ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՏՈՆԵՑ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ 104-ՐԴ ԱՄՅԱԿԸ
07.12.2022 18:02ՀՀ փաստաբանների պալատն Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում նշեց փաստաբանի մասնագիտական օրն ու Հայաստանում փաստաբանության ձևավորման 104-րդ ամյակը:
Երեկոյի ընթացքում նախատեսված էր Զանգվածային լրատվության միջոցների պարգևատրում և Փաստաբանական ակադեմիայի շրջանավարտներին՝ փաստաբանական գործունեության արտոնագրերի շնորհում:
Տոնական միջոցառումը սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո:
Ներկաներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:
Շնորհավորական ուղերձում Փաստաբանների պալատի նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ բոլոր փաստաբաններին՝ փաստաբանի դժվարին առաքելությունը հանձն առնելու և փաստաբանական համայնքի համբավն ու հեղինակությունը բարձր պահելու համար:
Խոսքն ուղղելով ապագա փաստաբաններին՝ Սիմոն Բաբայանը հորդորեց առաջնորդվել անկախությամբ, պարկեշտությամբ և արդարամտությամբ, ինչպես նաև գերնպատակ համարեց՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը։
Նա շնորհակալություն հայտնեց նաև Փաստաբանական ակադեմիայի ռեկտորին և աշխատակազմին, Փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներին, Փաստաբանների պալատի խորհրդին, որակավորման հանձնաժողովին, որոնց ջանքերով կազմակերպվել և անց են կացվել ուսումնառության գործընթացը և որակավորման քննությունները:
Ողջույնի խոսքով և շնորհավորական ուղերձներով հանդես եկան նաև Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, Փաստաբանների խորհրդի անդամներ Մարինե Ֆարմանյանը, Կարեն Սարդարյանը և Գայանե Դեմիրչյանը:
Իր ելույթում Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը նշեց, որ փաստաբանի կատարելատիպը կամ փաստաբանի հավաքական կերպարը՝ խոհեմ, բարեխիղճ, համարձակ, արդար և զսպված մասնագետն է: Հավակնորդներին դիմելով նշեց, որ պետք է հեռու մնալ կոռուպցիայից, քանի որ կոռուպցիան վերացնում է փաստաբանի մասնագիտությունը:
Փաստաբանների պալատի խորհրդի անդամներն էլ իրենց շնորհավորական խոսքում ընդգծելով օրվա խորհուրդը՝ հույս հայտնեցին, որ փաստաբանական ինստիտուտը կշարունակի զարգանալ և ամուր լինել՝ շնորհիվ պրոֆեսիոնալիզմի և միասնականության:
Այնուհետև ելույթ ունեցան նաև Փաստաբանական ակադեմիայի շրջանավարտներ Ջուլիետա Մանուկյանը և Ավետիք Հարությունյանը:
Հաջորդիվ տեղի ունեցավ զանգվածային լրատվության միջոցների պարգևատրման արարողությունը:
Փաստաբանների պալատի կողմից շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք լրատվամիջոցներ՝ փաստաբանական ինստիտուտի հետ ակտիվ համագործակցության, փաստաբանների հետ արդյունավետ աշխատանքի և իրավական ոլորտի խնդիրները պատշաճ լուսաբանելու համար:
Ներկայացնում ենք պարգևատրվածների ցանկը․
- Հայկական երկրորդ հեռուստաալիք «Լրաբեր» լրատվական ծրագիր
- Կենտրոն Հ/Ը «Հանցանքի հետքով» հաղորդաշար
- Երկիր Մեդիա Հ/Ը «Երկրի լուրերը» լրատվական ծրագիր
- 5-րդ ալիք «Հայլուր» լրատվական ծրագիր
- Հայաստանի Հանրային ռադիո « Ռադիոլուր» լրատվական ծրագիր
- «Գորիսի Մամուլի ակումբ» ՀԿ
- «Iravaban.net» կայք
- «Armlur.am» կայք
- «Hraparak.am» կայք
- «Hetq.am» կայք
- «Aravot.am» կայք
- «168.am» կայք
Երեկոն ավարտվեց փաստաբանների հանդիսավոր երդման և արտոնագրերի հանձնման արարողությամբ: Փաստաբանական համայնքը համալրվեց 85 նոր անդամներով:
Բեռնել
Վերադառնալ