ՀՀ Փաստաբանների Պալատ

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

19.08.2022 15:29

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

      ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվող փոփոխության արդյունքում իրավական կադաստրի տեղեկատվության կազմից տեղեկատվությունը այլ անձանց այսուհետ տրամադրվելու է բացառապես համապատասխան սուբյեկտի կողմից գրավոր և նոտարական վավերացված համաձայնության առկայության դեպքում:

     Ավելին, Նախագծով  նախատեսվում է իրավական կադաստրի տեղեկատվության կազմից տեղեկություններն առանց համապատասխան համաձայնության ստանալու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկից հանել ՀՀ փաստաբաններին և նոտարներին՝ դիտարկելով վերջիններիս որպես ոչ հանրային իրավունքի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց:

     Նախագիծը մշակողը նշված փոփոխությունները հիմնավորում է տեղեկատվության ազատության իրավունքի առավել արդյունավետ իրացման երաշխավորմամբ և անձնական տվյալների պատշաճ պաշտպանությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ քաղաքացիների և ՀՀ փաստաբանների ու նոտարների միջև հարաբերությունները հանրային իրավունքի ոլորտում չեն ծագում (բացառության ժառանգություն ընդունելու կապակցությամբ նոտարի մասնակցությամբ իրավահարաբերությունների): Տվյալ հիմնավորման պայմաններում անհասկանալի է, թե ինչպես են տեղեկատվությունը ստանալու իրավունքը պահպանում սնանկության կառավարիչները` չհանդիսանալով հանրային իրավունքի սուբյեկտ:  

     Ավելին, ըստ Նախագիծը մշակողի` փաստաբանի արտոնագիր ունենալը չի կարող բավարար պայման հանդիսանալ տեղեկատվության տրամադրման համար, քանի որ տեղեկատվության պահանջը կարող է նաև պայմանավորված չլինել կոնկրետ գործով և որոշակի անձի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ, իսկ վստահորդի շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում փաստաբանը համապատասխան հարցումը կարող է կատարել նրան տրված լիազորագրի հիման վրա:

     Այս համատեքստում, Նախագծի ընդունումը դիտարկվում է չհիմնավորված, իսկ դրանում նկարագրված կարգավորումներն առնվազն խնդրահարույց:

     Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին, իսկ 2-րդ մասի համաձայն՝ իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:

    «Փաստաբանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեություն իրականացնելու և փաստաբանների մասնագիտական միավորում կազմակերպելու հիմունքները և այդ գործունեության իրականացման կարգը։

     Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ փաստաբանը իրավունք ունի դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց՝ իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում:

     Նշված նորմերի համադրության և վերլուծության արդյունքում կարելի է փաստել, որ անձը, ի թիվս այլնի ունենալով նաև սահմանադրորեն ամրագրված և անմիջականորեն գործող իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, կարող է այդ իրավունքն իրացնել բացառապես անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանական ինստիտուտի գործունեության պայմաններում:

     Նշված երաշխիքների ապահովման տեսանկյունից փաստաբանին վերապահված է իրավական հնարավորություն ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն այդ թվում նաև գույքի վերաբերյալ, քանզի տվյալ տեղեկատվության առկայության պայմաններում են որոշվում իրավական պաշտպանության ուղիները, դրանց արդյունավետությունը և մի շարք վերաբերելի այլ հարցեր: 

     Առնվազն անհասկանալի է Նախագիծը մշակողի պնդումն առ այն, որ «փաստաբանի արտոնագիր ունենալը չի կարող բավարար պայման հանդիսանալ տեղեկատվության տրամադրման համար, քանի որ տեղեկատվության պահանջը կարող է նաև պայմանավորված չլինել կոնկրետ գործով և որոշակի անձի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ»:

     Նախագծի հեղինակը հաշվի չի առել Սահմանադրական կարգավորումը և անտեսել է իրավաբանական օգնության դերն ու նշանակությունը: Փաստաբանի կարգավիճակի առանձնահատկությունը պայմանավորված է անձի արդյունավետ և որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավական երաշխիքներով, որպիսի պայմաններում հնարավորություն է տրվում փաստաբանին՝ իրավաբանական օգնություն ցույց տալու համար, ի թիվս այլնի դիմելու տեղեկատվությունը տնօրինող սուբյեկտին անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով:

     Պետք է նկատի ունենալ, որ փաստաբանի կողմից տրամադրվող  իրավաբանական օգնության արդյունավետությունը նաև  պայմանավորված է դրա համար անհրաժեշտ տեղեկատվությունը հնարավորինս պարզ ընթացակարգով ու սեղմ ժամկետներում ստանալու հնարավորությամբ:

      Նախագծի հեղինակը փորձում է առաջարկվող իրավակարգավորման անհրաժեշտությունը հիմնավորել անձնական տվյալների պատշաճ պաշտպանության հանգամանքով, ինչն այս դեպքում ևս դիտարկվում է անհասկանալի։ Նշված համատեքստում, Նախագիծը մշակողը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի, ինչպես նաև փաստաբանի վարքագծի կանոնագրքի դրույթների խախտումը հանգեցնում է   պատասխանատվության այդ թվում նաև կարգապահական։

     Անտեսվել է այն հանգամանքը, որ փաստաբանի կողմից իրավաբանական օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտություն է առաջանում տիրապետել տեղեկատվության, որը վերաբերում է վստահորդ չհանդիսացող անձի՝ օրինակ ապագա դատավարական հակառակորդի գույքին, որպիսի պայմաններում նրա համաձայնության մասին խոսելը իմաստազուրկ է: Ավելին շատ անգամ իրավունքի խախտման հանգամանքը հնարավոր է պարզել բացառապես ստացված տեղեկատվության ուսումնասիրությունից հետո:

     Նախագծի ընդունումը շեշտակի նվազեցնելու է գույքային վեճերով փաստաբանի կողմից տրամադրվող իրավաբանական օգնության արդյունավետությունը: Ավելին անհիմն ծանրաբեռնվելու է արդեն իսկ գերծանրաբեռնված դատական համակարգը՝ հաշվի առնելով, որ փաստաբանն՝ իր վստահորդին իրավական օգնություն ցույց տալու համար, ստիպված են լինելու դատական կարգով ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Միաժամանակ արդյունավետ պաշտպանություն ապահովելու նպատակով փաստաբանները ստիպված են լինելու անգամ ոչ հեռանկարանային գործերի շրջանակներում դիմել դատարան, քանզի այլ կերպ քան դատական կարգով նմանատիպ տեղեկատվությունը ստանալը անհնար է:  

     Տվյալ իրավական կարգավորումը ուղղակի անդրադառնալու է իրավաբանական օգնության արժեքի վրա, որովհետև պահանջվող դատավարական գործողությունների և մատնանշված համաձայնագրի նոտարական վավերացման ծառայությունների համար պահանջվելու են հավելյալ ծախսեր:

     Նախագիծը մշակողի կողմից հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ առաջանալու է պետական բյուջեով ֆինանսավորվող լրացուցիչ ծախսեր կատարելու անհրաժեշտություն: Մասնավորապես՝ հանրային պաշտպանության շրջանակներում նոտարական ծառայությունների ծախսերը չեն փոխհատուցվում, իսկ անվճարունակ անձը ի զորու չէ կատարել դրանք: Հետևաբար  պետության անվճար իրավաբանական օգնության ապահովման պոզիտիվ պարտականության տեսանկյունից պետական բյուջեի միջոցների հաշվին պետք է փոխհատուցվեն մատնանշված հավելյալ ծախսերը:

    Բացի այդ, Նախագիծը մշակողը ուղղակիորեն հաշվի չի առել նաև իրավական որոշակիության սկզբունքը, ինչպես նաև անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի բացակայության հանգամանքը, քանի որ Նախագծով չի կարգավորվում կադաստրի տիրապետության ներքո գտնվող  տեղեկատվությունը այլընտրանքային եղանակով ստանալու հնարավորությունը:

    Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում անդրադարձել է տեղեկատվության ազատության խնդիրներին, մասնավորապես. 2009թ. ապրիլի 14-ի Társaság a Szabadságjogokért v. Hungary (գանգատ թիվ 37374/05) գործով դատարանը եզրահանգել է, որ հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկության տրամադրման խոչընդոտները կարող են բացասաբար ազդել ԶԼՄ-ներում և հարակից ոլորտներում գործունեություն ծավալող անձանց վրա: Իսկ 2013թ. նոյեմբերի 28-ի Österreichische Vereinigung zur Erhaltung, Stärkung und Schaffung eines wirtschaftlich gesunden land und forstwirtschaftichen Grundbesitzes v. Austria (գանգատ թիվ 39534/07) վճռով դատարանը վերահաստատել է նախկին դիրքորոշումները, այն է` կողմնակից է «տեղեկություններ ստանալու ազատության» հասկացության ավելի լայն մեկնաբանմանը, որը ներառում է տեղեկությունների մատչելիության սկզբունքը:

     Հարկ է նաև հավելել, որ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1256 որոշման շրջանակներում նույնպես անդրադարձել է համանման հարցերին՝ արձանագրելով, որ  պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալու իրավունքը պետության համար ստեղծում է պոզիտիվ պարտականություններ ապահովելու համապատասխան իրավունքի պատշաճ և արդյունավետ իրականացումը: Օրենսդիրը` կարգավորելով անշարժ գույքի միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման համար վճար վճարելու հետ կապված իրավահարաբերությունները, կաշկանդված է տեղեկատվության մատչելիության սկզբունքի երաշխավորման պարտականությամբ։

      Սահմանադրական դատարանը նաև ընդգծել է, որ յուրաքանչյուր անձ, այդ թվում` կազմակերպություն, պետք է հնարավորություն ունենա իրավահավասարության պայմաններում պահանջելու կամ ծանոթանալու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող տեղեկությանը, եթե նման տեղեկության տրամադրումը չի խախտում հանրային շահերի կամ այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:

      Մեր դեպքում իրավահավասարությունը առհասարակ խախտված է՝ մասնավորապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, սնանկության կառավարիչները այդպիսի տեղեկատվություն ստանալու հնարավորությունը պահպանում են:

      Նախագծի հեղինակի կողմից անտեսվել է նաև միջազգային առաջատար փորձը: Եվրամիության և Եվրոպայի խորհուրդի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն արդյունավետ կառավարման 2019-2022թթ.» ծրագրի «Փաստաբանի մասնագիտության հզորացում՝ համահունչ Եվրոպական ստանդարտների» բաղադրիչի շրջանակներում միջազգային փորձագետների կողմից արդեն իսկ խնդրահարույց են որակվել առկա օրենսդրական կարգավորումները, համապատասխան որոնց՝ իրավաբանական օգնություն տրամադրման շրջանակներում փաստաբանի համար դժվարեցվում է կամ որոշ դեպքերում անհնարին է դառնում անհրաժեշտ տեղեկատվություն ստանալը: Ի դեպ, նշված ծրագրի արդյունքում ձևավորվել է փաստաբանի գործունեության և իրավունքների արդյունավետ պաշտպանության  մեխանիզմների բարելավման գործողությունների ծրագիր, որին անմիջական մասնակցություն է ունեցել և հավանության արժանացրել Արդարադատության նախարարությունը:

       Ամփոփելով վերը նշվածը պետք է փաստել, որ Նախագծի ընդունումը հանգեցնելու է.

  • Իրավաբանական օգնության տրամադրման շրջանակներում փաստաբանների իրավունքների էական նվազեցման.
  • Իրավաբանական օգնության տրամադրման շրջանակներում հնարավոր արդյունքների կանխատեսելիության նվազման.
  • Իրավաբանական օգնության տրամադրման արդյունավետության էական նվազեցման.
  • Իրավաբանական օգնության գնային արժեքի ավելացման.
  • Դատարանների ծանրաբեռնվածության էական ավելացման.
  •  Պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող անվճար իրավաբանական օգնության ծախսերի ավելացման.
  • Միջազգային առաջավոր փորձի անտեսման:

       Վերոգրյալը հաշվի առնելով՝ առաջարկվում է Նախագիծը հանել շրջանառությունից:



Բեռնել

Վերադառնալ