ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ԾԱՌԱՏՈՒՆԿ ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ՝ ԱՆՄԱՀԱՑԱԾ ԼԵՎՈՆ ԼԵՎՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈՒՐԱԿՈՒՄ
19.10.2022 20:06ՀՀ փաստաբանների պալատի և Փաստաբանական դպրոցի համատեղ նախաձեռնությամբ՝ փաստաբանական համայնքն այսօր ծառատունկ իրականացրեց փաստաբան Կարեն Լևոնյանի որդու՝ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Լևոն Լևոնյանի անվան պուրակում:
Հարգանքի տուրք մատուցելով Լևոնի ընտանիքին՝ գործընկերները փաստաբան Կարեն Լևոնյանին հղեցին երախտիքի և մխիթարանքի խոսքեր՝ շեշտելով, որ հերոսների հարազատները մշտապես պետք է արժանանան հարգանքի ու մեծարանքի:
Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը Լևոն Լևոնյանի՝ հանուն հայրենիքի անձնուրած հերոսությունը վեհ օրինակ համարեց գալիք սերունդների համար:
«Երբ ցորենի հատիկը ցանում են, թվում է հատիկը մեռնում է հողում, բայց մեկ հատիկը հետո ծիլեր է տալիս ու հասկի վերածվում»,-ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Լևոնի հերոսությունն այս գաղափարախոսությունն ունի:
Այնուհետև, փաստաբանական համայնքի ներկայացուցիչներն այցելեցին միջնակարգ դպրոց, եղան Լևոնի անունը կրող դասասենյակում:
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ներկաներին տեղեկացրեց, որ միջնակարգ դպրոցի աշակերտների համար կկազմակերպեն դասընթացներ մարդու իրավունքների և փաստաբանական գործունեության թեմաներով:
Փաստաբան Կարեն Լևոնյանը, ՀՀ փաստաբանների պալատին և ՀՀ փաստաբանական դպրոցին հանձնեց շնորհակալագիր՝ իր ընտանիքի կողքին լինելու, աջակցելու և հերոսին պատշաճ հարգանքի տուրք մատուցելու համար:
Բեռնել
Վերադառնալ