ՀՀ Փաստաբանների Պալատ

Գրավիչ գործարար միջավա՞յր, թե՞ դամոկլեսյան սուր

21.01.2011 17:19

Գրավիչ գործարար միջավա՞յր, թե՞ դամոկլեսյան սուր

http://www.cdaily.am/home/paper/2011_01_11/news/23181/

Գրավիչ գործարար միջավա՞յր, թե՞ դամոկլեսյան սուր

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանի կարծիքով` Հայաստանի Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը, հատկապես տնտեսական հանցագործությունների հետ կապված, չեն համապատասխանում շուկայական բարեփոխումների ոգուն և տրամաբանությանը: «Կապիտալի» հետ զրույցում նա կարծիք է հայտնում, որ օրենսդիրը պատժաչափերը մի անգամ սահմանել է ու մոռացել դրանց մասին:

-Պրն Ասատրյան, Ձեր կարծիքով՝ որն է այն սահմանը, երբ իրավախախտումը չի կարող որակվել որպես վարչական և այն ենթադրում է քրեական պատասխանատվություն:

-Իրականում ըստ գործող օրենսդրության՝ շատ հեշտ է տարբերել. համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի՝ քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները պարունակող արարքը հիմք է քրեական պատասխանատվության համար: Շատ ավելի բարդ է օրենսդիր իշխանության համար ողջամտորեն գտնել և քրեական օրենսգրքում գծել այդ սահմանը: Դժվարությունները հիմնականում օբյեկտիվ են՝ երկար ժամանակ չենք ունեցել պետականություն, այժմ շուկայական տնտեսության պահանջներն այլ են, հասարակական հարաբերությունները գտնվում են անընդհատ զարգացման մեջ, և ձեռնարկվող միջոցառումները, որոնք գործուն և հրատապ են այսօր, վաղը կարող են լինել հնացած, ժամանակավրեպ: Կան նաև սուբյեկտիվ պատճառներ. մինչ այժմ գործում է խորհրդային վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը` իրավիճակային փոփոխություններով, վարչական մարմինների կողմից կիրառվող նյութական օրենսդրությունը, նկատի ունեմ հարկային և մաքսային ոլորտում, մեղմ ասած, հստակեցման կարիք ունիգործող քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը հիմնականում, համենայն դեպս տնտեսական հանցագործությունների հետ կապված, չեն համապատասխանում շուկայական բարեփոխումների ոգուն և տրամաբանությանը:

-Ի՞նչ նկատի ունեք բարեփոխումների տրամաբանություն ասելով:

-Օրինակ` 2010թ. թիվ 97-Ն որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին: Միջոցառումների ծրագրի գաղափարն այն է, որ բիզնեսի գրանցման, հարկային և մաքսային մարմինների հետ հարաբերություններում հստակեցվեն ընթացակարգերը, ինչի շնորհիվ տնտեսությունում ներդրումները կդառնան գրավիչ: Անշուշտ, բարի նպատակ է, սակայն այլ հարց է, թե արդյոք միջոցառումերի ծրագիրը բավարա՞ր է նպատակին հասնելու համար, թե՞ ոչ: (Տեþս hարցազրույցին կից աղյուսակը):
Նշված հոդվածներում խոշոր և առանձնապես խոշոր չափ է ճանաչվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհազարապատիկը, որպես հաշվարկային հիմք սահմանվում է ‘1000-ը: Եթե հետևենք աղյուսակում նշված հոդվածներին, կտեսնենք, որ 189 հոդվածում առանձնապես խոշոր չափ է ճանաչվում ‘1 մլն-ը, իսկ 215 հոդվածի առաջին մասում խոշոր չափ է ճանաչվում ‘1 մլն-ը: Այս հոդվածներին առնչվելիս տպավորություն է ստեղծվում, որ օրենսդիրը այս չափերը մի անգամ սահմանել ու մոռացել է դրանց մասին: Կարծում եմ` այս չափերը գործուն էին 2003թ., բայց հնացած ու ժամանակավրեպ են այսօր: Ընդ որում՝ դրանց հաշվարկային հիմքը, ըստ նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքի, սահմանվել է ‘1000-ը, ինչը ոչ մի կերպ չի կապվել նվազագույն ամսական աշխատավարձի դինամիկ աճի հետհետևաբար հաշվարկային հիմքը նվազագույն ամսական աշխատավարձի հետ կապելը դարձել է անիմաստ:

-Իսկ ինչպե՞ս պետք է հաշվարկը կատարվեր:

-Նման վերլուծություններ անելիս սովորաբար ընդունված է հաշվի առնել տարածաշրջանի այլ երկրների փորձը: Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքում, օրինակ, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գլխով նախատեսված հանցագործությունների համար, բացառությամբ մի քանի հոդվածների, սահմանված է միասնական չափ, այն է` խոշոր չափ` 250 000 ՌԴ ռուբլի (3 մլն ՀՀ դրամին համարժեք), և առանձնապես խոշոր չափ` 1 մլն ՌԴ ռուբլի (12 մլն ՀՀ դրամին համարժեք) գումար, իսկ հարկերից խուսափելու հետ կապված հանցագործությունների համար մի քիչ այլ կարգավորում է տրված: Նախ՝ առանձին հոդվածներով են կարգավորվում քաղաքացիների և կազմակեպությունների կողմից թույլ տրված հանցագործությունները, հետո խոշոր ու առանձնապես խոշոր հասկացությունները մի քիչ ավելի ճկուն մեխանիզմներով են կարգավորված: Բայցևայնպես, քաղաքացիների դեպքում առանձնապես խոշոր չափ է սահմանված՝ 1,5 մլն ՌԴ ռուբլի (17.5 մլն ՀՀ դրամին համարժեք գումար),  կազմակերպությունների համար՝ 7,5 մլն ՌԴ ռուբլի (81 մլն ՀՀ դրամին համարժեք գումար):

-Կարծում եք` Ձեր նշած հոդվածները (բերված են աղյուսակում) խոչընդոտո՞ւմ են գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի իրականացումը:

-Ոչ թե հոդվածները, այլ նրանցով սահմանված չափորոշիչները, ինչի հետևանքով ստեղծվում է մի իրավիճակ, երբ մենք պոտենցիալ գործարարի համար մի կողմից փորձում ենք գրավիչ դարձնել Հայաստանում գործարարությամբ զբաղվելը, մյուս կողմից՝ նրա գլխին դամոկլեսյան սրի պես կախում ենք այն սպառնալիքը, որ հենց սայթաքի ու ‘1 մլն-ի վնաս պատճառի անձանց կամ պետությանը, 4-8 տարով կազատազրկվի: Հավանաբար, իրավիճակը փրկելու նպատակով է օրենսդիրը 2006թ. փոփոխություն մտցրել օրենսգրքի 189 հոդվածում, այն է` օրենսգրքի 189-րդ, 193-րդ, 194-րդ հոդվածներով, 205-րդ հոդվածի 1-ին մասով (205 հոդվածով սկզբնական տարբերակում նախատեսված էր բոլոր մասերի համար) և 206-րդ հոդվածով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները:

-Այսինքն՝ օրենսդիրը դրանով ապաքրեականացրե՞լ է նշյալ հոդվածներով սահմանված քրեորեն հետապնդելի արարքները:

-Որքան էլ տարօրինակ թվա, ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենգրքի 189 հոդվածի 5-րդ մասը` հետևյալ պատճառաբանությամբ. Նախ՝  նշված հոդվածը չի աշխատում, քանի որ իրավախախտում թույլ տված անձը վնասի դիմաց վճարելուց հետո հաջորդ անգամ նույն արարքը թույլ տալու դեպքում նրա համար իրավական տեսակետից նորից համարվում է առաջին անգամ: Երկրորդ՝ անհրաժեշտ է ողջամտորեն սահմանել խոշոր և առանձնապես խոշոր չափերը ու դրանք կապել նվազագույն աշխատավարձի աճի հետ: Երրորդ՝ օրենսդիրը պետք է հստակ սահմանի՝ մինչև որ շեմը թույլ տված իրավախախտումն է վարչական պատասխանատվություն առաջացնում, նոր դրանից բարձրը` անհրաժեշտության դեպքում քրեական, իսկ քրեական էլ սահմանելիս պետք է անպայման լինի այլընտրանք` կախված արարքի կատարման հանգամանքներից՝ բացառությամբ որոշ հստակ որոշված դեպքերի, օրինակ՝ եթե դա կատարվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից:

-Ձեր կարծիքով` ի՞նչ սկզբունքով պետք է առաջնորդվի օրենսդիրը այդ սահմանը գծելիս:

-Քրեական օրենսգրքի հիմնարար սկզբունքներից մեկով` արդարության սկզբունքով: Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության մյուս միջոցները պետք է լինեն արդարացի, անհրաժեշտ և բավարար նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար: Պարզ ասած` գործող օրենսդրությունում արդար չեն աղյուսակում նշված հոդվածներով սահմանված խոշոր և առանձնապես խոշոր չափերը, որոնք էլ իրենց հերթին ենթադրում են ազատազրկման խիստ սանկցիա ու վերջում ասում` «բայց որ վնասը հատուցես, քեզ կներեն»: Արդար կլինի, երբ չափերը ողջամիտ լինեն, ողջամիտ չափերը գերազանցողներն էլ պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Բացի այդ՝ աղյուսակում բերված հոդվածների մի մասի գոյությունը ծնում է կոռուպցիոն ռիսկեր, օրինակ` երկու դյուրակիր համակարգիչ (նոթբուք) ներմուծող և չհայտարարագրող անձը երբևէ չի կարող պատկերացնել, որ իր նկատմամբ քրեական գործ (մաքսանենգություն) կարող է հարուցվել, ու այդ սպառնալիքի տակ շատ ավելի հեշտ է նրանից խոշոր գումարներ շորթել, քան այն դեպքում, եթե դրա համար սահմանված լիներ վարչական տույժ:

-Իսկ ի՞նչ է պետք անել:

-Իմ կարծիքով` հարկավոր է յուրաքանչյուր ոլորտի բարեփոխման պատասխանատու նշանակել ոլորտում ձեռնահաս անձի, խմբի, կոնկրետ ստորաբաժանման ու նրանցից էլ պահանջել միասնական բարեփոխումների քաղաքականության իրականացումը: Հակառակ դեպքում կունենանք տեղ-տեղ լավ օրենքներ, առանձին գերատեսչություններում տարբեր լոգիկայով աշխատող էլեկտրոնային համակարգեր, ծայրահեղ ժամանակակից և ծայրահեղ ժամանակավրեպ սպասարկման գրասենյակներ, ժամանակավրեպ նոտարական ինստիտուտ և այլն:
Ներկայում, հուրախություն մեզ, մշակվում է հայեցակարգ` նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագիծ մշակելու նպատակով: Հայեցակարգի հեղինակները նշում են, որ նոր օրենսգրքի նախագծի հիմքում պետք է լինի երկու հիմնարար չափանիշ` համարձակ նորարարությունը և չափավոր պահպանողականությունը: Կարծում եմ` սխալ չէր լինի ասել անհրաժեշտ նորարարությունը: Այս համատեքստում, կարծում եմ, հասունացած պետք է համարել նաև ՀՀ քրեական օրենսգրքի, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գլխով նախատեսված հոդվածներում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը և նոր վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մշակումը:

Մարի Երեմյան

 

 



Բեռնել

Վերադառնալ