«ԾԱՅՐԱՀԵՂ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ»
23.03.2011 07:40
http://aravot.am/am/articles/politics/90800/view
«ԾԱՅՐԱՀԵՂ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ»
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 15.03.2011թ,-ից հացադուլ՝ «ազատության ծոմ» է պահում Ազատության հրապարակում: Առաջին գիշերը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացել է ցրտից պաշտպանվել վրանում, ոստիկանության մի գնդապետ ու մի փոխգնդապետ թույլ չեն տվել: Թույլ չի տրվել անգամ վրանի բրեզենտով ծածկել երկաթյա ծակոտկեն նստարանը: Տեղեկանալով այդ մասին՝ այցելեցի Ազատության հրապարակ, ցանկանալով պարզել, թե ներկաներից որեւէ մեկը գիտի՞, թե Երեւանում որտեղ կարելի է վրան տեղադրել, իսկ որտեղ՝ ոչ:
Ներկաներից ոչ ոք հարցիս չէր կարողանում պատասխանել, միայն իրենց դժգոհությունն էին հայտնում ոստիկանների նման անմարդկային պահվածքի կապակցությամբ: Լինելով իրավաբան՝ ես էլ չկարողացա գտնել մի օրենք, որով արգելված կամ կանոնակարգված են վրանների տեղադրման կարգը կամ հնարավոր վայրերը, կամ արգելվող վայրերը, կամ դրա նման մի բան: Իսկ այն, ինչ օրենքով արգելված չէ, թույլատրվում է, եթե դրանով այլ անձանց իրավունքները չեն խախտվում: Սկզբում ինձ մոտ էլ դժգոհություն առաջացավ ոստիկանապետերի նման ոչ հումանիստական արարքի համար, սակայն երբ ավելի խորը «պետականորեն» մտածեցի, «հասկացա», որ դա արվել է ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում, պետության շահերից ելնելով:
Բանն այն է, որ որոշ պետական այրեր հրապարակում տեղադրված վրանի նկատմամբ այնպիսի վերաբերմունք ունեն, ինչպիսին ցուլը՝ կարմիր գույնի: Պատկերացնում եք, չէ՞, ինչ կլիներ, եթե հանկարծ վրանը տեղադրվեր. «չերյոմուխաների» գործադրմամբ ու «չորս հայտնիով անհայտը» բանաձեւի կիրառմամբ հարձակում վրանի վրա, ինչի արդյունքում ներկաների շրջանում զոհերը երաշխավորված կլինեին: Բայց զոհերը հեչ, դրանից հետո ՀՀ-ին տրվելիք հերթական գրանտի կամ վարկի տրամադրումը չեղյալ կհամարվեր, ինչպես չեղյալ համարվեց հազարամյակի մարտահրավերների ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը: Այ, սա արդեն աղետ կլիներ, ինչը կանխելու համար էլ, կարծում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանին արգելվեց տեղադրել վրանը կամ դրա բրեզենտով ծածկել երկաթյա նստարանը: Այնպես որ, եկեք հանդուրժող լինենք ծայրահեղ անհրաժեշտությամբ գործող մեր ոստիկանների հանդեպ:
ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
Փաստաբան
Բեռնել
Վերադառնալ