ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

01.01.2023 10:10

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ
   Հարգելի՛ հայրենակիցներ,
 
   Փաստաբանական ինստիտուտի ներկայացուցիչներ,
 
   2022 թվականը մոտենում է ավարտին և շուտով բոլորս կբացենք մեր տարեգրության նոր էջը: Անցնող տարին լի էր փորձություններով և մարտահրավերներով, այն մեր երկրի համար ևս մեկ դժվարին ժամանակաշրջան էր:
 
   Ցավոք, Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված փոթորիկները դեռ չեն հանդարտվել: Մենք մուտք ենք գործում 2023 թվական, առջևում տոնական օրեր են, սակայն Արցախի Հանրապետության մեր հայրենակիցները և գործընկերները այս օրերին շարունակում են ապրել շրջափակման և թշնամու կողմից գերլարված մթնոլորտում:
 
   Հատկանշական է նաև այն, որ վերջին տարիները մատնանշվում են մեր սահմանների վրա լարվածության շարունակական աճով: Սա այն իրականությունն է, որի մեջ մենք ապրում ենք:
Լիահույս եմ, որ գալիք տարին կնշանավորվի մեր միասնականությամբ և պատվախնդրությամբ՝ ընդգծելով այն հերոսական ու փառահեղ ուղին, որով անցել են մեր հերոս տղաները՝ հայրենիքի համար իրենց կյանքը զոհելով:
 
   Բռունցքվելով և միահամուռ ուժերով մենք կկարողանանք դուրս բերել Հայաստանը և Արցախը ստեղծված իրավիճակից:
2022 թվականի ընթացքում, Փաստաբանների պալատը աշխատում էր ադրբեջանական հանցավոր գործողությունները միջազգային հարթակներում բարձրաձայնելու ուղղությամբ: Մեր կողմից տարված աշխատանքների արդյունքում Ֆրանսիայի փաստաբանների միությունների խորհուրդը և տարբեր քաղաքների փաստաբանների միությունները դատապարտեցին Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան:
 
   Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին՝ մշտապես ՀՀ փաստաբանների պալատի և հայ ժողովրդի կողքին լինելու համար:
 
   Փաստաբանական համայնքի համար ևս այս տարին հագեցած էր մարտահրավերներով:
 
   Փաստաբանության մասին օրենքում տեղի ունեցան մի շարք փոփոխություններ, կայացավ ընդհանուր ժողով, որի արդյունքում Փաստաբանների պալատում ստեղծվեց նոր մարմին՝ Կարգապահական հանձնաժողով, հաստատվեցին Փաստաբանների պալատի կանոնանդրության և Փաստաբանի վարքագծի կանոնագրքի նոր փոփոխությունները:
 
   2022 թվականի ընթացքում Փաստաբանների պալատում իրականացվեցին մի շարք ծրագրեր՝ այդ թվում միջազգային համաժողով, որի ընթացքում ՀՀ փաստաբանների պալատի հարկի տակ էին հավաքվել մեր միջազգային բազմաթիվ գործընկերներ՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ղազախստանից և Վրաստանից:
 
   Անցնող տարվա ընթացքում կնքվեցին մի շարք հուշագրեր և համաձայնագրեր, որոնք ազդարարում են իրականացվելիք նոր ծրագրերի մեկնարկը:
 
   Սիրելի գործընկերներ,
 
   Իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ փաստաբանների պալատի յուրաքանչյուր փաստաբանի և աշխատակցի՝ ի նպաստ փաստաբանական ինստիտուտի կատարված յուրաքանչյուր արդյունավետ քայլի, մեր ինստիտուտի հեղինակության բարձրացմանը նպաստելու և սրտացավ աշխատանքի համար:
 
   Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիս գալիք տարին, մաղթում եմ արժանապատիվ խաղաղության, նոր ձեռքբերումների և բարի գործերի իրականացման տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
 
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ 
Սիմոն Բաբայան 


Բեռնել

Վերադառնալ