«ԲԱՑ» ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ
21.02.2011 09:13http://aravot.am/am/articles/rights/89751/view 2011-02-18
«ԲԱՑ» ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներին եւ տեղաբաշխման հանձնաժողովին
Մամուլում հրապարակումներ եղան ՀՀ ազատազրկված քաղաքացի Նիկոլ Փաշինյանին «Կոշ» ՔԿՀ-ից ավելի խիստ ռեժիմի՝ «Արթիկ» ՔԿՀ տեղափոխելու մասին, եւ որ այդ տեղափոխումն օրինականացնելու համար արձանագրվել էր, որ Նիկոլ Փաշինյանը Կոշում բացասական վարքագիծ է դրսեւորել:
Բանն այն է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել ավելի խիստ ռեժիմի՝ հիմք ընդունելով ազատազրկման դատապարտված անձի դրսեւորած բացասական վարքագիծը կամ վերջինիս գրավոր դիմումը:
Բնական է, որ Նիկոլ Փաշինյանը գրավոր չէր դիմել իրեն ավելի խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին, հետեւաբար դա անելու համար պետք էր նրա կողմից բացասական վարքագիծ արձանագրել, ինչն էլ արվել էր:
Սույնով ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներին հուշեմ, որ ազատազրկված անձանց ավելի խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու համար այլեւս բացասական վարքագծի դրսեւորումը կամ գրավոր դիմումի առկայությունը պարտադիր նախապայման չէ եւ բավարար է միայն տեղաբաշխման հանձնաժողովի բաց քվեարկությունն այդ մասին: Ուրեմն, ՔԿՀ-ները կարող են իրենց չծանրաբեռնել ազատազրկված անձանց ռեժիմը խստացնելու համար բացասական վարքագիծ արձանագրելով, կլինի դա մտացածին, թե՝ իրական:
Նշվածի վերաբերյալ արդեն առկա է դատական նախադեպ՝ Սիլվա Ասատրյանի գործով:
Մամուլում հրապարակումներ եղել են այն մասին, թե ինչպես ԱՆ տեղաբաշխման հանձնաժողովն իր որոշմամբ բաց ռեժիմի ուղղիչ հիմնարկում գտնվող Սիլվա Ասատրյանին բացասական վարքագծի կամ գրավոր դիմումի բացակայության պայմաններում առանց որեւէ հիմնավորման եւ օրենքի նշման որոշում է կայացրել ավելի խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին: Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը վիճարկվել է դատարանում, պատճառաբանությամբ, որ օրենքով նախատեսված 2 դեպքերն էլ բացակայել են:
ԱՆ ներկայացուցիչները դատարանում ընդունեցին, որ Սիլվա Ասատրյանը ոչ բացասական վարքագիծ է դրսեւորել եւ ոչ էլ գրավոր դիմում է գրել, բայց հայցի դեմ առարկեցին, պատճառաբանելով, որ որոշումը կայացվել է տեղաբաշխման հանձնաժողովի բաց քվեարկությամբ:
Դատարանն էլ Ս. Ասատրյանի դիմումը մերժեց այն պատճառաբանությամբ, որ ՀՀ ՔԿՕ 100 հոդվածի համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշում է տեղաբաշխման հանձնաժողովը, որն էլ բաց քվեարկությամբ որոշել է նրան ավելի խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկ տեղափոխել:
Դատարանի որոշման դեմ բերվեց վերաքննիչ բողոք, որում նշվեց, որ մենք չենք ասում՝ բաց, թե փակ քվեարկությամբ է որոշումը կայացվել, այլ ասում ենք, որ տեղաբաշխման հանձնաժողովը ռեժիմը կարող էր խստացնել ընդամենը 2 դեպքում, իսկ այդ դեպքերի բացակայության պայմաններում կայացված որոշումը պետք է վերացվի, անկախ նրանից, այն բաց քվեարկությա՞մբ է ընդունվել, թե՝ փակ: Վերաքննիչ դատարանը բողոքը մերժեց, կրկին նշելով, որ որոշումը կայացվել է տեղաբաշխման հանձնաժողովի բաց քվեարկությամբ: Բերվեց վճռաբեկ բողոք, որը վերադարձվեց նույն պատճառաբանությամբ:
Այսպիսով, երեք դատական ատյանների կողմից արձանագրվեց, որ եթե ռեժիմը խստացնելու որոշումը կայացվել է տեղաբաշխման հանձնաժողովի բաց քվեարկությամբ, այդ որոշումը չի կարող վերացվել, թեկուզեւ բացակայել են նման որոշում կայացնելու հիմքերը: Սա, արդեն, նախադեպ է եւ ՔԿՕ 100 հոդվածի իրավակիրառ պրակտիկան:
Սիլվա Ասատրյանի անունից դիմեցինք Սահմանադրական դատարան, վիճարկելու համար ՔԿՕ 100 հոդվածի սահմանադրականությունը՝ իրավակիրառական պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությամբ, որ տեղաբաշխման հանձնաժողովի բաց քվեարկությամբ ընդունված որոշումները չեն կարող վերացվել: Գտնում ենք, որ նորմի նման մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության բազմաթիվ հոդվածների, այդ թվում՝ 18 հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքին, քանի որ նման մեկնաբանության դեպքում տեղաբաշխման հանձնաժողովը բաց քվեարկությամբ ինչ ապօրինություն ցանկանա՝ կարող է անել եւ դրանից դատական իրական, արդյունավետ պաշտպանություն չկա, քանի որ, ըստ ձեւավորված պրակտիկայի, եթե որոշումը բաց քվեարկությամբ է ընդունվել, ապա դատարանը ընդհանրապես չի խորանում դրա էության մեջ, պարզելու համար, թե հանձնաժողովը նման որոշում իրավունք ունե՞ր կայացնել, թե՝ ոչ:
ՍԴ-ն, սակայն, 16.02.2011թ. որոշմամբ դիմումը վերադարձրեց, այն համարելով ակնհայտ անհիմն եւ պատճառաբանելով, որ դիմողը բարձրացնում է ոչ թե կիրառված դրույթի սահմանադրականության հարց, այլ՝ իրավաչափության:
Այսպիսով իրավակիրառական պրակտիկան ձեւավորված է. տեղաբաշխման հանձնաժողովի որոշումների բողոքարկման դեպքում դատական պաշտպանության արդյունավետ միջոցի սահմանադրական նորմերը ընդամենը հռչակագրային են եւ ազատազրկված անձին ավելի խիստ ուղղիչ հիմնարկ տեղափոխելու համար այլեւս նրա բացասական վարքագծի կամ գրավոր դիմումի առկայությունը պարտադիր չէ, համենայնդեպս՝ կանանց դեպքում: Անհրաժեշտ է միայն տեղաբաշխման հանձնաժողովի բաց քվեարկությունը ռեժիմը խստացնելու մասին, առանց որեւէ օրենքի նշման: Ինչն էլ հուշում եմ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներին ու տեղաբաշխման հանձնաժողովին:
Որպես փաստաբան բազմաթիվ դիմումներ եմ ներկայացրել ՍԴ եւ դրանց քննության արդյունքում բազմաթիվ օրենքներ են հակասահմանադրական ճանաչվել, որոնցից վերջինը՝ օրերս: Սակայն մինչ օրս ինձ համար պարզ չէ այն սահմանը, որը բաժանում է իրավակիրառական պրակտիկայում նորմին տրված մեկնաբանությունը դրա կիրառման իրավաչափությունից, եթե խոսքը վերաբերում է նորմը դատական երեք ատյանների կողմից նույն կերպ մեկնաբանելուն: Միգուցե ՍԴ-ն իր ակտերից մեկով հստակեցնի՞ այդ սահմանը, որպեսզի ամեն անգամ ՍԴ դիմելիս ստիպված չլինեմ բախտս փորձել: Հակառակ դեպքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ օրենքում մի բան է գրված, դատարանները այդ օրենքը լրիվ այլ կերպ, Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ են կիրառում, իսկ Սահմանադրական դատարանն էլ ասում է՝ դա իմ խնդիրը չէ, դա նորմի կիրառման իրավաչափության հարց է:
Հ. Գ. Այս հոդվածի թիրախը ՍԴ-ն չէ, ինձ համար դա այն դատարանն է, որից իրական արդարադատություն եմ ակնկալում ու տեսնում, իսկ ՍԴ-ի անունը հիշատակվեց, որպեսզի վերջինիս ուշադրությունը հրավիրվի առկա խնդիրներին: Հուսով եմ, այս հրապարակումից հետո տեղաբաշխման հանձնաժողովը բաց քվեարկությամբ որոշում չի կայացնի Սիլվա Ասատրյանին խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկ կամ գազախուց տեղափոխելու մասին:
Ի դեպ, Սիլվա Ասատրյանի հերթական դիմումը ՍԴ-ում քննության է առնվելու 25.02.2011թ.-ին, ժամը 11:00-ին:
ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ փաստաբան
Բեռնել
Վերադառնալ