Փաստաբանի անթույլատրելի վարքագծի բացառիկ օրինակ
14.02.2011 12:07Փաստաբանի անթույլատրելի վարքագծի բացառիկ օրինակ
ՀՀ Սահմանադրության 20-րդ, Եվրոկոնվենցիայի 6-րդ հոդվածների և Եվրոդատարանի մի շարք նախադեպային որոշումների իմաստով մեղադրյալի պաշտպան ունենալու իրավունքն արդար դատաքննության կարևորագույն տարրերից մեկն է:
Փաստաբանների Պալատի խորհուրդը փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների կոպիտ խախտումների շարքին է դասում կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի պաշտպանության ստանձնելը վարույթն իրականացնող մարմնի հանձնարությամբ: Խորհրդի նման մոտեցումը բխում է ՀՀ քր. դատ. օր 70-րդ հոդվածի 2-րդ մասի և Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից, որոնցով վարույթն իրականացնող մարմնին արգելված է որևէ փաստաբանի երաշխավորել իր վարույթում քննվող քրեական գործով որպես պաշտպան հրավիրելու, փաստաբանին արգելված է վարույթն իրականացնող մարմնի նման հանձնարության ընդունումը:
Քրեական դատավարության օրենսգրքի և Փաստաբանի վարքագծի կանոնագրքի այսպիսի պահանջը կոչված է ապահովելու պաշտպանի անկախությունը վարույթն իրականացնող մարմնից: Այդպիսի անկախությունը պաշտպանի պարտականությունների պատշաճ կատարման երաշխիքների շարքում առաջնային է:
Որքան էլ ցավալի է, այնուամենայնիվ, կան այսպես փաստաբաններ, համագործակցում են հետաքննիչի կամ քննիչի հետ ի վնաս պաշտպանյալի շահերի հատկապես հետաքննության կամ նախաքննության սկզբնական փուլում` քննիչի կամ հետաքննիչի կանչով ներկայանում և վավերացնում են պաշտպան ունենալու իրավունքը պարզաբանելու, պաշտպան ունենալուց հրաժարվելու մասին նրանց կազմած կեղծ արձանագրությունները, իսկ երբեմն էլ, օգտվելով կասկածյալի կամ մեղադրյալի իրավական անտեղյակությունից, նրա կամքին հակառակ ներգրավվում են որպես պաշտպան և աջակցում նրանից խոստովանական ցուցմունք կորզելուն:
Այդ առումով հատկապես բնութագրական է փաստաբան Մելս Աղալոյանի օրինակը, որը Փաստաբանների Պալատի խորհրդի 07.10.10թ. թիվ 26/2-Ա որոշմամբ կարգապահական տույժի է ենթարկվել նման արարքի համար:
Կարգապահական վարույթի հիմք հանդիսացած դիմումի հեղինակը հայտնել է, որ իր նկատմամբ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով քննիչի կողմից հրավիրվել և իր կամքին հակառակ որպես իր պաշտպան քննությանը մասնակից է դարձվել փաստաբան Մելս Աղալոյանը: Քննիչն իրենից ցուցմունք է կորզել հոգեբանական ճնշումներ գործադրելու միջոցով: Այդ ցուցմունքը վավերացվել է փաստաբան Աղալոյանի կողմից:
Կարգապահական վարույթով անցկացված քննությամբ պարզվել է, որ տվյալ քրեական գործով 12.02.10 թվականին երկու քննիչների կողմից կազմվել է կասկածյալի իրավունքները բացատրելու մասին երկու արձանագրություն այն մասին, որ դիմումատուն և գործով անցնող մյուս կասկածյալը հրաժարվել են պաշտպան ունենալուց: Այդ երկու արձանագրությունները ստորագրվել է փաստաբան Աղալոյանի կողմից: Բնական է, որ քննչական մարմնում նա հայտնվել է քննիչի նախաձեռնությամբ:
Այնուհետև, 15.02.10 թվականին, երբ դիմումատուին մեղադրանք է առաջադրվելիս եղել, կազմվել է արձանագրություն այն մասին, որ դիմումատուն համաձայն է փաստաբան Աղալոյանի մասնակցությանը որպես իր պաշտպանի, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Աղալոյանի պաշտպանությունը նրան պարտադրվել է:
Պալատի խորհրդում փաստաբան Աղալոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելիս` Աղալոյանը հայտնել է, որ 12.02.10 թվականի արձանագրությունների կազմմանն ինքը ներկա չի եղել, որ այդ արձանագրությունները ստորագրել է 15.02.10 թվականին քննիչի մատուցմամբ, որ քննիչը դրանք իրեն ստորագրել է տվել` օգտվելով իր անուշադրությունից, պնդել է նաև, որ որպես դիմումատուի պաշտպան հանդես է եկել ոչ թե քննիչի կանչով, այլ դիմումատուի հարազատների խնդրանքով:
Հիմք ընդունելով Աղալոյանի հայտարարությունն այն մասին, որ 12.02.10թ. արձանագրությունների կազմմանն ինքը ներկա չի եղել, որ քննիչը դրանք իրեն ստորագրել է տվել խաբեությամբ, Պալատի խորհրդի որոշմամբ նյութերն ուղարկվել են հատուկ քննչական վարչություն` կեղծ փաստաթղթեր կազմելու կապակցությամբ այն կազմող քննիչների քրեական պատասխանատվության հարցը լուծելու միջնորդությամբ:
Հատուկ քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Աղալոյանը բացատրություն է տվել և պնդել է, որ քննիչների կողմից կեղծիք չի կատարվել, որևէ քննչական գործողության քննիչի նախաձեռնությամբ չի մասնակցել, երբ է ստորագրել քննիչի կազմած արձանագրությունները, չի հիշում:
Գնահատականներ տալով դիմումատուի այն պնդումներին, որ քննության ընթացքում իր նկատմամբ հոգեբանական ճնշումներ են գործադրվել, դա որակել է որպես պատասխանատվությունից խուսափելու նպատակով արված զրպարտություն:
Իսկ ինչպես որակել փաստաբան Աղալոյանի վարքագիծը` իր մեղավորությունը քողարկելու նպատակով, երբ Պալատի խորհրդում ներկայացել է որպես քննիչների կողմից իրականացված խաբեության զոհ, իսկ երբ քննարկվելիս է եղել քննիչների պատասխանատվության հարցը, հանդես է եկել որպես նրանց շահերի պաշտպան` ժխտելով այն ամենը, ինչ ասել է Պալատի խորհրդում:
Անառարկելի է այն փաստը, որ կասկածյալների կողմից պաշտպանից հրաժարվելու մասին արձանագրություններն Աղալոյանը վավերացրել է քննիչի թելադրանքով, որ տվյալ հարցի քննարկման ընթացքում դրսևորել է անազնվություն. խաբել է Պալատի խորհրդին կամ քննչական մարմնին, ինչն այլ կերպ չի կարող գնահատվել, քան փաստաբանի հեղինակությունն արատավորող վարքագծի դրսևորում, որպես փաստաբանի անթույլատրելի վարքագծի բացառիկ օրինակ:
ՀՀ Փաստաբանների պալատ
Բեռնել
Վերադառնալ