետ կարող են և համաձայն չլինել:

Ասվածի վառ ապացույցն է վերջերս իշխանություն-ընդդիմություն հեռակա երկխոսությունը, ըստ որի ընդդիմությունը պահանջներ առաջ քաշեց և ստեղծեց պատվիրակություն այդ հարցերը քննարկելու համար (տնտեսական հարցեր, արդար ընտրություններ և այլն), իսկ իշխանությունն արձագանքեց այդ առաջարկին և իր հերթին ցույց տվեց այն անձանց ովքեր կարող են լսել և լուծել այդ հարցերը: Այդ անձինք էին ԱԺ նախագահը, վարչապետը և Հանրապետության նախագահն ի դեմս իր ներկայացուցչի: Ուշադրություն դարձրեք իշխանության երեք ճյուղերից երկուսը առնվազն առկա են, իսկ երրորդը՝ դատականը, բացակայում է: Այնինչ այսօր Հայաստանում ամենաառաջնահերթ հարցը արդար, անաչառ, անկաշառ, սկզբունքային դատարաններ ունենալն է և ըստ իս այսօր տնտեսականից, քաղաքականից անգամ Լեռնային Ղարաբաղի հարցից առաջ կանգնած է արդար դատարաններ ունենալու հարցը, որը ցավոք սրտի մինչ օրս չունենք: Ավելին, եթե նման տեմպերով դատական համակարգը ընթանա չի բացառվում, որ մոտ ապագայում կամ այդ համակարգում «պայթուն» տեղի կունենա, որից հետո այն աստիճանաբար կսկսի զարգանալ կամ վերջնականապես կդառնա հիմնարկ որտեղ կան տնօրեն և աշխատողներ:

Որպեսզի դատական իշխանությունը զարգանա, ըստ իս անհրաժեշտ է ոչ թե խորհրդային մտածելակերպով դատավորներին ուղարկել Ստրասբուրգ սեմինարների (քանի որ դա անհերքելիորեն միջոցների վատնում է), այլ փոխարինել հենց այդ խորհրդային մտածելակերպը նոր ազատ մտածելակերպի անձանցով, որտեղ դատավորի պաշտոնում աշխատող անձը տեղյակ է, որ դատական համակարգը հիմնարկ չէ և ինքն էլ սովորական աշխատող: Ի դեպ Աստված 40 տարի իսրայելացիներին պտտեցրեց անապատում, որպեսզի հին սերնդից (որոնք համարվում էին ստրուկի մտածելակերպ ունեցողներ) մարդ չմտնի Ավետյաց երկիր (բացի Հեսուի որդի Նավիից) և վերջիններիս մահից հետո նոր սերունդը ժառանգեց Ավետյաց երկիրը: Այստեղ հին սերունդ ասելով ես նկատի չունեմ ավագ սերնդին որոնց մեջ կան անգնահատելի մարդիկ ես խոսում եմ այն անձանց մասին, որոնք ծնունդն են ստրուկ և մորթապաշտ մտածելակերպի և այդ մարդկանց թիվը Հայաստանում անցնում է բոլոր թույլատրելի սահմանները:

Անցնելով բուն հոդվածիս նյութին պետք է նշեմ, որ այս հոդվածը գրելու առիթ հանդիսացավ ՀՀ արդարադատության խորհրդի վերջերս կայացված որոշումներից մեկը:

Ըստ այդմ, 2011 թվականի հունիսի 24-ին ՀՀ արդարադատության խորհուրդը քննարկել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը և որոշել է դիմել ՀՀ նախագահին հիշյալ դատավորի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գրությունը՝ հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին: Դատավորի կողմից թույլ տված խախտումն ըստ Կարգապահական հանձնաժողովի այն էր, որ դատավորը անձի կալանքի որոշումը գրավով փոխարինելու վերաբերյալ որոշում կայացնելիս չի պատճառաբանել այդ որոշումը՝ թույլ տալով կամայականություն: Մասնավորապես, առաջին անգամ տվյալ Դատավորը տվել է կալանքի սանկցիան, այն բողոքարկվել է վերաքննիչ դատարան, որն էլ իր հերթին ուժի մեջ է թողել առաջին ատյանի որոշումը: Այնուհետև փաստաբանը ներկայացրել է միջնորդություն կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ, մեղադրող կողմը զարմանալիորեն չի առարկել, իսկ դատավոր Մնացականյանը բավարարել է այն:

Իհարկե հայկական իրականության մեջ հազվադեպ է պատահում, որ կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը քննարկելիս մեղադրող կողմը չի առարկում, իսկ դատավորը այն բավարարում է: Այս կատարյալ հարմոնիան, որը առկա է եղել դատավորի և դատախազի միջև, հայաստանյան գորշ իրականության մեջ, մեզ ստիպում է մեր հոգեկերտվածքին հատուկ, մտածել, որ հաստատ ինչ-որ մի բան այն չէ: Բայց բնավ չցանկանալով հոդվածս շարադրել կոնկրետ անձանց վերաբերյալ ես կփորձեմ մասնագիտորեն խոսել երևույթի մասին: Արդյո՞ք պետք է դատավորի լիազորությունները դադարեցնել միայն այն բանի համար, որ նա կալանքի սանկցիան փոխարինել է գրավով և այդ որոշումը չի պատճառաբանել (թեպետև ես կարծում եմ, որ պատճառաբանել է միգուցե ոչ լավագույն ձևով, բայց պատճառաբանել է): Կարծում եմ, որ ոչ: Հայաստանյան դատական համակարգի ներկա զարգացվածության աստիճանը հաշվի առնելով ԱԽ-ն և հատկապես Վճռաբեկ դատարանը պետք է իրենց որոշումներում առավելագույնս զարգացնեն այն մոտեցումը, որ անձի անձեռնմխելիությունը բարձրագույն արժեք է և որ դատարանները կալանքի սանկցիա կայացնելիս պետք է ելնեն այն կանխավարկածից, որ որպես կանոն անձը չի կատարել մեղսագրվող արարքը և որ կալանքի կիրառումը պետք է լինի բացառություն, այլ ոչ թե նորմ, ինչպես իրավացիորեն նշել է Դատավորը: Ներկայումս Հայաստանում լայնորեն տարածված է այն մոտեցումը, որ ի սկզբանե ոչ թե ապացույցներ են հավաքում և նոր դիմում դատարան կալանքի սանկցիայի համար, այլ դիմում են կալանքի սանկցիայի համար և հետո նոր սկսում են հավաքել ապացույցներ և ոչինչ որ բանտում կարող են երկու ամիս պահվել անմեղները: Սա անթույլատրելի մոտեցում է: Իսկ ի՞նչ է անում ԱԽ-ն ստեղծված իրավիճակում: Առանց վարանելու դիմում է ՀՀ նախագահին դատավորի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Այստեղ ուղղակի պետք է աղաղակել, որ հարգելիներս այդպիսով դուք խեղդում եք առանց այն էլ դժվար շնչող երեխային, քանի որ գրավով անձին ազատելու ինստիտուտը նոր ծնված երեխայի է նման, որը հայկական իրականությունում հիվանդ է և վտանգ կա որ կմահանա: Եթե քննարկվող դեպքում դատավորը այսպես ասած կատարել է դատախազի պատվերը, ապա նրան պատասխանատվության ենթարկեք դրա համար, այլ ոչ թե իր կայացրած, ըստ իս իրավաչափ որոշման համար: Իսկ այսպիսով դուք թաղում եք դատավորի առանց այն էլ չեղած անկախությունը ընդհանրապես և գրավի ինստիտուտը մասնավորապես:

Միգո՞ւցե հենց դրան էլ ուղղված է ԱԽ-ի քայլը, որ ՀՀ-ում ինքնուրույն մտածող դատավորներ չլինեն: Հնարավոր է: Բայց ըստ իս միանշանակ է, որ այսօր ՀՀ-ում չկա այն մեկը, որն իր անձնական շահերը կստորադասի հանուն նրա, որ թեկուզև անձնական կորուստների գնով ՀՀ դատական համակարգը դարձնի իրապես անկախ: Իսկ թե որքան կտևի տնօրեն և աշխատողներ հարաբերությունները՝ մնում է միայն կռահել: Որպես վերջաբան նշեմ, որ երբ դատավորները պահանջում են որպեսզի իրենց կայացված որոշումները հարգեն, ապա նախ իրենք իրենց պետք է հարգեն և չդառնան հիմնարկության տնօրինության կամքը կատարող աշխատողներ և երբ իրենց անկախության դեմ ոտնձգություն է լինում, ապա միահամուռ պայքարեն նրա դեմ, ով ոտնձգում է, կլինի դա գլխավոր դատախազը, վճռաբեկ դատարանի նախագահը կամ բարձրաստիճան այլ պաշտոնյա: Բայց ինչպես սկզբունքայնություն պահանջես այն դատավորներից, որոնք իրենց ապրած կյանքի ընթացքում միայն «ստրկություն» և «կաշառակերություն» են տեսել...: Թերևս այս դատավորների մասով ես դեղատոմս չունեմ, բացառությամբ միայն վերը նշված 40 տարվա օրինակի:

 

 

Փաստաբան՝ Գևորգ Գյոզալյան

 

29.06.2011թ.



Բեռնել

Վերադառնալ