ԿՈՌՈՒՊՑՅԱՆՆԵՐԸ
29.06.2011 07:44http://aravot.am/am/articles/rights/94548/view
ԿՈՌՈՒՊՑՅԱՆՆԵՐԸ
Այս խորագրի ներքո այսուհետեւ հանրության դատին կներկայացվեն այնպիսի դատական գործեր, որոնցում, ըստ հեղինակի, թույլ են տրվել օրենքի կոպիտ խախտումներ:
Վճռաբեկ դատարանը հաստատեց. մածունը սեւ է
Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել 13 հալիձորցիների գործերի մասին, որոնց հողամասերը հասարակության եւ պետության կարիքների պատրվակով 1քմ-ն 1,5 ձվի գնով (80 դրամով) կառավարության որոշմամբ վերցվել ու տրվել են ռուսաստանցի գործարարին պատկանող՝ «Իստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփանի» ՓԲԸ-ին (այսուհետեւ՝ Ձեռներեց): Գործերից մեկով, երբ հալիձորցիները վիճարկում էին կառավարության նշված որոշումը, վարչական դատարանն առանց հրապարակային դատաքննության 5 դատավորի կազմով պահանջը մերժեց, իսկ վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրեց: Այդ գործով հալիձորցիները դիմեցին Սահմանադրական դատարան, որը հակասահմանադրական ճանաչեց վճռաբեկի կիրառած նորմը: Այդ գործն այժմ նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ դատարանում է: Երկրորդ գործով Ձեռներեցը դիմեց 13 հալիձորցիների դեմ, պահանջելով, որպեսզի վերջիններս իրենց հողամասերը 1քմ-ն 1,5 ձվի գնով օտարելու պայմանագիր կնքեն:
Հալիձորցիները հայցի դեմ առարկեցին հետեւյալ երկու փաստարկով.
1.Կառավարության որոշումը ուժի մեջ մտնելուց 2 ամիս անց առնվազն 12 հալիձորցիների մասով ուժը կորցրել է:
2.13 հալիձորցիներից ընդամենը 3-ին ուղարկված պայմանագրերի նախագծերում համարժեք փոխհատուցման մասին խոսք չի գնում:
1-ին փաստարկը հալիձորցիները հիմնավորեցին նրանով, որ կառավարության որոշումն ուժի մեջ է մտել 03.09.2009թ.-ին եւ դրա համաձայն, եթե Ձեռներեցը երկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչեւ 03.11.2009թ.-ն հալիձորցի սեփականատերերին համարժեք (շուկայական գին + 15%) փոխհատուցմամբ առաջարկով պայմանագրերի նախագծեր չուղարկի, ապա կառավարության որոշումը կհամարվի անվավեր:
Ձեռներեցը 13 սեփականատերերից միայն 3-ին է պայմանագրի նախագիծ ուղարկել, որոնցից միայն 1-ին՝ սահմանված ժամկետում, իսկ մնացած 10-ին՝ ընդհանրապես մինչ օրս որեւէ պայմանագրի նախագիծ չի ուղարկվել, ինչպես նաեւ երեք պայմանագրերի նախագծերում նշված 10 հալիձորցիներից ոչ մեկի անունն առկա չէ, ինչը նշանակում է, որ կառավարության որոշումը գոնե 12 հալիձորցիների մասով ուժը կորցրել է:
2-րդ փաստարկի հիմնավորումն այն է, որ համարժեք փոխհատուցման առաջարկով պայմանագրի նախագիծ ներկայացնելու համար առնվազն պետք է լիցենզավորված կազմակերպությունը հողամասերը գնահատած լիներ, ինչն օրենքի պահանջն է, սակայն դա չի արվել եւ երեք հալիձորցիներին ուղարկված պայմանագրերի նախագծերում որպես փոխհատուցման գումարի չափ նշվել է Ձեռներեցի կողմից հարմար գտած չնչին գումար՝ 1քմ հողամասի համար մոտ 80 դրամ, այսինքն՝ 1,5 ձվի գումարից էլ պակաս գումար, որից մոտ 4 ամիս անց միայն՝ 26.02.2010թ.-ին կատարվել է հողամասերի գնահատում եւ դրանց «շուկայական գինը» մեկը-մեկին, լումայի ճշտությամբ հարմարեցվել է Ձեռներեցի կողմից առաջարկված 1,5 ձվի գնին: Ի դեպ, հալիձորցիները պնդում են, որ իրենց հողամասի իրական գինը մոտ 20 անգամ ավելին է:
Օրենքը սահմանում է. «Եթե ձեռքբերողը ... սահմանված ժամկետում օտարվող սեփականության սեփականատիրոջը ... չի ուղարկում օտարման պայմանագրի նախագիծը..., ապա համարվում է, որ ձեռքբերողը հրաժարվում է տվյալ սեփականությունը ձեռք բերելուց, եւ տվյալ սեփականության մասով բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերը համարվում են անվավեր»: Դա նշանակում է, որ 03.11.2009թ.-ից սկսած, 13 հալիձորցիներից առնվազն 12-ի մասով (10-ին չի ուղարկվել, 2-ին ուշացումով է ուղարկվել պայմանագրի նախագիծը) կառավարության որոշումն օրենքի ուժով համարվում է անվավեր եւ չէր կարող կիրառվել:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ իրավաբանական ուժ չունեցող ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնական լիազորությունների սահմանի անցում եւ առաջացնում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն:
Ամեն ինչ շատ պարզ էր, ինչպես սպիտակն ու սեւը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Մ. Հովակիմյան), սակայն, կիրառելով օրենքի ուժով անվավեր՝ ՀՀ կառավարության որոշումը, գտավ, որ մածունը «սեւ» է եւ 2009թ. նոյեմբերին ուղարկված պայմանագրերում նշված գումարի շուկայականին համապատասխանելու ապացույց համարեց դրանից մոտ 4 ամիս անց կատարված հողամասերի գնահատումը, եւ ընդամենը երեք հոգու անվամբ պայմանագրի նախագծի առկայության պայմաններում հայցը բավարարեց ու 13 անձի պարտավորեցրեց կնքել իրենց հողամասերն օտարելու պայմանագրեր, այն դեպքում, երբ այդ պայմանագրերի մեջ 13-ից 10 հալիձորցիների անունն ընդհանրապես նշված չէ, իսկ պայմանագրի նախագիծ ստացած 3 հալիձորցիներից երկուսին էլ պայմանագիրն ուղարկվել է 2-ամսյա ժամկետից հետո: Այդ վճռի դեմ բերվեց վերաքննիչ բողոք, նշելով վերը նշված եւ այլ խախտումներ:
Վերաքննիչ դատարանի որոշումով բողոքը մերժվեց եւ կրկին փաստվեց, որ մածունը «սեւ» է:
Բերվեց վճռաբեկ բողոք: Վճռաբեկ դատարանի 11.05.2011թ. որոշմամբ բողոքը վերադարձրեց՝ վերջնականապես հաստատելով, որ մածունը «սեւ» է: Կարծում եմ՝ պարզ է, թե այս գործին մասնակցած հալիձորցիներն ու փաստաբանն ինչ են մտածում նշված ակտերը կայացրած դատավորների եւ դատարաններում կոռուպցիայի առկայության մասին:
Հ. Գ. Դատական համակարգի ապօրինությունների մասին իմ նյութերում, որպես կանոն, անուններ չեմ նշում, քանի որ գտնում եմ, որ ոչ թե կոնկրետ դատավորի, այլ երեւույթի դեմ է պետք պայքարել, ինչի համար իշխանությունների քաղաքական կամքն է անհրաժեշտ, այլ ոչ թե միայն այդ մասին հայտարարությունը: Հրապարակումներիս հասցեատերերն էլ առաջին հերթին նման որոշումներ կայացնողներն են: Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն անուններ տալիս է եւ գտնում է, որ ապօրինություն կատարած դատավորի անունը պետք է հնչեցնել: Պարոն Սահակյանի խորհրդից կօգտվեմ եւ այսուհետեւ «Կոռուպցյանները» խորագրով հերթական հրապարակման նյութը տված դատավորի անունը կհիշատակեմ, որպես ապօրինությունը մարմնավորողի:
ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
փաստաբան
Բեռնել
Վերադառնալ