ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՍՊԱՆՎԱԾ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
04.10.2022 18:27ՀՀ փաստաբանների պալատն իր խորին վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում սպանված հայ ռազմագերիների հարազատներին և իր պատրաստակամությունն է հայտնում անհրաժեշտ իրավաբանական օգնություն ցուցաբերելու հարցում:
Հայ ռազմագերիների սպանությունը պատերազմական զարհուրելի հանցագործություն է: Այն ոչ միայն հայ զինծառայողների՝ միջազգային փաստաթղթերով երաշխավորված կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում է, այլև բացարձակ արհամարհանք միջազգային մարդասիրական իրավունքի ընդհանուր համակարգի նկատմամբ:
Սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերից ակնհայտ է, որ հայ զինծառայողներն ուղղակի դիմահար կրակոցներով սպանվում են ադրբեջանական զինվորականների կողմից այն պայմաններում, երբ գերեվարվածները անզեն են և որևէ դիմադրություն չեն ցուցաբերում:
Նախորդ դարի արհավիրքների արդյունքում ձևավորված նվազագույն արգելքները ներկայում, առավել քան երբևէ, ապահովման կարիք ունեն, քանի որ մարդասիրական կանոնների ոտնահարման այսպիսի դեպքերի նկատմամբ անտարբերությունը, ինչպես ցույց է տվել կյանքը, հղի է դրանց կրկնության վտանգով:
Այդ ոտնձգություններն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային ամբողջ հանրության դեմ, ուստի պետք է խստագույնս դատապարտվեն:
Բեռնել
Վերադառնալ