ՀՀ Փաստաբանների Պալատ

Էլեկտրոնային կալանքը՝ այլընտրանք

15.03.2011 13:20

Էլեկտրոնային կալանքը՝ այլընտրանք

http://cdaily.am/home/paper/2011_03_15/news/24308/

 

Էլեկտրոնային կալանքը՝ այլընտրանք
Քաղաքակիրթ արձագանք տնտեսական հանցագործություններին

Իր վերջին նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց քրեադատավարական գործող համակարգի կատարելագործման և քրեական արդարադատության արդյունավետության բարձրացման նպատակ ունեցող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։ Առաջարկվող փոփոխությունների մի մասը վերաբերում է տնտեսական հանցագործությունների հետ կապված խնդիրների օրենսդրական կարգավորմանը։ Դրանց վերաբերող մի շարք հարցերի շուրջ «Կապիտալը» զրուցել է «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական ընկերության տնօրեն, փաստաբան Սեդրակ Ասատրյանի հետ։

-Պարոն Ասատրյան, վերջերս «Կապիտալ» օրաթերթին տված Ձեր հարցազրույցում Դուք ասել եք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը տնտեսական հանցագործությունների մասով չի համապատասխանում շուկայական տնտեսության բարեփոխումների ոգուն և տրամաբանությանը, ի՞նչ նկատի ունեք:

-Քրեական դատավարության օրենսգիրքը ամբողջությամբ փոխվելու կարիք ունի, համենայն դեպս հայեցակարգը մշակված է, հարկ եմ համարում նշել, որ հայեցակարգը բավական առաջադիմական է և նախատեսում է նոր ինստիտուտների ներմուծում:  Իմ կոլեգաները որոշ նորամուծությունների դեմ են, այդ մասով չեմ ուզում մտքեր արտահայտել, քանի որ փորձի պակաս ունեմ, հնարավոր է՝ նրանք ճիշտ են: Ես կուզեի անդրադառնալ հայեցակարգի բովանդակության մեջ ներառված երկու  կարևոր խնդրի, որ  նոր քրեական դատավարության օրենսգրքում չի նախատեսվում փոփոխել, այն է՝ տնտեսական հանցագործությունների դեպքում խափանման միջոցը որպես կալանք կիրառելու խնդրի կարգավորմանը և  վարչական ակտի հիման վրա հարուցված քրեական գործերի վարչական ակտի վիճարկման հիմքով քրեական գործերի կասեցման անհրաժեշտության  խնդիրը:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է վարչական ակտի վիճարկման հիմքով քրեական գործի կասեցման անհրաժեշտությունը:

-Տարիներ շարունակ միջազգային կառույցները իրենց զեկույցներում արձանագրում են հարկային, մաքսային ոլորտներում վարչարարության խստացման անհրաժեշտության մասին, կառավարությունն ընդունել է, որ առկա է այդպիսի խնդիր, ու ձեռնամուխ է եղել խնդրի լուծմանը, բայց ինչքան որ ծանոթ եմ ձեռնարկվող ծրագրերին,  դրանք, ցավոք, ցանկալի արդյունք չեն տալու:

-Ինչո՞ւ եք այդքան հոռետես:

-Հոռետեսության խնդիր չկա, պարզապես վարչարարության առանձին ոլորտի նոր ընթացակարգեր մշակելով՝ վարչարարության հարց չես լուծի այն պարզ պատճառով, որ երկրում կա ու գործում է բավականին հաջողված «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, ինչը վարչարարությունը ՀՀ-ում կարգավորում է եվրոպական նորմերին համապատասխան, դեռ մի բան էլ ավելի (նկատի ունեմ օրենքի 48-րդ հոդվածը, ինչը առկա չէ նույնիսկ գերմանական վարչական օրենսգրքում:) Ուստի՝ նոր ընթացակարգեր գրելու կարիք չկա: Կարծում եմ՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու իրական ցանկության դեպքում դրանք պարզորոշ տեսանելի են: Հիմնավորեմ ասելիքս մեկ հիպոթետիկ օրինակով: Այսպես, օրինակ, լավ երևակայություն ունեցող ստուգողը «Հարկերի մասին» օրենքի 22-րդ հոդվածի շրջանակներում կարող է գույքագրման և չափագրման տվյալների կամ երրորդ անձից ստացված տեղեկությունների հիման վրա որոշել, որ հարկատուն ճիշտ չի հաշվարկել ու ներկայացրել հաշվետվությունը և ստուգման ակտով «նկարել» է մի կլորիկ գումար, ինչն էլ հարկային օպերատիվ հետախուզության համար կարող է հիմք հանդիսանալ որպես դիտավորությամբ հարկերից խուսափելու հանգամանք: «Նկարված» վարչական ակտի հիման վրա տեսուչը կարող է քրեական գործ հարուցելու կամ քրեական գործ հարուցելու սպառնալիքի տակ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարից պահանջել կաշառք:
Տարբեր պատճառներով (սկսած անփութությունից, վերջացրած անբարեխիղճ մասնագետներ ունենալուց) նման իրավիճակում հայտնված տնօրենը ստիպված կլինի համաձայնել կաշառք տալուն:

-Ինչո՞ւ եք կարծում, որ այդ դեպքում կաշառք տալը չունի այլընտրանք:

-Դե, որովհետև հակառակ դեպքում, եթե տնօրենը հանդգնի բողոքարկել վարչական ակտը վերադասության կամ դատական կարգով, հնարավոր է՝ հարուցվի քրեական գործ, և մինչև տնօրենը կփորձի վարչական ակտի իրավաչափության հարցի վերաբերյալ բողոքել վարչական դատարան ու սպասել դատարանի վերջնական որոշմանը, քրեական գործի շրջանակներում կհայտնվի կալանավայրում:

-Դուք ի՞նչ լուծում եք առաջարկում:

-Առաջարկում եմ քրեական դատավարության ՀՀ օրենսգրքում քրեական գործի կասեցման   նոր ինստիտուտ սահմանել, այն է` վարչական ակտի հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը կասեցվում է վարչական ակտի դեմ բողոք բերած կողմի միջնորդությամբ մինչև վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը:

-Կարծում եք դրանով կլուծվի՞ խնդիրը:

-Համոզված չեմ, որ ամենալավ լուծումն եմ առաջարկում, այստեղ կարող է աշխատել հակառակ կողմի իրավունքի չարաշահումը, բայց վստահ եմ, որ եթե իշխանությունները կամք դրսևորեն և այս խնդիրը գնահատեն կոռուպցիոն ռիսկերի ցանկում, կարելի է շատ ճկուն ոսկե միջինով ձևակերպում գտնել:

-Անցած կառավարության նիստում քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ առաջարկվեց, որը ենթադրում է տնտեսական բնույթի հանցագործություն կատարած անձանց ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցագործություն կատարած անձը վճարի պատճառված վնասները և հաշվարկված տույժերն ու տուգանքները: Վերը նշված խնդրի լուծում չէ՞ արդյոք այս նախագիծը:

-Ես  ուրախ եմ, որ կառավարությունն ընդունում է խնդրի առկայությունը, բայց, ցավոք, այդ նախագիծն ընդամենը հերթական իրավիճակային կարկատան է քրեական օրենսգրքում: Հիմնավորեմ ասածս. նախագծում ասվում է, որ  համապատասխան հոդվածներով  արարքներ կատարած անձն է ազատվում քրեական պատասխանատվությունից, եթե վճարում է վնասները և այլն, իսկ եթե անձը չի՞ կատարել այդ արարքներն ու վիճարկում է վարչական ակտը: Բացի դա՝ այդ նախագծով պարզ չէ՝ կառավարությունը ինչ խնդիր է ցանկանում լուծել. եթե ցանկություն կա ապաքրեականացնել քրեական օրենսգրքի 189 հոդվածի 5-րդ մասով նշված հոդվածները, ապա, կարծում եմ, դրանք այլ ձևակերպում պիտի ստանան, ու համապատասխան փոփոխություններ կատարվեն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

-Ի՞նչ նկատի ունեք խափանման միջոցը որպես կալանք կիրառելու խնդրի կարգավորում ասելով:

-Խափանման միջոցի այլընտրանքային եղանակների կիրառումը, հատկապես տնտեսական հանցագործությունների դեպքում, կարծում եմ՝ անհրաժեշտություն է: Կոմերսանտի հավաստմամբ՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ վերջին տասը տարիների ընթացքում աշխարհի շուրջ վաթսուն երկրում որպես այլընտրանքային խափանման միջոց ակտիվորեն օգտագործում են էլեկտրոնային շղթան: Ընդ որում՝ Էլեկտրոնային շղթան տարբեր երկրներում կիրառվում է նաև տնային կալանքի, ազատ աքսորի, վարչական կալանքի փոխարեն: Օրինակ` Շվեդիայում արդեն վեց տարի է, ինչ մանր հանցագործությունների համար կիրառվում է էլեկտրոնային շղթան, դրանք հաջողությամբ օգտագործվում են Գերմանիայում, Իզրաելում, ԱՄՆ-ի 48 նահանգներում, մեր հարևան Ռուսաստանում 2001-ից սկսել են ուսումնասիրել, 2010թ. օրենսդրական համապատասխան փոփոխություն մտցրել են, բայց դեռևս լայնորեն չեն կիրառում: Ռուսաստանի դեպքում հապաղելը գուցե և հասկանալի է՝ ելնելով երկրի անծայրածիր լինելու առանձնահատկություններից, չնայած առնվազն մեկ տարի է, ինչ տնտեսական հանցագործությունների դեպքում Ռուսաստանում  խափանման միջոցը որպես գրավ է կիրառվում: Վրաստանն այս հարցում նույնպես առաջ անցավ, այնտեղ   լայնորեն կիրառվում է էլեկտրոնային շղթան: Մեր կառավարությունը 2001-ից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հայտարարել է տնտեսության գերակա ճյուղ, կարծում եմ՝ արժե մտածել այս ոլորտը նույնպես ժամանակակից տեխնոլոգիաներով համալրելու մասին:

-Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Էլեկտրոնային շղթան:

-Էլեկտրոնային շղթան ժամանակակից ձեռքի ժամացույցի չափ մի սարք է, որն ամրացվում է ձեռքին կամ ոտքին և GPS կամ այլ համակարգերի միջոցով ազդանշան է ուղարկում մոնիտորինգ իրականացնող մարմնի համակարգչին, ինչը թույլ է տալիս ամբողջությամբ վերահսկել սուբյեկտի տեղաշարժերը: Սարքի տեխնիկական մանրամասնություններին չեմ ուզում անդրադառնալ դրանք մասնագետներին հայտնի են:

-Շատ թանկ չէ՞ մեր նման երկրի համար այդ հաճույքը:

-Ես կոնկրետ թվերով չեմ կարող պատասխանել այդ հարցին, բայց եթե այդ ծախսերը համեմատենք հարկատուների հաշվին անիմաստ կալանավայրերում հերթափոխով քննող կալանավորների օրապահիկ գիշերավարձի հետ, կարծում եմ՝ ավելի էժան է՝ բացառությամբ սկզբնական համակարգ ստեղծելու հետ կապված միանվագ ծախսերի:

-Դուք նշում եք, որ հատկապես տնտեսական հանցագործությունների դեպքում արդարացված չէ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, ինչպե՞ս կբացատրեք:

-Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն օրենսդիրը սահմանել է հիմնականում երկու իրավիճակից խուսափելու համար,  դրանք են` քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու հնարավոր երևույթները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդված): Տնտեսական հանցագործությունների դեպքում գործի համար նշանակություն ունեցող ապացույցները, որպես կանոն, լինում են գրավոր և մինչև խափանման միջոցի որոշում կայացնելը նախաքննական մարմնի կողմից առգրավված են լինում: Գործի քննությանը խոչընդոտելու հետ կապված՝ մեծ հաշվով, կալանքն էլ հարցը չի լուծում, որովհետև ցանկության դեպքում կալանավորը կալանավայրից էլ է խոչընդոտում քննությանը: Հետևաբար՝ մնաց քրեական վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու գերխնդիրը, որը, ինչպես ցույց է տալիս աշխարհի վաթսուն երկրների փորձը, կարելի է լուծել էլեկտրոնային շղթայի միջոցով:

Արմենակ Չատինյան



Բեռնել

Վերադառնալ