Փաստաբանները պայքարում են ՀԴՄ-ների դեմ
15.02.2011 11:08
Փաստաբանները պայքարում են ՀԴՄ-ների դեմ
Փաստաբաններին հաջողվեց մտցնել մի քանի փոփոխություններ, բայց պայքարը դեռ շարունակվում է
Անցած տարվա վերջին արտահերթ նիստի ժամանակ կառավարությունը Ազգային Ժողով էր ներկայացրել ավելի քան 30 օրենքի նախագիծ, ինչի կապակցությամբ իրենց դժգոհությունն էին հայտնել ԱԺ նախագահը և պատգամավորները ` պատճառաբանելով, որ եթե ԱԺ-ն օրենք ընդունող մարմին է և ոչ կառավարության կողմից ներկայացվող տեքստերը մեխանիկորեն վավերացնող, ապա հնարավոր չէ նման սահմանափակ ժամկետում այդ քանակի օրենքների նախագծերին ծանոթանալ, քննարկել, պարզել Սահմանադրությանը համապատասխանությունը և ընդունել:
Այդ 30 օրենքներից մեկն էլ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն էր, որն ընդունվեց 2010 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից` վերը նշված արտահերթ նիստի ժամանակ, որով առաջարկվել է Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի “ժգ” ենթակետը ճանաչել ուժը կորցրած:
Նշված փոփոխությունը առաջացնում է փաստաբանական և նոտարական ծառայություններ մատուցող անձանց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրման և կիրառման պարտականություն:
Նախագիծը Ազգային Ժողով ներկայացման օրվանից փաստաբանները Փաստաբանների պալատի գլխավորությամբ բազմաթիվ պատճառաբանված առարկություններով հանդես եկան Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի “ժգ” ենթակետը ուժը կորցրած ճանաչելու դեմ: Փաստաբանների պալատը 16.12.2010թ. N1/402 գրությամբ դիմեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելով փաստարկներ նոր օրինագծի դեմ: Ինչպես նաև Եվրոպայի փաստաբանների պալատների և միության խորհուրդը (CCBE) նամակով դիմեց ՀՀ վարչապետին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահին և ՀՀ արդարադատության նախարարին, որտեղ հանգամանորեն ներկայացրեց իր նկատառումները փաստաբանական և նոտարական ծառայություններ մատուցող անձանց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրման և կիրառման պարտականություն դեմ :
Փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտա-վերլուծական կենտրոնը նշված օրենքի վերաբերյալ 09.12.2010թ.-ին հանդես եկավ թիվ 02-10-Լ եզրակացությամբ: Կենտրոնի խորհուրդը գտել է, որ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետի “դ” ենթակետով առաջարկվող փոփոխությունը.
Օրենքի նպատակի մասով գիտա-վերլուծական կենտրոնը հիմնավորել է նրանով, որ ելնելով Օրենքի` իրական հասույթների նկատմամբ վերահսկողության հիմնական նպատակից, օրենսդիրն իրավացիորեն առևտրի օբյեկտների և վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս պարտադրում է ՀԴՄ-ների կիրառում: Բնական է, որ մանրածախ վաճառք իրականացնելիս, երբ քաղաքացին ձեռք է բերում որևէ ապրանք, գրավոր պայմանագիր չի կնքում վաճառողի հետ (այլ կերպ ասած` հետք չի թողնում վաճառողի մոտ), ինչի հետևանքով հարկային վերահսկողությունը դժվարանում է: Սակայն բնակչությանը ծառայություններ մատուցելու մասով, օրենսդիրը նոտարական և փաստաբանական ծառայություններ մատուցողներին չի պարտադրել ՀԴՄ-ներ կիրառել: Ակնհայտ է, որ Օրենքի ընդունման հիմնավորման համատեքստում, օրենսդիրն իրավացիորեն փաստաբանական և նոտարական ծառայությունների մասով վերահսկողական խնդիրներ չի արձանագրել: Դա այն պարզ պատճառով, որ “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի կանոնակարգումից ելնելով, փաստաբանական ծառայություններ մատուցելիս պայմանագրի կնքումը պարտադիր է: Հետևաբար, հարկային մարմինը վերահսկողական իր գործառույթներն իրականացնելիս չէր հանդիպի այն դժվարություններին, որոնց կարող էր հանդիպել մանրածախ վաճառք իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ: Նույն մոտեցումն առկա է նաև նոտարական ծառայությունների դեպքում, քանի որ նոտարական բոլոր գործարքները գրանցվում են սահմանված կարգով հաշվառված նոտարի սեղանամատյանում: Հետևաբար, հարկային մարմնի համար շատ հեշտ է վերահսկել նոտարների հասույթը:
Նախագծի հիմնավորման մեջ փաստաբանական և նոտարական ծառայությունների մասով ՀԴՄ-ների կիրառման անհրաժեշտության մասին որևէ փաստարկ չի բերվել, այդ թվում չի հիմնավորվել, թե նախաձեռնող մարմինն ինչու և ինչ հիմքերով է օրենսդրի սկզբնական դիրքորոշումը ցանկանում փոխել:
Փաստաբանների անկախության մասով եզրակացության մեջ Փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտա-վերլուծական կենտրոնը մասնավորապես նշել է, որ համաձայն “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի ` փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը, հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ:
Փաստաբանությունը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա: Փաստաբանների վրա տարածվում են այնպիսի առանցքային արժեքներ, ինչպիսիք են անկախությունը, կոնֆլիկտների բացակայությունը, ազնվությունը և մասնագիտական գաղտնիքի պահպանումը:
Կարևոր է նշել, որ փաստաբաններին վերաբերող կանոնները նպատակ ունեն պաշտպանելու ոչ թե փաստաբանների, այլ նրանց վստահորդների իրավունքներն ու արտոնությունները` արդարադատության արդյունավետ մատչելիության և իրավական կարգ ու կանոնի շահերից ելնելով:
Ինչպես նաև եզրակացության մեջ նշված է շատ կարևոր փաստարկ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ հարկային մարմինը “Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին” ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն ՀԴՄ-ների կիրառման կանոնները ստուգելու հարցում անսահմանափակ քանակով ստուգումներ կատարելու իրավասություն ունի, այն փաստաբանները, որոնք պետական մարմինների հակառակորդների շահերն են պաշտպանում կարող են հեշտությամբ խնդիրներ ունենալ: Վերջիններիս գործունեությունը կարող է կասեցվել, ինչով նրանց վստահորդները կզրկվեն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից:
Եվ վերջապես փաստաբանական գաղտնիքի մասով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն` փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունը, որը վստահորդը փոխանցել է փաստաբանին, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները, որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն, և որոնք հայտնի չեն հանրությանը:
Սահմանված է նաև, որ արգելվում է փաստաբանին որպես վկա հարցաքննել այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով իրեն դիմելու կամ իրավաբանական օգնություն ցույց տալու կապակցությամբ:
Փաստաբանը հրապարակում է փաստաբանական գաղտնիքը, եթե`
Գիտա-վերլուծական կենտրոնի խորհուրդը նշել է նաև, որ Եվրախորհրդի թիվ R (2000) 21 հանձնարարականում գաղտնիությունը ճանաչվում է որպես փաստաբանի առաջնային և հիմնարար իրավունք և պարտականություն: «Փաստաբանները պետք է հարգեն մասնագիտական գաղտնիությունը` ներպետական օրենսդրության, կանոնների և մասնագիտական չափանիշների համաձայն: Առանց վստահորդի համաձայնության գաղտնիության որևէ խախտում պետք է պատժվի համապատասխան պատժամիջոցներով» (Սկզբունք III, 2): Ավելին, փաստաբանների դերի վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներում նշված է, որ «պետությունները պետք է ընդունեն, որ փաստաբանների և վստահորդների միջև մասնագիտական հարաբերությունների շրջանակներում տեղի ունեցող բոլոր հաղորդակցությունները և քննարկումները գաղտնի են, և պետք է հարգեն այդ սկզբունքը» (Սկզբունք 22): Եվրոպական փաստաբանների առանցքային սկզբունքների մասին CCBE-ի խարտիան նույնպես անդրադառնում է վստահորդների գործերը գաղտնի պահելու և մասնագիտական գաղտնիությունը հարգելու փաստաբանների իրավունքի և պարտականության մասին:
Կենտրոնի խորհրդին անհանգստացնում է “Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին” ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով հարկային մարմնին տրված լիազորությունների կիրառումը փաստաբանների նկատմամբ: Նշված հոդվածի “գ” կետի համաձայն հարկային մարմինները ստուգում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին վերաբերող փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում պահանջելով տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին:
Հետևաբար, հարկային մարմնին “Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին” ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով տրված անսահմանափակ քանակով ստուգումներ կատարելու հնարավորությունը (այլ դեպքերում, որպես կանոն թույլատրվում է տարին մեկ անգամ ստուգում կատարել) հաշվի առնելու դեպքում, գործ կունենանք պետական մարմնի կողմից փաստաբանից իր վստահորդների մասին ցանկացած ժամանակ տեղեկատվություն պահանջելու բացասական երևույթի հետ:
Այս պայքարի արդյունքում միայն որոշ չափով մեղմացավ վիճակը, իսկ չպայքարելու դեպքում կառաջանային ավելի մեծ խնդիրներ, քան կարելի էր պատկերացնել: Այսպիսով, ՀՀ Ազգային Ժողովը միայն մի քանի փոփոխություններ կատարեց օրինագծում, մասնավորապես` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում հաշվի են առնվել փաստաբանների գործունեության հետ կապված առանձնահատկությունները, նախատեսվել է օրենքը լրացնել նոր 5.1 հոդված` «Նոտարական և փաստաբանական գործունեության իրականացնողների կողմից հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման առանձնահատկությունները» վերնագրով: Նշված հոդվածով սահմանվել է, որ փաստաբանական գործունեություն իրականացնող անձինք ՀԴՄ–ներ չեն կիրառի անկանխիկ գործարքների մասով : Նախատեսվել է նաև դրույթ, որի համաձայն «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված գործունեության կասեցումը փաստաբանական գործունեություն իրականացնողների նկատմամաբ չի կիրառվի :
Վերջերս` 27.01.2011թ-ին տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի ակումբի նիստ, որին մասնակցում էին ավելի քան 30 փաստաբաններ: Նիստում զեկույցով հանդես եկավ փաստաբան Արա Զոհրաբյանը, որից հետո տեղի ունեցավ քննարկում: Նիստի ժամանակ ինչպես իրավացիորեն նշեց փաստաբաններից մեկը` փաստաբանները պայմանագիր են կնքում և գումար են գանձում մեծ մասամբ ապագայում կատարվելիք աշխատանքի համար (մասնակցություն դատական նիստի և այլն) և մինչև աշխատանքը կատարելը դիմողը իրավունք ունի հրաժարվել աշխատանքից և ետ ստանալ իր գումարը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: ՀԴՄ-ի կիրառման դեպքում անհնարին կլինի կամ կդժվարանա գումարի վերադարձը դիմողին և կխախտվեն նրա իրավունքները:
Արա Զոհրաբյանը հայտարարեց նաև, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Ա.Ալավերդյանի հետ պայմանավորվածության համաձայն, պետք է համատեղ քննարկվի այդ օրենքի հետ կապված խնդիրները և պաշտոնական պարզաբանումների միջոցով լուծվեն դրանք:
Քննարկման արդյունքում առաջարկվեց երկու ուղղություն `
““Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” « ՀՀ օրենքը ուժի մեջ է մտնում փետրվարի 25 ից:
ՀՀ Փաստաբանների պալատի խորհուրդը 14.02.2011թ-ի թիվ 3/7-Լ որոշմամբ հանդես է եկել հայտարարությամբ առաջարկելով փաստաբաններին առժամանակ ձեռնպահ մնալ հսկիչ-դրամարկղային մեքենաներ ձեռք բերելուց և գործարքներն իրականացնել միայն անկանխիկ (բանկային փոխանցումների միջոցով):
Կից ներկայացվում է ՀՀ Փաստաբանների պալատի խորհուրդը 14.02.2011թ-ի թիվ 3/7-Լ որոշումը
Հաստատված է`
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի
14.02.2011թ. թիվ 3/7-Լ որոշմամբ
Պալատի նախագահ`
............................ Ռ.Սահակյան
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
“Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման վերաբերյալ
2011 թվականի փետրվարի 25-ից ուժի մեջ է մտնելու ““Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՕ-22-Ն Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք), որի համաձայն փաստաբանական գործունեություն իրականացնողները բնակչության հետ իրականացվող կանխիկ գործարքների դեպքում պետք է կիրառեն հսկիչ-դրամարկղային մեքենաներ:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Օրենքն ինչ-որ առումով վտանգում է փաստաբանի անկախությունը և կարող է խախտել փաստաբանական գաղտնիքի պահպանման իրավունքը,
հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի կիրառման հետ կապված որոշ հարցեր դեռևս բաց են մնացել և չեն կարգավորվել պաշտոնական պարզաբանումների միջոցով, ինչը փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտա-վերլուծական կենտրոնի կողմից կկազմակերպվի,
ի գիտություն ընդունելով այն, որ Օրենքի համաձայն` փաստաբանական գործունեություն իրականացնող անձինք հսկիչ-դրամարկղային մեքենաներ չեն կիրառում բնակչության հետ իրականացվող անկանխիկ գործարքների մասով,
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը
առաջարկում է`
- առժամանակ ձեռնպահ մնալ հսկիչ-դրամարկղային մեքենաներ ձեռք բերելուց և գործարքներն իրականացնել միայն անկանխիկ (բանկային փոխանցումների միջոցով):
ՀՀ փաստաբանների պալատի
նախագահ` Ռ.Սահակյան
Բեռնել
Վերադառնալ