Դատարանի նկատմամբ վստահության ճգնաժամը դատական կոռուպցիայի հիմնական պատճառ - 9 ԱՄՓՈՓՈՒՄ
01.12.2010 00:00Վերը նշված խորագրի ներքո հրապարակումների շարքով փորձեցի ցույց տալ, թե Նախագահ Սերժ Սարգսյանի 2008թ. աշնանը նախաձեռնած դատարանների նկատմամբ վստահությունը վերականգնելու նախաձեռնությունից հետո ինչ դրական ու բացասական փոխություններ են կատարվել դատական համակարգում:
Ինչպես հիշում եք, նախագահը հայտարարեց, որ այսուհետ դատաիրավական բարեփոխումների ընթացքը գնահատելու համար ցուցանիշ է լինելու համակարգի հանդեպ հասարակական վստահության գնահատականը: Նաև հայտնեց, որ դանդաղկոտությունը կամ անլուրջ վերաբերմունքը չի կարող հանդուրժվել և խիստ որոշակի արդյունքներ է ակնկալում տեսնել:
Կա՞ն արդյոք խիստ որոշակի արդյունքներ:
Իհարկե կան, ինչպես մարդկային ճակատագրերի, այնպես էլ թվերի տեսքով, բայց ոչ նախագահի ակնկալած արդյունքը:
Նախորդ հրապարակումներում ցույց տրվեցին դատարանների կողմից մարդկանց ճակատագրեր խեղող այնպիսի ճչացող խախտումներ ինչպիսիք էին`
- դատարաններում չհետազոտված ապացույցների հիմքով անձին 9 տարվա ազատազրկման դատապարտելն ու վճռաբեկ դատարանի կողմից դա պատշաճ իրավական ընթացակարգ դիտելը, ավելին, վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելու համար վերաքննիչ դատարանի դատավճիռը վճռաբեկի կողմից որոշում անվանվելը.
- անձնին բաց ռեժիմի ուղղիչ հիմնարկից ապօրինաբար կիսաբաց ռեժիմ տեղափոխելն ու դատարանի կողմից այդ որոշումը չվերացնելը զուտ այն պատճառով, որ այդ ապօրինությունը կատարվել է բաց քվեարկությամբ և վճռաբեկ դատարանի կողմից բողոքն առանց պատճառաբանության վերադարձնելով դա ընդունելի համարելը,
- երկու օտարերկրյա քաղաքացիներին ամուսնալուծելը ՀՀ դատարանի կողմից, երբ դա օրենքով ուղղակի արգելված է, ավելին, իր կամքին հակառակ ՀՀ դատարանի կողմից ամուսնալուծվող անձին հնարավորություն չտալը ներկայանալու դատարան` այդ մասին հայտնելու համար.
- մոտ 350.000 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց առաջարկվող 200.000 ԱՄՆ դոլարից պարտատիրոջ հրաժարվելուց հետո, դատարանների կողմից իրենց իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին հակասող այնպիսի դատական ակտերի կայացումը, որոնցով մոլորություն է դիտվել համաձայնագրի` մեկը մյուսի նկատմամբ պարտք ու պահանջ չունենալու պայմանը, այն դեպքում, երբ իրենց իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի համաձայն այդ պայմանը վերաբերելի և հստակ տեղեկություններ է պարունակում, արտահայտում է կողմերի համաձայնությունը և կամքը և անվերապահորեն ընդունվել է պարտապանի կողմից.
- երբ վճռաբեկ դատարանն իր դատական ակտի հիմքում դրված ժառանգության իրավունքի վկայագիրն ու տան նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը դատարանի կողմից անվավեր ճանաչելը չի դիտել նոր երևան եկած հանգամանք, անձանց զրկելով իրենց տան մի մասից.
- երբ դատարանը անձանց սեփականության իրավունքին վերաբերող որոշում է կայացնում առանց դատ անելու, կամ օրենքի ուժով անվավեր համարվող որոշման կիրառմամբ գյուղի բնակիչներին հարկադրում է իրենց հողամասերն օտարել 1քմ-ն 1,5 ձվի գնով, նրանց զրկելով իրենց ապրուստի միակ միջոցից, չպահպանելով անգամ օրենքով սահմանված ընթացակարգը:
Նշված գործերը վերաբերում են կոնկրետ մարդկանց, ՀՀ-ի անունից կայացվող այդ դատական ակտերով խեղվել են կոնկրետ ճակատագրեր, մարդիկ իրենց հավատը կորցրած ուզում են հեռանալ իրենց հայրենիքից: Սա է դատարանների սերմանած վստահության ճգնաժամի հետևանքը: Ասեմ նաև, որ ՀՀ-ում գործում են ավելի քան 1000 փաստաբան և թվարկված օրինակները այդ 1000-ից մեկիս մասնակցությամբ գործերով կատարված ապօրինությունների մի մասն են միայն: Այդպիսի բազմաթիվ օրինակներ կարող է բերել 1000 գործընկերներիցս յուրաքանչյուրը:
Այժմ անդրադառնանք նախագահի ակնկալած խիստ որոշակի արդյունքներին, թվերի ձևով:
Մեկ ամիս առաջ հրապարակվեցին Կառավարության պատվերով Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդակցությունների ինստիտուտի կատարած հարցումների արդյունքները, ըստ որի. «Վերջին 1 տարվա ընթացքում կաշառակերության մակարդակը նվազե՞լ է, մնացե՞լ է նույնը, թե՞ աճել է» հարցին դատաիրավապահ մարմինների վերաբերյալ, աճել է և մնացել է նույնը պատասխանները տվել են հարցվողների միասին վերցրած 78,2 տոկոսը և սա այն դեպքում, երբ ըստ նույն աղբյուրի, այս ոլորտն արդեն առաջին տեղն է զբաղեցնում կաշառակերության բարձր մակարդակով:
Կարծում եմ, խիստ որոշակի արդյունք է և ժամանակն է հետևություն անել:
Ի դեպ, նշված խոսուն թվերին վճռաբեկ դատարանում փորձում են հակադրվել այլ թվեր մատնանշելով այն մասին, որ տարեցտարի դատարան տրվող գործերի թիվն ավելանում է, ինչն, ըստ վճռաբեկի, դատարանների նկատմամբ վստահության աճի արդյունք է:
Սակայն դա այդպես չէ, դատական գործերի թվի աճն ընդամենը նշանակում է, որ դատարանի լուծման ենթակա վեճերն են շատացել, սակայն որքան շատ մարդ է դիմում դատարան, այնքան շատ մարդու մոտ է դատարանի նկատմամբ վստահության ճգնաժամ առաջանում, ինչի արդյունքում էլ վերը նշված խոսուն թվերն են ի հայտ գալիս:
Օրեր առաջ խիստ որոշակի թվեր հրապարակեց նաև Միգրացիայի պետական գործակալության պետը: Այդ տվյալները տեղադրված են նաև գործակալության կայքում:
Ըստ այդ խիստ որոշակի թվերի, եթե արտագաղթը (ՀՀ մուտք գործողների և հեռացողների հարաբերակցությունը) ՀՀ-ից 2007թ-ին կազմել է 3,2 հազ. մարդ, 2008թ-ին 23,1 հազ, 2009-ին 25 հազ, ապա 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսների համար այդ թիվը կազմել է 64,9 հազար մարդ, որը 18,1 հազարով, կամ 38,7 %-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (հուսով եմ հեկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ներգաղթի ծավալը կավելանա և նշված թիվը մի քիչ կմեղմվի):
Կա արդյո՞ք դատարանների նկատմամբ վստահության ճգնաժամի խորացման ու ահագնացող արտագաղթի միջև կապ: Իհարկե կա, այն էլ ուղղակի. չէ որ արտագաղթի պատճառը ոչ այնքան ավելի շատ փող աշխատելու ցանկությունն է, որքան հեռանկարի, հույսի, հավատի բացակայությունը, իսկ դրա հիմքում ընկած է արդարության ու արդարադատության բացակայությունը: Երկրում կլինի արդարության զգացողություն ու արդարադատության նկատմամբ հավատ, ուրեմն կլինի նաև հույս, մարդիկ թեկուզև ներկայիս սոցիալական պայմաններում, բայց հեռանկարում կտեսնեն այն լուսավորը, որի համար կմնան հայրենիքում:
Ուրեմն ի՞նչ անել, ո՞րն է ելքը: Փորձեմ ասել:
Գտնում եմ, որ ելքը հաշվետու լինելն է: Այո, հաշվետու լինելը: Նախագահի, կառավարության, դատարանների հաշվետու լինելը:
Երբ դատարանների նկատմամբ վստահության հարցը քնարկվեց անվտանգության խորհրդում, արդեն պարզ էր, որ վստահության ճգնաժամը հասել է երկրի անվտանգությանը սպառնացող մակարդակի:
Դատարանների նկատմամբ վստահությունը վերականգնելու նախագահի նախաձեռնությունից անցել է երկու տարի և վերը նշված թվերը հիմք են տալիս կարծիք հայտնելու, որ նախաձեռնությունը ձախողվել է:
Ես համոզված եմ, որ Նախագահը սրտանց ցանկանում էր իր նախաձեռնությունը հաջող ավարտի հասցնել, ես հուսով եմ, որ դա այդպես է, բայց առկա է ձախողումը և պետք է հաշվետու լինել, քննարկում սկսել, պատճառները փնտրել և վերացնել: Հակառակ դեպքում հուսախաբությունն է´լ ավելի կմեծանա: Նախագահի նախաձեռնությունն այն հույսն ու լուսավոր կետն էր, որն այժմ չեմ տեսնում:
Որպես այս թեմայով քննարկման նախաձեռնող անդրադառնամ ձախողման խորքային պատճառներին:
Ուրեմն ինչումն է պատճառը, որ նախագահը նախաձեռնում է, բայց դրական արդյունք չկա:
Ասեմ`
1. Նախագահի նախաձեռնությունից հետո կոռուպցիայի դեմ պայքարի երևութականություն ստեղծելու համար դատախազությունը սկսեց դատարաններում առավելագույն պատիժներ պահանջել, իսկ սկզբում, երբ դատարանները ոչ թե առավելագույն, այլ համարժեք պատիժներ էին կիրառում, դատախազությունը սկսեց դա ներկայացնել որպես դատարանում կոռուպցիայի առկայություն: Դատարաններն էլ «շառից-փորձանքից հեռու» լինելու համար իրենք սկսեցին առանձին դեպքերում դատախազների պահանջած պատժից էլ խիստ պատիժներ կիրառել: Արդյունքում, մեր քրեական օրենսգրքի փիլիսոփայությունը խախտվեց, որում պատիժ նշանակելը նախատեսված է մեղմից դեպի խիստ, այսինքն եթե չկան ծանրացնող հանգամանքներ, պետք է մեղմ պատիժը նշանակվի, այն դեպքում, երբ այժմ հակառակ երևույթի հետ գործ ունենք: Եվ սա այն պայմաններում, երբ բացակայում են արդարացման դատավճիռները, այսինքն անմեղ մարդիկ էլ են դատապարտվում: Արդյունքում ի հայտ են գալիս դատավորների այնպիսի անկեղծացումներ, ինչպիսիք են. «այժմ արդարացման դատավճիռ կայացնելը կործանարար է դատավորի համար» և որպես հետևանք. դատարանների նկատմամբ վստահության ահագնացող ու կործանարար ճգնաժամ:
2. Դատավորներին դատախազության, հարկայինի, մաքսայինի և այլնի «շառից-փորձանքից հեռու» պահելու համար վճռաբեկ դատարանն էլ իր քայլերը կյանքի կոչեց, առաջին հերթին քրեական գործերով, այժմ նաև փորձվում է վարչական ու քաղաքացիական գործերով, որի էությունը հետևյալն է. ցանկացած դատավոր, որի մոտ կա շատ թե քիչ նշանակալի գործ, պետք է գործը թևի տակ գնա վճռաբեկ դատարան, այդտեղի դատավորի հետ քննարկի և դաբրո ստանալուց հետո նոր լուծում տա:
Սա ամենավտանգավորն է: Բանը նրանում է, որ անկախության սկզբունքով արդարադատություն իրականացնելուն կոչված դատավորները դադարում են այդպիսին լինելուց, նրանք կորցնում են ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը, երբ մեկն ասում է թե ինչ պետք է անել, էլ պետք չէ մտածել, քո փոխարեն մտածում են և գնում է լճացում ու կրկին առաջ գալիս ապօրինություն ու անվստահություն:
Նման պրակտիկան շարունակվելու դեպքում մենք պարզապես կկորցնենք դատական համակարգը, որպես անկախ դատավորների կողմից ինքնուրույնաբար իրական արդարադատություն իրակիանացնող մարմին:
Կարծում եմ, քրեական գործերով արդեն կորցրել ենք, իսկ քաղաքացիական ու վարչական գործերով դրա եզրին ենք: Դաբրոյով «արդարադատություն» իրականացնելը տեսանելի է ու կործանարար: Ահա թե ինչից է պետք հրաժարվել, ահա թե որտեղ է մարում հույսի լույսը:
Այժմ երկու փաստ ու կես կատակ, բայց շատ լուրջ մի հարց.
1-ին փաստ. Դատարանները պետական բյուջեից ամեն տարի ավելի քան 9 միլիարդ դրամ են ստանում.
2-րդ փաստ. դատարաններն ամեն տարի քննելով ավելի քան 3000 քրեական գործ կայացնում են ընդամենը 5-10 արդարացման դատավճիռ, իսկ մնացած գործերով վերահաստատում են դատախազության հաստատած մեղադրական եզրակացությունը.
Հարց - արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ միայն մեղադրական եզրակացություն վերահաստատող դատարան: Ավելի ճիշտ չի՞ լինի հրաժարվել քրեական գործեր քննող դատարաններից ու դատավորներից, իսկ բյուջեի տնտեսված միջոցները հատկացնել բանակին, կրթությանը, մշակույթին, սոցիալապես խոցելի այլ խավերին:
Այս հարցն առաջին հերթին ուղղված է քրեական գործեր քննող դատավորներին և հատկապես վճռաբեկ դատարանին, միգուցե հարցի պատասխանի շուրջ մտորումը նրանց կսթափեցնի և վերջապես կգիտակցեն, որ իրենց կոչումն է արդարադատություն իրականացնելը, որն առանց արդարացումների այդպիսին չէ:
Փաստաբանների պալատի նախագահ պարոն Ռ. Սահակյանին առաջարկում եմ այս հարցը տեղադրել պալատի կայքում: Կայքից օգտվողների կարծիքը հետաքրքրական է:
Հ.Գ.
Հուսով եմ, վարչական ու քաղաքացիական գործեր քննող դատաները կփորձեն դիմակայել վճռաբեկի «շառից-փորձանքից հեռու» նախաձեռնությանը և մի օր էլ ստիպված չեմ լինի նույն հարցը այդ դատարանների կապակցությամբ տալ:
Բեռնել
Վերադառնալ